Էտյուդներ

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Պատկերացնո՞ւմ ես, մի 5 օր միայն նույն տեղում էինք եղել։ Չես հիշի։ Հոգ չէ։ Չէ՞ որ դա 3 տարի առաջ էր։ Եթե նույնիսկ տեսել եմ քեզ այն ժամանակ, չես տպավորվել, ու նույնը եղավ նաև այս անգամ։ Բայց ոչ այն օրը։ Չէ, չեմ ասելու, թե հենց որ օրը։ Չէ՞ որ շատ հաճախ մենք պիտի լռենք, որպեսզի դիմացինը փորձի դա հիշել։ Հետաքրքիր է։ Ինչպե՞ս կարող եմ նամակներ գրել, բայց և չուղարկել։ Ինչպե՞ս կարող եմ քեզ դարձնել պատմվածքիս հերոսը, իսկ դու չնկատես դա։ Գուցե պատճառն այն է, որ չես էլ կարդում էջումս հաճախ տեղ գտած պատմվածքներս։ Ի՞նչ կարիք կա կարդալու մեկի գրածները, երբ նա քեզ համար ոչ մի արժեք չի ներկայացնում։ Երբ մի 2 ամիս առաջ դու լրիվ ուրիշ հայացքով էիր նայում այդ աղջկան։ Իսկ հիմա՞։ Դե լավ, ինչ եմ խորացնում, հրապուրանք էր, անցավ ու գնաց։ Տեսնես այս պահին, կամ օրվա որևէ պահի մտածո՞ւմ ես դու իմ մասին։ Հետաքրքիր է, թե ինչպես էինք մենք ուղիղ 4 ամիս առաջ այս ժամին խոսում, իսկ հիմա, երկուսս էլ ցանցում լինելով, լռում ենք։ Հրապուրանք էր, որ անցավ, գնաց։

***

Ամեն օրվա պես պարապմունքից հոգնած տուն եմ գալիս։ Քայլում եմ Երևանի ամենաաղմկոտ ու մարդաշատ փողոցներով։ Ինչպես միշտ, անբաժան ընկերներս՝ ականջակալներս ինձ հետ են։ Գերագույն հաճույք է, երբ լսում ես ամենասիրելի երգդ ու հետևում ես քաղաքի անցուդարձին։ Նայում եմ մարդկանց դեմքերին՝ փորձելով հասկանալ նրանց տրամադրությունը։ Մեծերից շատերի դեմքին տխրության հետքեր եմ նշմարում, երևի ինչ-որ բան կա, որ անհանգստացնում է նրանց։ Հետո նայում եմ մեզանից ընդամենը երկու-երեք տարով մեծ աղջիկներին ու տղաներին։ Շատերն իրենց սիրելիների ձեռքը բռնած քայլում են, ժպիտներն էլ շողում են դեմքերին։ Ասես իրենց սիրած էակի ձեռքը բռնելն այն ամենն է, ինչ իրենք ուզում են ամբողջ աշխարհից։ Ոչ սառը քամին է իրենց խանգարում, ոչ էլ այն փաստը, որ այսօր կիրակի է, ու վաղը մի նոր ու ծանր աշխատանքային շաբաթ կսկսվի։ Իրենք այս պահին երջանիկ են, ու դա է կարևորը։ Իսկ ե՞ս… Ես մտածում եմ՝ գուցե օրերից մի օր մենք էլ կքայլենք նույն փողոցներով, ու ինչպես հիմա ես եմ թաքուն հետևում բոլորին, այդպես էլ մի աղջիկ լուռ կքայլի ու կհետևի, թե ինչպես է մեր Երևանում սերն իշխում։