goharpetrsoyanervn

Ընդունեք մեզ այնպիսին, ինչպիսին կանք

Այս աշխարհում երևի թե չկա մեկը, ում որևէ հարց չանհանգստացնի։ Բայց ինձ անհանգստացնում են մարդկանց ուղեղներում պտտվող հարցերը։

Կրկին ցանկանում եմ անդրադառնալ մի թեմայի, որը վերաբերում է Հայաստանում մի փոքր զանգվածի։ Նրանց համար (կցանկանամ այսուհետ ասել՝ մեր) այս ամենը ավանդական դարձած, քննարկման ոչ ենթակա, բայց ամենուր քննարկվող հարց է։ Կրկին ու կրկին կանդրադառնամ կորեամոլությանը… Հայ հասարակության մեծ մասի ուղեղներում պտտվում են հետևյալ հարցերը, որոնց պատասխանները նրանք լսել են հազար անգամ. «Ի՞նչ եք գտել կորեացիների մեջ», «Դրանք հիմա չինացի՞ են, թե՞ ճապոնացի», «Ո՞նց եք տարբերում դրանց», «Սա՜ղ միանման են», «Տղեն քսվի՞, մազ ներկի՞, դրանցից էլ ի՞նչ տղա, աղջիկն ա տենց բաներ անում»։

Նորից պատասխանեմ հարցերին։ Կորեացիների մեջ գտել ենք այն, ինչը չենք գտել շատ ու շատ ազգերի, մարդկանց մեջ։ Շատերիս այդ նույն կորեացիները տվել են նպատակներ, ապրելու և պայքարելու ուժ, լցրել մեր կյանքը գույներով՝ սևն ու սպիտակը նույնիսկ դարձնելով գույներ։ Իսկ այդ նպատակն էլ թեկուզ հենց Կորեա գնալն է։ Բոլորս էլ սառը ուղեղով դատում ենք դրա դժվարությունը. հեշտ չէ այնտեղ հասնելը, կամ էլ թե՝ սիրած արտիստին տեսնելը։ Հենց սա էլ գիտակցելով` մենք պայքարում ենք բարձր մակարդակների հասնելու համար, սովորում ենք ամենաբարդ լեզուներից մեկը՝ կորեերենը, կազմակերպում տարբեր միջոցառումներ՝ նրանց ուշադրությունը մեր և մեր երկրին ուղղելու համար։ Եվ սա ո՛չ հեշտ է, և ո՛չ էլ ի նշան տեղում անիմաստ դոփելու։ Մեր ամեն քայլի մեջ կա նպատակ, պայքար և սպասում։

Չինացի՞, ճապոնացի՞։ Մի՞թե բարդ է տարբերելը։ Եթե այս երկուսից որևէ մեկը լինեին՝ ինչո՞ւ նրանց կասեինք կորեացի։ Գուցե այս ժողովուրդները շատ նմանություններ և ընդհանուր գծեր ունեն, բայց գոնե կարելի է տարբերել անվանումները։

Նրանք միանման չեն. պետք է ուղղակի խորանալ նրանց առանձնահատուկ և տարբերվող դիմագծերի, տեսքի և բնույթի մեջ։ Նույնիսկ մի ծառի տերևներն են տարբերվում մեկը մյուսից, էլ ի՞նչ խոսք մի ողջ ժողովրդի մասին։

Ասում եք՝ աղջի՞կն է մենակ մազ ներկում ու քսվում… Իսկ ո՞վ է էդ չգրված «օրենքներին» կենդանություն տվել։ Եթե նույն ենթատեքստով ասենք, ուրեմն ես էլ կասեմ՝ մենակ եկեղեցականը չի սափրվում, մեծամասամբ սև հագուստ է կրում ու միշտ չի, որ ժպտալիս կտեսնեմ։ Հետևաբար, թրաշով, ոտքից գլուխ սև հագած ու միշտ դարդոտած դեմքով հայ տղաներին տեսնելիս պիտի ասեմ՝ օրհնեցե՛ք, տեր հայր։

Չգիտես՝ ինչու, միշտ համացանցում վիրավորանքները հասցեագրվում են կորեացիներին (մեծ մասամբ ֆեյսբուքյան խմբերում)։ Կարելի՞ է իմանալ՝ ի՞նչ են կորեացիները կամ էլ մենք՝ կորեամոլներս արել այդ մարդկանց։ Հարավային Կորեան ոչ մի վնաս չի տվել Հայաստանին՝ օգուտից բացի։ Վերջին ժամանակներս էլ երկու երկրների միջև հարաբերություններն ավելի են լավացել։ Իսկ ինչը վերաբերում է որոշ կորեամոլների ագրեսիվ պահվածքին, անտեղի ոչ ոք ագրեսիա չի ցուցաբերում։ Ուղղակի հարգեք հարգվելու համար։ Հասկանալ և ճիշտ ընկալել է պետք ամեն բան, այլ ոչ թե առանց հասկանալու անիմաստ վիրավորել ու պիտակավորել։
Եթե կորեացիներին սիրելով վնաս ենք հասցնում ձեզ, ապա կներեք մեզ, թող մեր թերությունն էլ ուղղակի սիրելը լինի։
Պարզապես ընդունեք մեզ այնպիսին, ինչպիսին կանք։