Զորամասերում

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Ինչպես նշել էի նախորդ հոդվածում՝ ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» զորագնդի կազմավորման 25-ամյակի առիթով այցելություն էր կազմակերպվել Արցախ։ Այցելությունը կազմակերպել էր «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ն, ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ աջակցությամբ սեպտեմբերի 28-30-ին, Ասկերան- Գանձասար-Չլդրան-Դադիվանք ուղղություններով: Մասնակցում էին ոչ միայն արծիվ մահապարտներ, այլև կազմակերպության համակիրներ՝ պատերազմի բովով անցած ազատամարտիկներից մինչև երիտասարդ ու պատանի հայրենասերներ։

Ես, որպես պատանի լրագրող, տեղավորվեցի այն ավտոբուսում, որտեղ իմ հասակակիցներն էին: Եվ քանի որ այցելությունը երեք օրով էր, գիշերելու համար մեզ տեղ էր հատկացվել ՊԲ Ասկերանում տեղակայված զորամասերից մեկում։

Ստացվում էր՝ ինչ-որ չափով պետք է ապրեինք այն պայմաններում, որոնցում ապրում են մեր զինվորները։ Սկզբում թվում էր թեթև ու հետաքրքիր արկած է լինելու, բայց տեղ հասնելուն պես հասկացա, որ իրականությունը բոլորովին այլ էր:
-Տեսախցիկն անջատեք, էստեղ նկարահանել չի կարելի,- ակամա զգաստացա, և միանգամից գիտակցեցի՝ այստեղ ամեն ինչ զինվորական կարգ ու կանոնով է։

Դե ինչ, մնում էր ծանոթանալ բոլորիս համար ընդհանուր որոշ կանոնների: Որպես լրագրող՝ ինձ շատ էին հետաքրքրում գաղտնիությանը վերաբերող կանոնները, քանի որ զորամասում դրանց պահպանումը շատ կարևոր է՝ բացասական հետևանքներից խուսափելու համար։
Զորանոց մտանք գիշերը: Առաջինը, որ ուշադրությունս գրավեց, ննջարաններում առանձնացված մահճակալներն էին, և դրանց վրա խոնարհված ծաղիկները:

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Կարելի էր ենթադրել, թե ինչ խորհուրդ ունեին դրանք, բայց այդ խորհրդի մասին ներկայացրեց նաև մեզ դիմավորած սպաներից մեկը.
-Զոհված ազատամարտիկների և զինվորների անկողիններն են, որ պահպանում ենք սրբորեն։ Մենք երբեք չենք մոռանա նրանց: Նրանք միշտ իրենց տեղն ունեն մեր կողքին։ Այ, օրինակ, այն մեկն իմ զինվորի անկողինն էր, մի հրաշալի երիտասարդ էր, զոհվեց ականի պայթյունից…

Քնելու ժամանակն էր կամ մտորելու, քանզի ասում են՝ զինվորական անկողնում սկսում ես շատ բաների մասին մտածել։ Մտածում էի, թե քանի զինվորի է դիմավորել ու ճանապարհել այս մահճակալը, ի՞նչ են նրանք մտածել այստեղ պառկած, ի՞նչ են երազել, և քանի՜սն են դեռ գալու, այդ թվում և ես, ու ինչ պիտի մտածեմ կամ երազեմ ես, ո՞վ գիտե:
Առավոտյան արդեն հաջորդ բացահայտումը մեզ սպասում էր ճաշարանում. զինվորական նախաճաշն էինք համտեսելու։ Դե, իհարկե, ինչպես ասում են՝ մամայի եփածն ուրիշ է, բայց այստեղ էլ վատ չեն կերակրում։

Նախաճաշից հետո տղերքը նորից անցնում են իրենց ծառայությանը՝ ըստ օրակարգի, սակայն վերջինս այս անգամ մի փոքր փոփոխված էր։ Զորամասում «Արմինա» պարային ստուդիայի (տնօրեն՝ Արմինե Ալեքսանյան, պարուսույց՝ Անի Գալստյան) համույթը համերգային հանդիպում պետք է անցկացներ։

Ի դեպ, սա «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ի աջակցությամբ այս համույթի հերթական համերգային այցն էր ՊԲ զորամասեր, որին մասնակցում էին համույթի Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի և Շիրակի մարզի Արևշատ գյուղի սանուհիները և երգիչ Հովհաննես Ղուկասյանը։

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Նրանք իրենց հետ բերել էին նաև Նոր Գեղիի միջնակարգ դպրոցի աշակերտների նամակները, որոնց հասցեատերը հայ զինվորն էր՝ անկախ անունից կամ կոչումից։ Նամակները բաժանեցին զինվորներին, նրանցից ոմանք հենց տեղում սկսեցին կարդալ, ոմանք մինչև միջոցառման ավարտն ամուր պահել էին ձեռքերում։ Կարծում եմ՝ սա շատ հետաքրքիր և թանկ անակնկալ էր, քանզի ես գուշակում եմ, թե ինչ էր գրված այդ նամակներից յուրաքանչյուրում:

Զինվորներն ուրախ էին, մեկ-երկու ժամով կտրվել էին ծառայողական հոգսերից ու վայելում էին գեղեցիկ կատարումները, հետո իրենք էլ միացան՝ երգում ու պարում էին:

Հանդիպումներ կայացան ՊԲ երկու զորամասերում։ Երկուսում էլ հայրենապաշտպան զինվորի երդումին հավատարիմ ծառայության համար «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ի կողմից մի խումբ զինվորներ պարգևատրվեցին պատվոգրերով և շնորհակալագրերով:

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Զինվորների ժպտացող դեմքերը հուշում էին, որ կազմակերպված միջոցառումները յուրովի հետաքրքիր էին դարձրել զինվորական ծառայության այդ օրը։
Մահապարտներն էլ իրենց հերթին ոգևորող-ուսուցանող պատմություններ էին պատմում՝ յուրաքանչյուր զինվորի իրենց որդին համարելով, խրատներ ու խորհուրդներ տալով, և, իհարկե, չէին մոռանում հիշեցնել՝ մենք ձեր կողքին ենք։ Իսկ զինվորների փայլող աչքերից երևում էր, որ այդ ամենն իրոք ոգևորում է նրանց։

Մեր զինվորներն էլ իրենց ծառայողական կյանքի հետ կապված կարճ ու կոնկրետ պատասխան ունեին.
-Ամեն ինչ կարգին է:

Երանի էլ երբեք զինվորական ննջարաններում չավելանան այն՝ հիշատակի մահճակալները: