Lilia Apresyan

«Զենքն իմը չէ, երեխաներն են իմը»

Հարցազրույց Վահան գյուղի մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Առուշանյանի հետ, ով գյուղում ուսուցչություն է անում «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում՝ 5-րդ և 7-րդ դասարանցիներին: Նաև գյուղի ԻՄՓԱՔԹ ակումբի լիդեր է:

 -Ինչպե՞ս տեղեկացաք ծրագրի մասին, և ինչպե՞ս ծնվեց մասնակցելու գաղափարը:

-Այդ ժամանակ բնակվում էի Երևանում և նեղացած էի ամբողջ աշխարհից, մարդկանցից, նույնիսկ՝ հարազատ: Մտածում էի, որ ոչ մի բան չեմ արել, ոչ մի լավ բանի չեմ հասել, ես ինձ անպետք էի զգում: Հենց այդ ժամանակ էր, երբ համացանցում կարդացի «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասին: Հասկացա, որ սա իմ շանսն է՝ որևէ լավ բան անելու:

-Իսկ ինչպե՞ս էիք պատկերացնում որևէ լավ բան անելը:

-Երկու տարբերակ կար. առաջին՝ անցնել ընդդիմադիր ակտիվիստների շարքերը, որոնց ջանքերը ողջունում եմ, երկրորդ՝ անցնել պետական աշխատանքի, որը հիմա այնքան էլ չի ստացվում: Եվ հիմա կա ոսկե միջինը:

-Գիտեմ, որ ապրիլյան դեպքերն էլ են իրենց ազդեցությունն ունեցել Ձեր որոշման վրա: Կպատմե՞ք դրա մասին: 

-Այդ ժամանակ արդեն «Դասավանդի՛ր…»-ի մասնակից էի և մտածում էի. «Աշխատել հանուն հայրենիքի և, որ ամենակարևորն է, աշխատել այնպիսի մարդկանց հետ, որոնց տեսլականը նույնն է՝ հանուն հայրենիքի, հանուն երեխաների, հանուն ապագայի: Այդ օրերին գրեթե գրանցվել էի կամավոր, ընկերս ասաց, որ գրիչով ավելի շատ կուժեղացնեմ մեր սահմանները: Եվ նա ճիշտ էր. զենքն իմը չէ, երեխաներն են իմը:

-Այ նշեցիք, որ երեխաներն են ձերը: Ի՞նչ է Ձեզ տալիս երեխաների հետ շփումը:

-Դա իմ աշխարհն է, չեմ ուզում շատ կիսվել իմ աշխարհով, բայց մի բան կասեմ՝ իսկական երջանկությունը երեխաներն են, նրանց մեջ է մաքրությունը: Մնացած բոլոր բաները՝ փող, ոսկի, սուտ է:

-Ակտիվորեն մասնակցում եք դպրոցական առօրյային, ԻՄՓԱՔԹ ակումբի լիդեր եք, նաև հեռակա սովորում եք Գյումրու պետական մանկավարժական համալսարանում: Ինչպե՞ս եք այս ամենը համատեղում:

-Համատեղում եմ, քանի որ անում եմ սիրով: Իսկ համալսարանը մեր հանդեպ փոքր-ինչ հանդուրժող է:

-Դժվար չէ՞ գյուղի առօրյան, չե՞ն առաջանում խնդիրներ:

-Համարում եմ, որ դժվարությունները կոփում են մարդկանց: Դժվարությունները պետք են, իհարկե՝ ոչ միշտ, բայց ժամանակ առ ժամանակ մարդ պետք է առերեսվի դժվարությունների հետ, այլապես թուլանում է:

-Իսկ պատկերացնո՞ւմ եք Ձեր ամբողջ կյանքը գյուղում:

-Դժվարանում եմ պատասխանել: Միգուցե՝ ոչ հիմա: Քանի դեռ երիտասարդ եմ, ուզում եմ ավելի շատ շրջիկ կյանք վարել: Իսկ հետագայում միգուցե ընտրեմ ավելի հանգիստ կյանք:

-Եվս մեկ ուսումնական տարի այստեղ եք լինելու: Հնարավո՞ր է՝ դրանից հետո կրկին մասնակցեք ծրագրին:

-Ծրագրին երկրորդ անգամ չեմ կարող մասնակցել, բայց ես միշտ շարունակելու եմ մնալ երեխաներիս կողքին և թակելու եմ յուրաքանչյուր դուռ մեր այսօրվա խնդիրները՝ երեխաների հետ կապված, բարձրաձայնելու և լուծումներ գտնելու համար: