qnarik mxitaryan (aragacotn)

Զինվորի քույր եմ

Սրտի թրթիռով էի սպասում  այն պահին, թե երբ եմ ոտք դնելու այդ հողի վրա: Պատկերացնում էի, որ դա հպարտությամբ ու վեհությամբ է լցնելու հոգիս, սակայն հասնելով Արցախ, ոտք դնելով այդ հողի վրա՝ մեջս ամեն բան սառեց, դարձավ միապաղաղ:

Երբ նայում ես չորսբոլորդ, ամեն բան զարմացնում և հիացնում է, աչքի առջև հայտնվում են տեսարաններ, որոնք ասես հեքիաթից լինեն: Բայց հեքիաթը վերջանում է այնտեղ, որտեղ սթափվում, հիշում ես՝ ուր ես գնում և ինչի համար: Ուր էի գնում՝ ես էլ չգիտեի, տեղանքին անծանոթ էի, միայն գիտեի այն, որ գնում եմ հանուն մի նպատակի. տեսնելու, թե ինչպես է զինվոր եղբայրս երդվում հայրենիքը պահել ամուր և անձնազոհ լինել հանուն դրա: Հպարտությունը խեղդում էր ինձ. չէ՞ որ զինվորի քույր եմ… Ճիշտն ասած, սկզբում վախենում էի, մտածում էի սահմանի, կրակոցների մասին, սակայն հասնելով զորամաս՝ տեսա եղբորս, որը մեկ ամսում իսկական տղամարդ էր դարձել, ու մոռացա ամեն վախ. աշխարհն իմն էր: Երջանիկ էի, եղբորս կողքից այն կողմ չէի գնում, չէի ուզում կորցնել րոպես ու ժամս, որ հատկացրել էին մեզ նրա կողքին լինելու համար: Սրտիս հատկացրել էին ժամ՝ բաբախելու համար: Այդ ժամերն այնքան արագ անցան, որ պահն էր նրան զորամաս տանելու: Կարծես նորից սրտիցս մի մասնիկ հանեին ու տանեին ինձանից: Երբ եղբորս հարցրի՝ ինչպես է անցնում ծառայությունը, ասաց.

-Ամեն բան լավ ա, հարմարվում եմ, մենակ կարոտին չեմ դիմանում:

Եղբայրս քայլում էր առաջ, որ մտնի զորամաս, բայց չէր կարողանում, գալիս էր հետ ու ամուր գրկում ինձ ու մորս, և այդպես մի քանի անգամ: Ինձնից շատ նկարներ էր ուզել, տարել էի: Ծածկեց ու դրեց գրպանում. երևի այդպես կարոտն էր ուզում առնել:

Հետդարձին միապաղաղությունը կրկնվեց: Սիրտս, հպարտությունս թողեցի Արցախում ու վերադարձա տուն: