jemmapetrosyan

Էս խնձորն էլ ստեղ

-Ալլո, Ջե՞մ:

-Հա, Ժեն, ասա, զանգե՞լ էիր:

-Հա։ Կգա՞ս՝ գնանք մեր ներքևի բոստանը. համ միրգ կուտենք, համ էլ խնձոր կհավաքենք:

-Սպասի՝ մամային հարցնեմ, եթե թողեց, ես քեզ կզանգեմ։

-Լավ, դե արագացրու։

Առավոտյան ժամը տասն անց էր, երբ ընկերուհիներիցս մեկը, ինձ արթնացնելով, փորձեց համոզել, որ իր հետ իրենց հողամասը գնամ։ Սկզբից ես ու ինքն էինք։ Մեզ հետ վերցրինք չորս արկղ և գնացինք։ Գիտե՞ք, այդ «ներքևի բոստան» գնացող ճանապարհով անցել ենք նաև «Մանանայի» թիմի հետ, ֆոտոներ ենք արել:

Երբ տեղ հասանք, ընկերուհուս մոտ գլուխ էի գովում, թե՝ աչքդ չես հասցնի բացել, ու ես ծառ բարձրանալով՝ կլցնեմ 4 արկղերը։ Այդ ժամանակ նա լուռ լսում էր՝ ինձ հետ համաձայնելով, բայց երբ ճանապարհին հանդիպեցինք Ժենիկ տատիկին՝ սպասելիքներն անհետացան։

-Երեխե՛ք։

-Ասա, տատ։

-Մանրերը չքաղեք։

-Եղավ, տատ ջան։ Բա դու չե՞ս գալու։

-Ետ կամ՝ Սամսոնից նառդիվան վերցիմ ու գամ։

-Դե, մեր հետ արի, կզանգեմ պապային, կասեմ՝ կբերի։

-Չյե։ Համ էլ մի բաժակ «կոֆե» կխմեմ։

Հը՜մ, հիմա արդեն հասկացանք, թե ինչ աստիճանի մասին էր խոսքը, բայց ամեն դեպքում՝ շատ աշխատող տատիկին չի խանգարի մի բաժակ սուրճը։

Հասանք տեղ, ու մի քիչ միրգ ուտելուց հետո որոշեցինք արագ գործի անցնել, քանի դեռ Ժենիկ տատին չէր եկել ու մեզ չէր նախատել։

-Հը՞ն, Ջեմ, կբարձրանա՞ս ծառը:

-Ո՞վ, ե՞ս։

-Հա, դու, թե՞ դու չէիր, որ խոսում էիր։ Ասում էիր՝ կբարձրանամ ու արագ-արագ կհավաքեմ։

-Չէ, փոշմանեցի։ Ավելի լավ ա՝ ես քեզ ներքևից օգնեմ։ Դու բարձրացի, ես էլ ստեղից կհավաքեմ, համ էլ, որ ամանը տաս՝ դատարկեմ։

Ճիշտ է՝ ես սիրում եմ ծառ բարձրանալ, իմ ձեռքով քաղել, բայց սա այդ դեպքերից չէր. մանր ճյուղերը շատ էին, վախեցա։ Մինչև օգնեցի Ժենին ծառ բարձրանալ, նորից հայտնվեց Ժենիկ տատիկը.

-Մանրերը չքաղեք։

-Լավ:

-Այ Ժենիկ տատի, «կոֆեդ» խմեցի՞ր։ Բա «նառդիվանը» ո՞ւր ա:

-Հա, խմեցի, չկա, իրենք գործ ունեին։

Հիմա համոզվեցի, որ Ժենիկ տատին գնացել էր սուրճ խմելու։ Ամեն քայլից հետո կրկնում էր՝ մանրերը չքաղեք։ Մի փոքր ավելի ուշ, երբ դեռ մի արկղ խնձոր էինք հավաքել, մեզ միացան նաև ընկերուհուս ծնողները, որոնք, բոլոր գյուղացիների նման, դաշտից էին եկել ու դեռ մեկ գործը չվերջացրած՝ անցան մեկ ուրիշ գործի։ Սկսեցինք հինգ հոգով արագ-արագ հավաքել, որպեսզի հասցնեն շուկա տանել։ Մոտ երկու ժամ հավաքելով՝ ես ընդհանրապես չհոգնեցի, քանի որ Ժենիկ տատը մեզ հետ էր՝ իր հրամաններով ու, միևնույն ժամանակ, արկածային ու հետաքրքիր խոսքով։

-Ըհըն, իս խնձյորն էլ՝ ստեղ,- ասաց տատը՝ ձեռքը մեկնելով իր ձեռքով խոզերի համար հավաքած խնձորներին։