mariam tonoyan

Էս ի՞նչ սերունդ ա մեծանում

Տիգրանի բանակի քեֆից հետո տունը լռության էր մատնվել։ Ոչ թե այն պատճառով, որ զինվորին ճանապարհելուց բոլորը տխուր էին ու խոսելու տրամադրություն չունեին, այլ որպեսզի էլ ավելի չզայրացնեն սենյակում փակված, խենթանալու աստիճան բարկացած Տիգրանին։ Դեռ նախորդ օրը տան բաց պատուհաններից պարերգերի ու հարբած ամբոխի ուրախ կանչեր էին լսվում, իսկ այսօր՝ նրա մերթ ընդ մերթ ուժգնացող աղաղակները.

-Խայտառակությո՜ւն է…

Շուտով կարծես թե զայրույթն անցավ, ու սեղանի վրա մատների նյարդային կտկտոցները դադարեցին։ Ասես տան ճնշող լռությունը դռան անցքից սողոսկեց նրա սենյակ ու իշխեց աղմուկի վրա։

Տատը, որ չնայած իր տարիքին, բավականին աշխույժ կին էր ու տանը տեղի ունեցող ամեն իրադարձության մեջ գլխավոր գործող անձն էր, համառեց ու որոշեց ներս մտնել և, օգտվելով նրա հանդարտությունից, մի երկու բառով «խելքի բերել» տղային։ Բայց դուռը բացելուն պես անբնական քրքիջով սկսեց.

-Խելա՛ռ անտեր, էս ո՞ւր ա ծլկել։ Չլինի՞ զոռով տալու ա իրան բանակ տանել։

Սենյակի պատուհանը բաց էր, վարագույրը սրտի պես թրթռալով մեկ փքվում, մեկ ներս էր ընկնում միջանցիկ քամուց։ Սովորության համաձայն՝ Տիգրանը պատուհանը որպես դուռ էր օգտագործել։

-Չէ հա՜, դրան չգիտե՞ս,- կողքի սենյակից ձայն տվեց հայրը,- իրան առյուծի տեղ ա դնում, մռնչոցը կապում գեղով մեկ, հետո կնգա նման փախնում գետի մոտ,  անճարությունից ջրի մեջ քարեր ա շաղ տալի…

-Է՜, հերիք ա տղուս ոսկորները լվանաս,- արմունկի մի թեթև հարվածով ամուսնուն լռեցնելով՝ մեջ ընկավ կինը,- գնա, խոսա հետը, տուն բեր։

Մի սաստող հայացքով կնոջը հասկացնելով, թե ով է այնտեղ գլխավորը, նա, այնուամենայնիվ, հագավ կոշիկներն ու դանդաղաքայլ գնաց դեպի գետը։ Չէր սխալվել, Տիգրանն այնտեղ էր, միայն թե գետի մեջ քարեր նետելու փոխարեն մի փայտի կտորով մոլեգնորեն հողի մեջ անցք էր անում։

-Այ տղա՜,- հեռվից ձայն տվեց հայրը՝ քայլերն արագացնելով,- ասում են՝ նեղվել ես, հա՞, որ հետ են դարձրել վայենկոմատից։ Տո խելքիդ ձուն գա՜, առանց փող, առանց ծանոթ բանակից ազատվել ես, քեֆ անելու փոխարեն հո՞ղ ես փորում։

-Հա՛,- վրդովված արձագանքեց տղան,- փորում եմ, որ խայտառակությունս մեջը թաղեմ։

-Խայտառակությո՜ւն, մարդը բարձր արժեքների տեր ա, բա ո՜նց, մենք էլ նվաստ ենք, հա՞, որ չենք ծառայել։

-Կոլոտ Արտուշին, որ զենքից կարճ ա, տարա՛ն,- ասաց Տիգրանը ու փայտի կտորը գետը նետելուց հետո շարունակեց,- Շուռիկ Վալոդիկին, որ դեմը կանգնած մարդուն չի տենում, տարա՛ն։ Ժորայի կուզիկ տղուն տարա՛ն, Վովայի քրոջ տղու սրտի խնդիրը աչքաթող արին, տարա՛ն, իմ մի խալը, որ հազար տարի ինձ նեղություն չի տվել, սարքին ուռուցքածին ու չտարա՜ն։ Հեսա գեղում սկսելու են խոսալ, որ Տիկոն հիվանդոտ ա, դու էլ գլուխդ կախ ման գաս։

-Տիկո ջան, բալա ջան, ոչ մեկը ոչ մի բան չի ասի։ Բանակից ազատվելը մեր ազգի մեջ ժառանգական ա։ Պապդ Հայրենականի ժամանակ կրակել ա իր ոտին, որ տուն ուղարկեն։ Ես գժի թուղթ հանեցի, հորեղբորդ վրա միլիոններ ծախսինք, ազատինք․․․ Մեր մեջ հայրենասեր չկա, դու էդ ի՞նչ թազա ձևերի հետև ես ընկե։

Տիգրանը հոր խոսքերից ավելի էր հունից դուրս գալիս։

-Է՜, ես պատրաստ էի, ախր… Ախր, մենակ էդ զինվորի շորերը հագնելով տղեն իրան լիարժեք ուժեղ ա զգում։ Հասկանում ա, որ եթե ինքը վախկոտի նման զենքի հետևն էլ թաքնվի, մեկ ա՝ իրան որպես զինվոր հարգելու են, որովհետև զինվորը արժեք ա։ Զինվոր լինելը հպարտություն ա, պատիվ, հույս, պայքար… Իսկ ես ո՞ւմ համար եմ պայքարել։

Որդու խոսքերը չլսելու տված հոր աչքով ընկավ, թե ինչպես է վերջինս սկսել քարեր նետել ջուրը։ Ինքնագոհ ժպտաց, որ լավ է ճանաչում տղային ու վրա բերեց.

-Մորդ մասին մտածի։ Երկու տարի աչքը ճամփիդ ա մնալու։ Բանակ գնացողների պակաս չկա, որ դու չգնաս, բանակը հերոս չի կորցնի։

-Բա Անի՞ն,- ոտքի կանգնեց Տիգրանը։

-Անի՞ն, մեր հարևա՞ն, Կամոյի աղջի՞կ։ Է, հա, Անին` ի՞նչ։

-Անի՛ն հերոս կկորցնի, Անի՛ն պաշտպան ու հույս, հպարտանալու առարկա չի ունենա… Անիին չեն տա չծառայած տղայի, Անիին հիվանդ տղերքը սազական չեն։

Պապ, կամավոր եմ գրվելու։ Հանուն Անիի, հանուն էն մի կտոր հողի, որի վրա Անին ա կանգնում, գնալու եմ կռիվ անեմ, տանեն բանակ, եթե չէ՝ կամավոր եմ գրվում։

Հայրը պլշած աչքերով նայում էր որդուն։

-Այ… Այ, ռոմանտիկ շան լակոտ,- բարկությամբ սկսեց կմկմալ հայրը,- կա՛ց։

Տիգրանը, թախծոտ ժպտալով, վեր էր կացել, որ գնա.

-Քեֆն արել ենք, թող իզուր չլինի։ Երկու տարի ա, կդիմանաք, բա մի խալն արժի՞, որ ամոթով մնանք։ Թե գերդաստանս էլ չների, որ ավանդույթ եմ խախտել, ոչինչ, Անին կների բոլորի փոխարեն։

Տիգրանը խենթի նման ուրախ ժպտաց, համբուրեց հոր ճակատը ու վազեց գաղափարն իրագործելու։

Հայրը մի քանի քայլ հետևեց նրան.

-Կա՛ց, ես քո…,- ապա ուժասպառ շունչ քաշեց, թինկը տվեց մոտակա ծառերից մեկին ու մռթմռթաց,- Էս ի՞նչ սերունդ ա մեծանում։ Սրանց ձեռը մե՛նք չենք դիմանում, թուրքը էլ ո՞ւր դիմանա…