Էս ի՞նչ սերունդ է

Շատ եք լսել չէ՞. «Էս ի՞նչ սերունդ է», կամ՝ «Բա մեր ժամանակ սենց է՞ր»։

Էս ի՞նչ սերունդ է:

Էս էն սերունդն է, որ զարգացնում է կրթությունն ու գիտությունն էս երկրում ու միաժամանակ, պատրաստ է դասադուլ անել հանուն երկրի ներկան կայունացնելու ու ապագան բարեփոխելու։

Էս էն սերունդն է, որ կարող է ֆեյսբուքյան մի գրառումով խաղաղ բողոքի ցույց սկսել։

Էս էն սերունդն է, որն ապացուցեց, որ ժողովրդի ձայնը կարող է լսելի դառնալ, որ հարյուր հազարավոր մարդիկ կարող են մի շնչով արտահայտություն վանկարկել։

Էս սերունդը վախ չունի, ախր։ Աշխատանքը կորցնելուց, կրթական հաստատությունից դուրս մնալուց, քննադատվելուց չվախեցող է։

Էս սերունդը մեր երկրի անկախության տարիքին է, կամ դրանից ավելի փոքր, և ուզում է իր վանկարկումներում ասվող ազատ, արդար Հայաստանը տեսնել։

Էս սերնդի հանրահավաքները «Բիթլզ»-ով են սկսվում ու Նեմրայով վերջանում։

Էս սերնդի ցուցարարները ոստիկանների հետ լավաշ են կիսում ու քոչարի պարելով փողոց փակում։

Էս սերունդը սիրում է վարչապետի ժողովրդականը, հեղափոխության՝ անարյունն ու ոստիկանի՝ ժպտացողը։