Anna Sargsyan ashtarak

Զրույց տարածությունից դուրս

Գիտեմ, հիմա ծառայակից ընկերներիդ հետ Նոր տարին ես նշում, ուրախանում ես անշուշտ, բայց դեմքիդ ժպիտը լիարժեք չի: Մեզ մոտ յոթ հարյուր կիլոմետր է բաժանում։ Ինչ ասես կտայի, որ կողքիս լինեիր ու ժամացույցի զանգերին զուգահեռ առաջին գրկախառնությունս քեզ հետ լիներ։ Ինձնից հեռու՜ եղիր, բայց թող միտքդ խաղաղվի ու անկե՜ղծ ժպտա, սեղանի կողքին տեղդ մտովի բաց ենք թողել։ Քո սիրած աղցաններն են, թխվածքները ու լիքը կոնֆետ, բայց առանց քեզ կուլ չեն գնում, կարոտի պես կանգնում են կոկորդիս։ Գուցե մտքով ինձ հետ ես, ու դա է պատճառը, որ կենացիդ մեջ հոգոց եմ լսում, բայց չտխրես, ինչպես ես եմ փորձում (խոսք եմ տվել): Եթե երբևէ ինչ-որ ձայն կրակոցների նմանեցնես, թող որ պարզես` հրավառություն է,  ինչպես որ հիմա իմ շուրջն է` տարբեր տներից, հրապարակից։ Գիտեմ, գրածս չես կարդում, փոխարենը զինակիցներիդ շնորհավորանքներն են չորս կողմից, բայց մտքով տանն ես, կողքիս նստած կոնֆետներից լավագույնն ենք ընտրում` մա՛մ, մի հատ էլ ու վերջ։ Վաղը «Տանը մենակ»-ը կնայենք մի ոգևորությամբ, ասես առաջին անգամն է, մի քիչ էլ հեռախոսների մեջ կմտնենք, կկարոտենք, հետո կգրկենք իրար։ Կյանքիս տասնվեց տարիները բավարար չեղան քեզ այնքան արժևորելու համար, ինչքան որ արժևորեցի հրաժեշտի պահին. հինգ ամիս առաջ էր։ Տունը առանց քեզ դատարկ է, դռանը երկար նայում եմ ու սպասում, որ պիտի այդ դռնից ներս մտնես, քո կապույտ աչքերով նայես ինձ, մի ուրախ բան պատմես օրվանիցդ, լիաթոք ծիծաղեմ ու ես էլ մի չստացված հումոր անեմ։ Երազանքների գիրկն ընկա: Գիշերվա ժամը երեքն է, գլուխդ շատ չցավեցնեմ, առանց այն էլ լարված օրդ չծանրաբեռնեմ։ Բայց ուզում եմ մի բան հստակ իմանաս` ես քեզ շնորհակալ եմ ամենի համար, որ արել ու չես արել, գոյությանդ, տվածդ խորհուրդների ու խաղաղ գիշերներիս համար։ Ու չտխրե՛ս, ժպտա՜, անկե՜ղծ ժպտա, սեղանի կողքին տեղդ մտովի բաց ենք թողել…