նարեկ բաբայան

Էլի նույն օրը սկսվեց․․․

Առավոտ, ժամը` 8։00: Էլի արթնանում եմ զարթուցիչի տհաճ ձայնից… Լավ, կատակեցի։ Իրականում այնքան խորն եմ քնում, որ զարթուցիչի ձայնն անգամ չեմ լսում։ Սովորաբար արթնանում եմ «Վե՛ր կաց, կուշանաս» խոսքերից կամ ոտնաթաթերիս շրջանում խուտուտ զգալով։ Առաջին հերթին գնում եմ բաղնիքին բարևելու։ Բարևվելուց հետո գնում եմ խոհանոց՝ նախաճաշելու։ Սեղանի մոտ նստած կիսաբաց աչքերով տեսնում եմ ինձ արդեն ծանոթ տեսարանը՝ դատարկ բաժակս, որը կարծես ինձ ասի. «Ես էլ քո պես մրսում եմ, արագ տաք թեյ լցրու իմ մեջ», ինձ ախորժալի հայացքով նայող խաշած ձուն, ի դեպ, չգիտես ինչու, միշտ, երբ ձուն շատ տաք է լինում, տաք է լինում նաև թեյի գույնը: Ատում եմ, երբ այդպես է լինում… Փորձում եմ լավաշ վերցնել, որպեսզի բրդուճ անեմ։  Եվ կարծես թե հատուկ ինձ համար, վերևի մասում արդեն չորացած հացերն են։ Այդպես քնաթաթախ փորձում եմ գտնել ավելի փափուկ հաց, և ամբողջ հացամանը տակն ու վրա եմ անում, ինչն ինձ վրա բարկանալու առիթ է դառնում։ Ճիշտն ասած, դրան էլ եմ արդեն սովոր։ Նախաճաշից հետո վերցնում եմ պայուսակս ու աստիճաններով իջնելիս անպայման նայում եմ դեպի խոհանոց։ Շատ եմ սիրում այն պահը, երբ տեսնում եմ խոհանոցը, և իջնելուս հետ մեկտեղ աչքերիս առաջ խոհանոցը փոխվում է առաջին հարկի հյուրասենյակի։ Առաջին հարկում մի բազմոց կա։ Այդ բազմոցը նույնպես շատ եմ սիրում, քանի որ կոշիկներս հագնելու ժամանակ նրա վրա մի քիչ ննջում եմ։ Տան դուռը բացելով շատ արագ զգում եմ այդ ցուրտ քամին, որն ուղիղ դեմքիս է փչում։ Այդ պահին ուզում եմ ետ վազել դեպի տաք անկողինս և պառկել, հասկանալով, որ քունս էլ չի տանի։ Մի խոսքով, դուրս եմ գալիս տանից և վազում հարևանությամբ ապրող ընկերոջս կանչելու։

-Հովո՜,-կարճ եմ կանչում, քանի որ ալարում եմ ամբողջ անունն ասել։

-Հովո՜,- կրկին պատասխան չկա։

-Արա, Հովո՛…

-Վա՜յ, ապեր, էս եկել ե՞ս, հեսա պայուսակս վերցնեմ ու գամ․․․

Քայլում ենք դեպի դպրոց։ Արդեն հասնում ենք մյուս ընկերոջս տուն։

-Երանի արդեն պատրաստ մեզ սպասելուց լինի:

-Բախտավար, թե էսքան շուտ հելած լինի…

Ես լուռ համաձայնելով շարունակեցի քայլել։ Հասանք ընկերոջս տուն։

-Ռո՜բ,- կրկին ալարեցի ամբողջ անունն ասել։

-Հաջաա՜ն։

-Հա ջան ու ջան, արագացրու՛։

-Էկա՜…

Երեքով քայլում ենք դեպի դպրոց: Ի դեպ, ինչքան շատ մարդու հետ ես քայլում, և ինչքան հաճելի է նրանց հետ զրուցելը, այնքան ավելի կարճ է թվում ճանապարհդ։ Եվ այդպես, արագ-արագ մենք անցանք այդ կարճ ճանապարհը՝ հասնելով դպրոց։

