Ընդհատված ճամփորդություն

Եթե դու դպրոցական ես, ինձ լավ կհասկանաս: Մենք` դպրոցականներս, չափազանց շատ ենք սիրում պլանավորել. դպրոց գնալուց մեկ ամիս առաջ արդեն պլանավորում ենք, թե ինչ ենք հագնելու առաջին օրը, պլանավորում, թե ինչով ենք զբաղվելու քսան տարի անց և այլն։ Այդպես մենք դասընկերներով արդեն գրեթե չորս տարի պլանավորում էինք, որ երբ ավարտենք միջին դպրոցը, պիտի կազմակերպենք ճանապարհորդություն դեպի Տաթև: Դա մեզ համար արդեն երազանք էր դարձել: Ընտանիքներով ամեն պահի էլ կարող էինք գնալ, բայց դասարանով տեղ գնալը միշտ էլ ուրիշ է եղել: Հետաքրքիր միջավայր, կատակներ, խաղեր ավտոբուսի մեջ, երբեմն բարձր երաժշտություն: Ամեն ինչ այնպես է, ինչպես պատանիներն են ուզում։

Եկավ ամառը, բայց մենք այդպես էլ չգնացինք: Ամեն ինչ մտքներովս անցել էր, բայց որ ինչ-որ անտեսանելի թագավարակը պատճառ դառնա մեր ճանապարհորդության տեղի չունենալուն, չէինք նախատեսել։

Նոր ուսումնական տարում կարծես թե մեր երազանքը կատարվում էր. արդեն նշանակված էր գնալու օրը, գնալու էինք Տաթև: Ուրախ էի հատկապես ես, որովհետև կրում էի այդ եկեղեցու անունը։ Եվ ահա մի պայծառ և արևոտ օր` առավոտը ժամը 6-ից, մենք ճանապարհ ընկանք։ Ճանապարհորդությունը սկսված էր: Մենք նույնիսկ չէինք հավատում, որ մեր երազանքն արդեն իրականանում է։ Եկավ զբոսավարը, որը մանրամասն ամեն ինչ պատմում էր ամենի մասին, ինչ երևում էր պատուհանից։ Նայում էինք ու մտածում. որքան գեղեցիկ է Հայաստանը ու որքան շատ բան կա տեսնելու այստեղ, որքան ցավեր է այն ունեցել իր դաժան պատմության ընթացքում ու որքան պայծառ և ժպտուն է մնացել այդ բոլոր փորձություններից հետո։

Առաջին կանգառը Եղեգնաձորում էր: Պիտի մի բան ուտեինք ինչ որ ճաշարանում, որովհետև ճանապարհը չափազանց երկար էր։ Դեռ չէինք հասցրել նստել, սկսեցին զանգել բոլորի հեռախոսները: Զանգահարում էին   ծնողները, հարազատները, հարևանները և նույնիսկ հեռու բարեկամները: Բոլորն ասում էին, թե վտանգավոր է և պետք է անպայման վերադառնանք տուն։ Չէինք հասկանում, թե ինչը կարող է վտանգավոր լինել մեզ համար մեր հարազատ երկրում: Չէ որ մենք սահմանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էինք: Պարզվեց, որ լուսադեմին սկսվել է պատերազմ Արցախում: Բոլորն ասում էին. «Եկեք գնանք տուն»։ Ու դա ոչ այն պատճառով, որ կրակում էին և վտանգավոր էր, այլ միայն այն, որ մենք չէինք կարող անհոգ ճանապարհորդել, ժպտալ, լուսանկարվել, երբ մեր հարազատները, եղբայրները, ոմանց որդիները, ոմանց հայրերը այդժամ սահմանին էին։

Մենք վերադառնում էինք, նայում էինք պատուհանից` սարեր, ձորեր, քարեր, եկեղեցիներ, լսում էինք հայրենիքի ձայնը, շնչում հարազատ բույրը։ Ես ակամայից հիշում էի ծանոթ խոսքերը. «Օ, հայրենիք. դառն ու անուշ»։ Այդ հայրենիքը նորից դառը փորձությունների մեջ էր, ու թվում էր, թե այդ փորձությունները անվերջ են:

Մենք սիրում ենք քեզ ուրիշ սիրով, Հայաստան: Այնպես, ինչպես ոչ ոք չի սիրում իր հայրենիքը: Առանց ճառեր ասելու, ուղղակի սիրում ենք, անկեղծ սիրում ենք, ու հիմա հատկապես ոչ ոք չի կասկածում  դրանում։ Զբոսավարը ասաց, որ այս անգամ շտապելուց մոռացել է բարի ճանապարհ ասել, ասաց, որ վաղը կավարտվի ամեն ինչ։ Մենք էլ վստահ էինք, որ վաղը ամեն ինչ ավարտվելու է։

Բայց ահա քսաներորդ օրը, ու այդ ընթացքում մենք կորցրինք մեր հարազատներին։ Մարդկանց, որոնց երեկ տեսել էինք, զրուցել, երգել նրանց հետ, վիճել, հաշտվել, ուղղակի սիրել նրանց, իսկ այսօր նրանք չկան։

Ընդհատվեց մեր ճանապարհը։ Ընդհատվեց և այդ երիտասարդների ճանապարհը. լուսավոր տղաների, որոնք ունեին մեծ երազանքներ, ընդհատվեցին նաև այդ երազանքները, ընդհատվեցին զոհվածների ընտանիքի անդամների, ծնողների, երեխաների կյանքը, բայց ընդամենը մի պահ: Նրանք հանուն կյանքը հայրենիքին տված հարազատների, պիտի շարունակեն ապրել, ապրել զոհվածների փոխարեն, դաստիարակել զոհվածների երեխաներին այնպես, որ նրանք դառնան իսկական հայ, իսկական հերոսի արժանի որդի, իսկական հայրենիքին արժանի մարդ, նրանք են հզորացնելու Հայաստանը։ Հուսահատվել պետք չէ. ուղղակի եկեք հավատանք, որ հաղթելու ենք։