marat sirunyan

Էդ ո՞նց եկավ-անցավ. մաս 2

Իրական զրույցների հիման վրա:

-Բարի օ՜ր, Աղո՛ւն մորքուր, ո՞նց ես։

-Աստծու բարին, Սաքո ջան, ոչինչ, էսպես՝ օրվա հետ։

-Բա էս ի՞նչ բանի ես։

-Հնդուշկեքիս հետ, Սաքո ջան, սրանք հոգիս հանեցին, հա՜… Փիս եմ սովորացրել. կերը սարքում, լցնում էի դեմները, ուտում, իրենց քեֆին պառկում էին։ Հիմի հանում եմ դուրս, թե՝ մի խոտ, մի քար, մի էս, մի էն ուտեն, ալարում են, որ իրար գան. չեն արածում։ Երեխի պես, է՜, որ վայ-վույ անելով բամբակի մեջ պահում ես, հեշտին են սովորում: Հիմի սրանք են: Ազատություն էլ եմ տվել, էլի ձեռիս են նայում: Բա իմացա՞ր՝ ինչ եղավ։

-Ի՞նչ։

-Աղջկաս պսակեցի։

-Ո՞նց թե… Ա՛յ Աղուն մորքո՞ւր, էս ի՞նչ ես ասում. ունեցածդ մի աղջիկը հիսունն անց կին, թոռ-երեխով, ի՞նչ պսակել։
-Հա՜, հա: Այ, էդպես երեխո՜վ-թոռով էլ հարսանիք արեցին ու պսակվեցին: Է՜հ, Սաքո ջան, է՜ն վախտով հնարավորություն չկար, հիմա մարդիկ տեղը հանեցին էլի: Եկեղեցով, կարգով հարսանիք արեցին. ոսկի էր, թե արծաթ՝ չգիտե՜մ: Բա՜, ծիծաղում ես, հիմա ի՜նչ ասես՝ կա, էն վախտերում ո՞վ էդպես բան կպատկերացներ։ Է՜, նենց եկան-անցան էդ ժամանակները, չիմացանք էլ՝ լա՞վն էին, վա՞տն էին։ Բայց հիմա լավ ա, թող ուրախանան ջահելները. աշխարհ մեռնել կա:

Վա՜յ, տղե՛ք ջան, կամաց եք, է՜, սրանց ակի տակով չտաք, սաղ չարչարանքս ջուրը լցվի։ Մուրազի վրա եմ. աղջկաս եմ օժիտ տալու: Էս երեխեքն էլ հո ամբողջ օրն ստեղ են, առավոտից-իրիկուն հեծանիվով էս կողմ, էն կողմ: Կծիծաղես, բա՜…

-Բա ի՞նչ անեն, Աղո՛ւն մորքուր: Գնան սար, խոտ քաղեն, տրակտորը սարում մոռանան, գիշերով ոտով տուն գան, հա՞:

-Վա՜յ, Սաքո, Սաքո: Համա թե օրեր էին, է՜… Բայց խեղճ բիձեն քանի օր գնաց եկավ, մինչև էդ տրակտորը սարքեց, սարից բերեց տուն։ Իրա հեծանիվն էլ կա, է՜, հա՜յ՝ տունը դրած։

-Հա՜, խեղճի հոգին շատ էինք հանում։ Բա էդ հեծանիվը հիմա գոնե քշող կա՞։

-Է՜հ, տղեքն ամենքը մի ավտո ունեն, էլ քշողն ո՞վ ա, ե՞ս։

-Բա ինչի՞ չես ծախում։

-Է՜, Սաքո ջան, յարա չի սաղցնի:

-Բա պահում ես ի՞նչ. մեկ էլ տեսար՝ Ապո բիձեն հե՞տ գա։

-Հա՜, բա՜: Էն լավ տեղը թողած՝ ո՞ւր կգա: Մնում ա՝ ես քարը փեշիցս թափեմ, ճամփա ընկնեմ էն աշխարհը՝ իրա մոտ։

-Բա ի՞նչ գիտես՝ լավ տեղ ա, էդ հո ինքը չեկա՞վ ասեց։

-Բա հենց էդ ա՝ չեկավ, է՜: Ասում ա՝ մեկին հարցնում են՝ էն աշխարհը լա՞վ տեղ ա, թե՞ չէ, ասում ա՝ որ լավը չեղներ, էդքան գնում են, մեկը հետ կգար, էլի: Ոչ չարչարվում են, ոչ մտածմունք ունեն, իրանց համար անդարդ, անցավ ապրում են էլի, բա լավ չի, ի՞նչ ա:

-Գալն էս ա, Աղուն մորքուր, էս մեր՝ իրանց հիշելով են հետ գալի։

-Հա՜, Սաքո ջան, էդ ա, որ կա: Բայց, դե, էդպես գալ-գնալ կլնի՞…