Դպրոցում, ինչպես միշտ, ամեն ինչ միապաղաղ էր: Էլի նույն մուննաթով պահակն ու հավաքարարները, որոնք բարևս չեն առնում: Էլի նույն աստիճանները, որոնց վիճակից ենթադրեցի, որ նրանք էլ ուրախ չէին ինձ տեսնել, բայց դե, ինչ արած։ Բարձրացանք մեր դասարան, էլի Կարենի շնորհիվ չմնացինք միջանցքում: Նա միշտ իր մոտ է պահում դասարանի երկրորդ բանալին։ Ներսում կրկին ամեն ինչ նույնը՝ մեզնից հոգնած գրատախտակը, ուսուցչի վերանորոգած սեղանը, (այո, մեր «շնորհալիները» դրան էլ են հասել), աթոռս, որը հոգնել էր սեղանի վրա հակառակ դիրքում կախված մնալուց և այլն․․․

Զանգը տվեց։ Առաջին ժամի 15-րդ րոպեն էր, երբ դռնից ուշացած մտան մեր հերոսները՝ իմ լավագույն ընկերները՝ Արտյոմը, Դավիթը, Դավիթը, Սարմենը։ Ի դեպ՝ Դավիթներից մեկին մենք Կոստո ենք անվանում, նրանց տարբերելու համար։ Թե ինչու Կոստո, հիմա կասեմ։ Պատասխանը շատ պարզ է, նրա ազգանունը Կոստանյան է։ Հենց նա էլ, իր վրա վերցրեց ուշանալու պատճառաբանություն հորինելու բարդ գործը։

-Ընկեր Իսրայելյան, կներեք էլի, ուղղակի ճանապարհները սառած էին,  գնացել էինք «զիմնի պագրիշկա» առնելու։

-Նստեք հա՞: Հավեսներդ չունեմ․․․

Դասերից հետո, միայն ուտելու մասին մտածելով ցրվեցինք տներով։ Հասա տուն։ Տան դուռը բացելուն պես լսեցի արդեն ծանոթ ձայնը․

-Նարե՞կ…

-Հա, մամ, ես եմ։

Այս կարճ զրույցն այնքան է կրկնվել, որ երբեմն դռնից մտած արդեն ասում եմ, որ ես եմ։ Արագ ճաշելուց հետո վազեցի իմ սիրելի համակարգչի մոտ և մտա վիրտուալ իրականություն։ Արդեն այդ իրականության խորքերն էի սուզվել, երբ լսեցի․․․

-Նարեկ, դա․․․

-Հեսա մամ, մի բան եմ անում, արագ վերջացնեմ ու անցնեմ դասերիս,- իրականում, ես էլ, մայրս էլ գիտենք, որ այդ մի բանը կարող է տևել մինչև ուշ գիշեր։ Վերջիվերջո, ես անցա դասերիս։ Դասերս վերջացնելուց հետո, ուրախ, զվարթ, ոչինչ չնկատելով վազում էի համակարգչիս գիրկը, երբ լսեցի․

-Դա, դը բոլի էլ էդ տները հարամես, գյինաս ես, խերդ տանջվելով մե կերպ շինե-շթլե, ընչե՞ս ուզել մե օրում սաղ ավըրես։

-Լավ, տատի, էլ չեմ անի։

Ես, արդեն մի քիչ դանդաղ, գնում էի դեպի համակարգիչս, երբ լսեցի այս «ողբերգական» խոսքերը։

-Նարեկ, տու ժամին ըշկացի՞ր ես, շոշոտ ընցար տեղերդ։

-Լավ, պապ, հեսա կոմպը անջատեմ` գնամ։

Իրականում, ինչքան էլ չուզեի քնել, շատ հոգնած էի և արջի պես ընկա անկողնուս վրա․․․

…-Վե՛ր կաց, կուշանաս։