aneta baghdasaryan

Էլի

Էլի մթով գնում եմ տուն, էլի նստում եմ 10 կամ 9 համարի տրոլեյբուսը (այսօր չեմ հիշում, թե որ մեկն էր), քանի որ ալարում եմ մեկ կանգառ քայլել, այդ մեկ րոպեի ընթացքում հասցնում եմ տաքանալ տրոլեյբուսում ու նորից դեմքով բախվել սառը օդին, որն այդքան հաճելի է, հատկապես, երբ հազիվ ես քեզ պահում, որ կանգնած չքնես: Մի կերպ ինձ գցում եմ տուն ու հանելով բաճկոնն ու կոշիկներս, պառկում հատակին: Պառկում եմ ճաշասենյակի չոր հատակին, պառկում, որ մեջքիս ցավը թեթևանա: Իրոք օգնում է, խորհուրդ եմ տալիս:

Երբ կես տարի առաջ քսանս լրացավ, առաջին հարցը, որ հնչեց, «Դե՞, ի՞նչ զգացողություններ կան»: Այդ պահին, դե իհարկե, ոչ մի արտասովոր զգացողություն էլ չկար, 20 տարեկան է էլի, 19-ի ու 18-ի պես: Անունս դեռ Անետա էր, մի ն-ով, մի տ-ով, հասակս` 1,75, ոտքիս չափսը` 38:

Հետաքրքիրն այն է, որ երբ տարիքս հարցնում են, ճիշտ պատասխան հնչեցնելուց առաջ ուղեղս մի քանի վայրկյան կախում է, ցանկանալով ասել 18: 18, 19 թե՞ 20: Ի՞նչ տարբերություն, եթե միևնույնն է, այս տարի էլ ես կորցնելու Compréhension orale-ի գիրքը, իսկ սեղանիդ վրա ինչ ասես կա, բացի ինձ այս պահին հարկավոր հենց այն միակ սիրուն գրող գրչից, կամ էլ ամեն առավոտ տանջվում ես կյանքիդ ամենակարևոր այլընտրանքից` հասցնել նախաճաշե՞լ, թե՞ սիրուն արդուկած բլուզով գնալ դասի: Այն պահին, երբ ձեռքդ տանում ես գրպանդ, որ հանես կամ 50 կամ 100 դրամ, ու սխալմամբ 50-ը տալիս ես ավտոբուսի վարորդին, ով գլխովդ է տալիս այդ 50-ը, հանում ես 100-ը` նույնն է անում, մտքումդ ասում ես. «Դե լավ էլի, մի քիչ ուշադիր է պետք լինել»: Հասկանում ես, որ չես էլ մեծացել, երբ նույն ֆիլմը 1000-րդ անգամը նայելիս, միևնույնն է, լացում կամ լիաթոք ծիծաղում ես, չնայած անգիր գիտես դրա յուրաքանչյուր կադրը:

Ու բոլոր օրերդ սկսվում ու ավարտվում են ուսանողականիդ «ծընգոցով», որին այնքան ես սովորել, որ երբ հասնում ես շենքիդ, տան կոդը հավաքելու փոխարեն հանում ես քարտդ, որ ճտտացնես: Շնչակտուր բարձրանալով երեք հարկ, մի կերպ քեզ գցում ես տուն, հանում բաճկոնն ու կոշիկներն ու պառկում հատակին, որովհետև մեջքդ ցավում է: