Astghik Hunanyan vayots dzor

Էլի սեզոնը եկա՞վ

Ամեն անգամ, երբ նայում եմ աճող մրգերին ու հատապտուղներին, աչքիս առաջ է գալիս նրանց ապագան՝ մայրիկի կողմից համեղ կոմպոտ դառնալու դժվար, բայց հետաքրքիր գործընթացը…

Լավ, կատակեցի, դրա մեջ ոչ մի հետաքրքրություն էլ չկա: Ինչևէ, դա նշանակում է, որ ամառ է:

Առավոտյան շատ շուտ արթնանալ, լվանալ տարաները՝ 1 լիտրանոց, 2 լիտրանոց, 3 լիտրանոց, մաքրել, կեղևազրկել, կտրատել մրգերը, ժամերով նստել կրակի կողքին ու հետևել, թե ինչպես են մեծ կաթսայի մեջ իրար բախվում ջրի ու շաքարի մոլեկուլները, թե ինչպես են պղպջակները անսպասելի բարձրանում արդեն պատրաստ շաքարաջրի մակերևույթ ու անսպասելի էլ պայթում, հետո կտրտած մրգերը սիրուն տեղավորել տարաների մեջ, դե, բնականաբար, մի քանի հատն էլ՝ ստամոքսում, ու կամաց-կամաց նրանց վրա ավելացնել տաքությունից թշշացող շաքարաջուրը, «զակատ» անել տարաներն ու ու շարել նկուղի դարակներին, մինչև ձմեռ…

Ինչ ինձ հիշում եմ, ամեն տարի ամռանն ու աշնանը մայրիկն այս գործողություններն է կրկնում՝ նույն հերթականությամբ, ու ինչքան էլ զարմանալի է՝ մեծ սիրով: Կարծում եմ, կռահեցիք, թե ինչ ճակատագրի են արժանանալու սովորական մրգերը՝ ամենասովորական շաքարաջրում: Ամեն տարի, երբ աճում են մրգերն ու հատապտուղները (եթե իհարկե, կարկուտը չի կործանում նրանց ապագան), մայրիկը վերցնում է նույն դույլերը, և իհարկե, իր օգնականին՝ եղբորս, ով իր հերթին վերցնում է իրենից կրկնապատիկ անգամ բարձր սանդուղքը, և ուղևորվում են այգի՝ պապիկի մշակած պտուղները քաղելու: Դե անկեղծ ասած, փոքր ժամանակ ես էլ էի գնում նրանց հետ, ես էլ էի մագլցում ծառն ու ագահորեն պոկում մրգերը, օգնում էի տարաները փրփրաջրել ու պարզաջրել, մինչ մայրիկս կտրատում էր մրգերը՝ դեղձը, տանձը ու խնձորը, բալը, սերկևիլը և, իհարկե ծիրանը, ա՜խ ծիրանը… Միրգ, որը արդեն քանի տարի է, հալածվում է կարկուտի կողմից, շատ քչերն են փրկվում (դե ո՞վ է գժվել ծիրանի կոմպոտ պատրաստել, երբ անգամ համը տեսնելու համար չկա): Դե լավ, ինչևէ, ու՞ր հասանք…

Տերևներից առանձնացնում էր հատապտուղները՝ հոնը, կարմիր ու սև հաղարջը (որոնցից միշտ թթվաշ կոմպոտ է ստացվում, ինչքան էլ շաքար ավելացնենք), մոշը, ազնվամորին:

Դա մի ժամանակ էր, երբ ես քնելու հետ սեր չունեի: Հիմա ես ուղղակի ուշ եմ արթնանում, երբ արդեն գործի կեսն արված է լինում, և ինձ վրա մնում է էլ ավելի բարդ ու պատասխանատու գործ՝ աշխատողներին սուրճ մատուցելը: Դե, ըստ մայրիկի, ամեն իրեն հարգող տնային տնտեսուհի պետք է տիրապետի սուրճ եփելու արվեստին: Ես էլ պակաս չեմ տիրապետում, ուղղակի մի խնդիր կա. ընկնում եմ մտքերով ու մոռանում, որ սուրճ կա դրված գազօջախին: Դե արի ու արագ հիշիր, թե քաղցր սուրճն ում պետք է տաս, կամ որ բաժակի մեջ է լցված, դառը՝ որ: Արագ հասցրու մայրիկին, տատիկին ու հարևանուհիներին, ովքեր սիրում են օգնել իրար կոմպոտ եփելու հարցում ու օգնելու ժամանակ էլ մի լավ բամբասել: Իսկ հետո արագ վազիր խոհանոց ու սրբիր գազօջախը, որ ոչ ոք չնկատի, որ անփութություն ես արել:

Դե լավ, էլի ինչևէ, շեղվեցի… Այդ ամենից սփոփվելու մի միջոց կա. ուղղակի պետք է հիշել, որ ցուրտ ձմեռը, բացի ջրից, նաև խմելու ես օգտակար ու տնական հյութ՝ կոմպոտ, ուտելու նրա հյութեղ «հատիկները»: