Զբաղվածություն

Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի

Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի

Ինձ համար գոյություն ունի երեք ռեժիմ՝ ամենազբաղված օրեր, երբ՝

ա. մեկից ավելի պարապմունք եմ ունենում,
բ. սովորական դպրոցական օրեր, երբ պարապմունք չեմ ունենում,
գ. հանգստյան օրեր, երբ փորձում եմ վայելել օրս:

Երևի զարմացաք այս բաժանումից, բայց հիմա կբացատրեմ: Սկսեմ կեսօրից, որպեսզի ձեզ ավելի հասկանալի լինի:

Տարբերակ Ա

Դասերը վերջանում են 15.30-ին, և ես դասընկերուհիներիս հետ զրույցի բռնվելով՝ հասնում եմ մայրիկի աշխատավայր: Ճանապարհին, ինչպես միշտ, հետևյալ հարցերն ենք քննարկվում.

-Էսօր քանի՞ դաս ունենք…
-Ա՜հ, գործնական ունենք գրելու…
-Բայց էսօր կենսաբի դասը հետաքրքիր էր…

Ու… Զրույցն ավարտվում է մեր բաժանման կետում, երբ գնում ենք տարբեր ուղղություններով:

Մտնելով մայրիկիս աշխատասենյակ, վերցնում եմ ինձ հասանելիք գումարը՝ այն գումարը, որով պետք է ինչ որ բան ուտեի` երկու պարապմունքի դիմանալու համար: Մտածում եմ… Կես ժամ ազատ եմ ու որոշում եմ զբաղվել այդ գործով… Հետո բատիկայի համար կտոր կգնեմ, էսքիզ կմտածեմ, հետո էլ գերմաներենի բառատետրը կկրկնեմ: Բայց, ինչպես միշտ, ժամանակը չի հերիքում, և ես շտապում եմ գերմաներենի պարապմունքի: Առաջին պարապմունքը վերջացնելուց հետո շնչակտուր հասնում եմ երկրորդին, որովհետև արդեն ուշացել էի: Դա բատիկայի ժամն է, որը շատ եմ սիրում : Բատիկան հանգստացնում է նյարդերս, և կարծես ազատվում եմ լարվածությունից: Այդ ժամին լսում եմ իմ սիրած երաժշտությունը և նկարում փափուկ կտորի վրա:

Դե, ի՞նչ… Նայում եմ ժամացույցին` 6 անց կես է, և ես ընկերուհուս` Նանեի հետ բարձրանում եմ տուն: Քայլելով տուն եմ հասնում 30 րոպեում:

Վերջապես հասնում եմ տուն՝ անշարժ պառկում եմ այնքան ժամանակ, մինչև լսում եմ.

-Սոֆյա՛, վեր կաց լվացվիր, փոխվիր, նստիր հաց ուտելու:

-Սոֆյա՛, քեզ հեռախոսով կանչում են:

-Գնա՛ կենդանիներին կերակրի՛ր՝ մեղք են, հետո էլ նստի՛ր դասերիդ, ժամը 7-ն ա:

Ես գնում եմ շանը, կատուներին կերակրելու, հետո հաց եմ ուտում, դասացուցակս եմ աչքի անցկացնում ու սկսում եմ դարակս փորփրել ՝ պետքական գրքերը գտնելու համար: Սովորում եմ, վերջացնում, նայում ժամացույցին` արդեն 10-ն է լինում: Ստիպված անցնում եմ պարապմունքներիս՝ գերմաներեն, անգլերեն, երկրաչափություն… Դրանք էլ`մի կերպ սովորելուց հետո պառկում եմ ու հանկարծ…

-Ա՜հ, էլի մոռացա… Ծառատունկի նկարը, քիմիայի պատի թերթը, աշակերտական խորհրդի ծաղիկը, 17.am-ի նյութը…

Բայց արդեն գիշերվա մեկն է , իսկ ես պետք է արթնանամ 8-ին` այս ձայնից.

-Սոֆյ՜ա, հազար անգամ ասացի, արդեն 8 անց քսան դարձավ, վե՛ր կաց:

Ես արթնանում եմ այն համոզմունքով, որ պետք է 5 րոպե ուշացումով դասարան մտնեմ ու տեսնեմ քիմիայի ուսուցչուհու տարօրինակ հայացքը, որից հետո դասը պատմեմ ու պատասխանեմ նրա հարցերին:

Տարբերակ Բ

Երբ պարապմունքներ չեմ ունենում, այսինքն, սովորական դպրոցական օրերին, գալիս եմ տուն, դաս սովորում, լրացուցիչ բաներով զբաղվում (նյութ գրում, նկարում, երգ բեռնում, շանս հետ ֆուտբոլ եմ խաղում) ու երեկոյան անպայման ֆիլմ եմ դիտում:

Տարբերակ Գ

Հանգստյան օրերին էլ `առավոտյան 9 անց կես, քնաթաթախ իջնում եմ անգլերենի պարապմունքի (պատկերացնո՞ւմ եք, ես շաբաթվա ոչ մի օր չեմ կարողանում լիարժեք քնել): Հետո կամավորականներից մեկի հետ պարապում եմ անգլերենի բանաստեղծության մրցույթի համար: Վերջացնելուց հետո, ընկերուհուս` Նոնայի հետ դուրս եմ գալիս զբոսնելու ու ֆոտոներ եմ անում: Վերջում` 17. 00-ին գնում եմ երկրաչափության պարապմունքի: Ինչպես միշտ տուն եմ վերադառնում երեկոյան ժամը 7-ին:

Սա էլ իմ զբաղվածության մասին: Ճիշտ է, ծանրաբեռնված եմ, բայց ես սիրում եմ ինչ-որ բան անել: Եվ նույնիսկ ազատ պահերին փորձում եմ մի հետաքրքիր բան մտածել: