vahan chobanyan

Էն հացը

Փոքր էի։ Չեմ էլ հիշում քանի տարեկան էի, բայց մանկության թեժ տարիներն էին։ Եթե որոշում էինք կորչել, մեզ գտնելու համար պիտի ողջ գյուղը ոտքի տակ տային, որ գտնեին, հետո էլ պիտի համոզեին, որ գնանք հաց ուտենք, թե չէ չենք մեծանա։ Արդարության համար նշեմ, որ հաց ուտելը իմ ֆիզիկական աճին ոչ մի կերպ չնպաստեց. ես խաբվել եմ։

Հաց ուտում էինք այն տանը, ուր առաջինն էինք հասնում։ Այդ խորհրդավոր ընթրիքներից մեկն էլ այսօրվա թեման է։

Գյուղում հիմնականում հացը թխում էին թոնիրում կամ փռում։ Հաց թխելը սովորական երևույթ էր, բայց մեր տատերի թեթև ձեռքով դարձել էր ավանդույթ-տոնակատարություն։

Մենք, ավելի կոնկրետ տատս, հացը թխում էր թոնիրում, մինչև որ եկավ այն չարաբաստիկ օրը, երբ ես ճաշեցի մեր հարևան Լ*** տոտայանց տանը։ Գնացի տուն ու սկսվեց իմ ու տնեցիների բանավեճը.

- Էն հացից եմ ուզում։

- Որ՞ հացից,- հարցրեց տատս։

- Լ***յանց տան հացից։

Չնայած ինձ բացատրեցին, որ «էն հացը» փռի հաց ա, ու մենք չունենք փուռ, ես հետ չկանգնեցի իմ ցանկությունից։ Առաջին հաջողությունն այն էր, որ տատս համաձայնվեց հաջորդ անգամ հացը թխել փռում։ Դա էդքան էլ հեշտ չէր, պետք էր «հասնել» փռին։ Փուռը բավականին հեռու էր,բայց հասանք։ Երկրորդ հաջողությունը, որն անսպասելի էր ու նշանակալի-շոշափելի, պապիս որոշումն էր.

- Րեխի հմա փուռ տեմ սարքի, որ փռի հաց ուտի։

Անսպասելի էր, որովհետև պապս, մեղմ ասած, փափուկկող չի։ Ինչևէ, սկսեցինք սարքել։ Իմ «կլուչ» տանել-բերելը համադրեցինք պապիս հնարավորությունների հետ ու երկու օր հետո մենք էլ փուռ ունեցանք։ Թոնիրի դարաշրջանը ծածկվեց տախտակներով, իսկ քիչ ավելի ուշ` քանդվեց։ Թոնիրի ավանդույթները փոխանցվեցին փռին, ու բոլորս սկսեցինք փռի հաց ուտել։

Տարիներն անցան։ Որքան շատ սկսեցի բացակայել տանից ու կտրվել փռի հացից, այնքան արժեվորվեց պայքարս։ Ցավոք,տարիներ կանցնեն ու թոնիրի նման փռի դարաշրջանն էլ կփակվի կամ կքանդվի։