«Էվրիկա»` իմ դպրոցը

Հարցազրույց Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր Արմեն Ծատուրյանի հետ

ՀՀ կառավարության որոշմամբ 2001 թվականի օգոստոսի 29-ին Վանաձորում բացվեց մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ գիշերօթիկ դպրոցը (4 դասարանով), որը հետագայում (2003թ.) ձեռք բերեց հատուկ դպրոցի կարգավիճակ:

Դպրոցում գործում է 10 դասարան՝ 190 աշակերտով: Դպրոցն իր տեսակի մեջ առաջինն է ու միակը Լոռու մարզում, որտեղ խորացված ուսուցանվում են մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն,

քիմիա առարկաները: Դպրոցի աշակերտները հանրապետական տարբեր օլիմպիադաներում ունեցել են ակնառու և նշանակալից հաջողություններ: Ընդհանուր առմամբ, նրանք ստացել են 420 մրցանակ՝ 51՝ 1-ին, 84` 2-րդ, 123` 3-րդ կարգի դիպլոմ, 162՝ գովասանագիր:

- Ե՞րբ և ու՞մ կողմից հիմնադրվեց դպրոցը:

- Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը, որի ոչ պաշտոնական անվանումն է «Էվրիկա», հիմնադրվել է 2001թ. օգոստոսի 29-ին ՀՀ կառավարության կողմից: Դպրոցը նպատակ ունի անցկացնել խորացված ուսուցում մաթեմատիկայից և բնագիտական առարկաներից՝ ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն:

- Ինչո՞վ է տարբերվում «Էվրիկան» մնացած դպրոցներից:

- Տարբերվում է նրանով, որ հատուկ դպրոցի կարգավիճակ ունի, և կատարվում է խորացված ուսուցում վերոնշյալ առարկաներից: Դա նշանակում է, որ այդ առարկաների ժամաքանակն ավելի շատ է, և անց են կացվում դասապատրաստումներ, գործում են խմբակներ:

- Հիմնականում ո՞ր առարկաներից եք մասնակցում օլիմպիադաների:

- Մասնակցում ենք մաթեմատիկայի և բնագիտական առարկաների տարբեր  օլիմպիադաների՝ միջվարժարանայինից մինչև միջազգային: Արդեն մասնակցել ենք 11 միջազգային օլիմպիադաների՝ Վիետնամում, Կորեայում, Ուզբեկստանում, Ռուսաստանում, Անգլիայում, Ուկրաինայում, Խորվաթիայում, Արգենտինայում և այլ երկրներում:

- Հիմնականում ո՞ր առարկաներից եք ունենում հաջողություններ:

- Բոլոր բնագիտական առարկաներից ունենում ենք հաջողություններ, սակայն գերակշռում է քիմիան, որից հետո՝ մաթեմատիկան:

- Իսկ մոտ ապագայում կա՞ն օլիմպիադաներ, որտեղ Դուք ունեք Ձեր ներկայացուցիչները:

- Առաջիկայում հանրապետական օլիմպիադայի մարզային փուլն
է: Դպրոցում շուտով կսկսվի ներդպրոցական փուլը: Փետրվարին մասնակցելու ենք նաև Մոսկվայի տնտեսագիտական բարձրագույն դպրոցում անցկացվող օլիմպիադայի, որին մասնակցողները հանգստանում են ամառային ճամբարում, իսկ հաղթողները սովորում են այդ դպրոցում:

- Ի՞նչ հիմնախնդիրներ ունի դպրոցը:

- Մեր դպրոցի ամենամեծ հիմնախնդիրը տարածքի հարցն է: Դպրոցը՝ լինելով առաջնակարգ, այդ հաջողություններին հասնում է շատ սուղ աշխատանքային պայմաններում: Դպրոցը չունի քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներ, ֆիզկուլտուրայի մարզադահլիճ: Այսօր շատ կարևոր է ժամանակակից, ընդարձակ և տեխնիկապես հագեցած շենքի կառուցումը:

- Ի՞նչ կցանկանայիք փոխել դպրոցում:

- Կարծում եմ, որ այսպիսի դպրոցների ուսումնական ծրագրերում պետք է ավելի շատ դասաժամեր հատկացնել բնագիտական առարկաներին, ինչպես նաև օտար լեզուներին, քանի որ մեր աշակերտները սովորում են նաև աշխարհի տարբեր երկրներում:

2007թ. դպրոցն ընդգրկվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում անցկացվող ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցող հանրապետության ուսումնական հաստատությունների ցանկում՝ հաշվի առնելով դպրոցական առարկայական օլիմպիադաներում աշակերտների հաջողությունները: