jemmapetrosyan

Էս էլ վերջացավ

-Պապի, բարև, էս ի՞նչ ես անում:

-Հեչ, բալա ջան, խոտերն եմ մաքրում։

-Հա, բայց ինչի՞: Կչորանա, համ էլ կփտի, էլ ինչի՞ ես քեզ տանջում։

-Է՜, բալա ջան, որ ասեմ՝ անելու բան չկա. կհավատա՞ս:

-Դե, գիտեմ, սովորությանդ համաձայն մի բան կգտնես, բայց ցրտել ա արդեն, արի գնանք տուն, կմրսես։

-Չէ, դու գնա՝ չմրսես։ Հեսա էս էլ անեմ ու կգամ։

-Դե, սպասեմ՝ վերջացրու, իրար հետ կգնանք, համ էլ քեզ ընկեր կլինեմ։

-Դե, եթե չես մրսի, մնա: Ի՞նչ ասեմ:

-Պապ, հիմա էս, որ մաքրում ես, մեկ ա, գարունն էլ ես մաքրում: Էլ ինչի՞ ես քեզ տանջում:

-Հլը մի հատ ասա՝ ձմեռ:

-Ձմեռ, է, հետո՞ ինչ:

-Հետո էն, որ ինչ կա-չկա, ձյան տակ ա:

Գիտեի, թե ինչ պիտի ասեր պապիս, բայց ուզում էի ևս մեկ անգամ իմանալ, քանի որ հազվադեպ է լինում, երբ զրուցում ենք իրար հետ, ոչ մեկս ժամանակ չի գտնում։

-Դե սկսվավ պարապ գործերի մինիստրությունը։ Փեչ, չայ ու երևի հնդկական սերիալ։

Դե երևի հասկանում եք, որ պապս գործ չունենալու պատճառով պետք է միշտ նստեր վառարանի կողքին, իր սովորության համաձայն տաք թեյի բաժակը ձեռքին ու դիտեր հեռուստացույց։

-Հա, ի՞նչ վատա։ Կհանգստանաս, էլի։ Համ էլ դու չէի՞ր ասում, որ մեջքդ ցավում ա: Էնքան գործես անում էս այգում, որ արդեն մեջքի ցավից ես բողոքում։

-Չէ, ըտենց չի։ Իմ մեջքը նոր ա սկսել ցավել, այսինքն, արդեն անելու բան չկա։

-Հը՜մ, մոռացել էի, որ եթե քո ինչ-որ մի տեղը ցավում ա, ուրեմն անելու բան չկա։ Բա հիմա քեզ համար ի՞նչ գործ գտնեմ, որ չհիվանդանաս, ու քեզ համար անտանելի էս երեք-չորս ամիսը շուտ անցնի։

Կատակի տալով, մի փոքր ցրվեցինք։ Այնուհետև օգնելով պապիս, արագ ավարտեցինք գործը, գնացինք տուն, մի-մի բաժակ տաք թեյ խմեցինք ու անցանք մեր մշտական գործերին. ես՝ դաս, պապս՝ հեռուստացույց դիտելուն։