Mariam barseghyan

Էլ «Մարիո» չեմ խաղալու…

-Տատ, դե ես գնացի,- վերցնելով գլխարկս դուրս եկա տանից:
Դուրս գալով շենքից ես սկսեցի քայլել դեպի կանգառ: Այս ու այն կողմ էի նայում. մայթերը լիքն էին աշխատանքի և դասի շտապող մարդկանցով: Ասացի` մայթերը լիքն էի՞ն: Չէ հա, ի՞նչ լիքը: Լիքը կլիներ, եթե երկու դասընկերներ դպրոց գնալու ճանապարհին իրար հետ զրուցեին, ոչ թե ականջակալներով երգ լսեին, լիքը կլիներ, եթե մեկը մյուսին նկատեր և ֆեյսբուքի նամակները խորասուզված կարդալով չտրորեր կանգնած մարդու ոտքերը: Լիքը կլիներ, եթե այդ կանգնած մարդն էլ մի րոպեով կտրվեր իր հեռախոսից և ետ քաշվեր: Սրան ես արդեն սովորել եմ:
Ամեն առավոտ դասի գնալիս իմ աչքի առջև բացվում է նույն սև և սպիտակ «օնլայն» տեսարանը: Մի պահ ինձ սկսում եմ զգալ «Մարիո» վիդեոխաղի մեջ: Կարծես թե իմ նպատակն է` շրջանցել զոմբիացած մարդկանց և հասնել մինչև կանգառ: Կանգառից հետո, երբ նստում եմ հասարակական տրանսպորտ, սկսվում է երկրորդ փուլը, որտեղ իմ նպատակն է վայր չընկնել և պատահական չկպնել ինչ-որ մեկի հեռախոսին ու այն վայր չգցել: Դե, մինչև կանգնած հասնում եմ ուսումնարան, վերածվում եմ օնլայն շախմատի ձիու, և հաջողությամբ ավարտելով այդ փուլը, տեղափոխվում եմ երրորդ փուլ:
Երրորդ փուլը ամենադժվարն է: Այստեղ պետք է կարողանաս պոկել ընկերներիդ համացանցից, և ինքդ չընկնես համացանցի փոսի մեջ: Պետք է կարողանաս սպանել քո մեջ ֆեյսբուք մտնելու ցանկությունը: Ինչ մեղքս թաքցնեմ, ես այս փուլը դեռ չեմ անցել: Հասնում եմ ամենավերջին քայլին և այստեղ լսում եմ հեռախոսի ծնգծնգոցը և, իհարկե, վերցնում այն և մտնում ֆեյսբուք` նամակին պատասխանելու համար:
Հաջորդ օրը սկսում եմ առաջին փուլից: Բայց ոչինչ, ես այս կախվածությունից կձեռբազատվեմ, և շրջապատս էլ կազատվի, և մենք բոլորս էլ միասին, ռեալ կյանքով ապրելու ցանկությամբ, կհասնենք խաղի վերջին և չենք հանդիպի «Game over» բառերին, քանի որ ռեալ կյանքում «Մարիո» չեն խաղում: