arxiv

Ընկերության մասին

Պատահական հանդիպում 

Մի անգամ մետրոյում կողքս նստեց մի աղջիկ և միանգամից հարցրեց.

-Անունդ ի՞նչ է:

-Սիրան,- շփոթված պատասխանեցի,- իսկ քո՞նը:

-Գայանե,- վստահ պատասխանեց նա:

Եվ մենք ընկերացանք:

Հետո մի ուրիշ անգամ մենք նորից հանդիպեցինք մետրոյում, և նա խնդրեց իմ հեռախոսահամարը: Ես տվեցի իմը և, վերցնելով նրանը, խոստացա զանգահարել: Ես, ճիշտ է, խոստացա, բայց առաջինը չզանգեցի: Սակայն մի օր չանցած` նա զանգահարեց: Ես, մոտենալով լսափողին, կրկին լսեցի Գայանեի վստահ ձայնը.

-Բարև, ո՞նց ես:

-Լավ, իսկ դո՞ւ:

-Լավ եմ,- պատասխանեց նա,- ուզում եմ հանդիպենք:

-Լավ, բայց որտե՞ղ,- հարցրեցի ես:

-Արի՛ գնանք Հաղթանակի զբոսայգի:

-Լավ: Ժամը հինգին այնտեղ կլինես:

Այդ հանդիպումից հետո մենք սկսեցինք ավելի հաճախ հանդիպել, և Գայանեն դարձավ իմ ամենամոտ ընկերուհին:

Ես շատ եմ լսել, որ ասում են` պատահական հանդիպումներն այնքան էլ ճիշտ չեն, բայց իմ պատահական հանդիպման արդյունքում ես ունեմ շատ լավ ընկերուհի:

Սիրան Մանուկյան, 12 տարեկան

Ստի օգուտը

Ես, տանը նստած, խորասուզված կատարում էի հայոց պատմության գրավոր աշխատանքը: Ավելի շուտ` ոչ թե գրում էի, այլ ուսումնասիրում գրչիս ծագումը, թե որ ֆիրմայից է: Ֆիրմայի փոխարեն գրված էր «Made in China»: «Երեխանե՛ր, դասի վերջին հարցերին միայն ճշգրտորեն արտագրելուց հետո պատասխանե՛լ: Պատասխաններն առանց գրքից արտագրելու ներմուծե՛լ տետրի մեջ»,- գրված էր վարժության պահանջի մեջ: Հանկարծ հեռախոսս զնգաց: Այդ պահին, չգիտես ինչու, աչքիս առաջ հայտնվեց մեր դպրոցի ուսմասվարը և ասաց. «Անջատե՛ք ձեր բջջային հեռախոսները…»:

-Ալո:

-Բարև, Ռոլանդն ա,- լսվեց լսափողի միջից:

-Հա՜, բարև, ո՞նց ես:

-Լավ եմ: Հայոց պատմության տնայինը կասե՞ս:

-Թեմա 3, պարագրաֆ 2:

-Էս հինգ էջանո՞ցը,- թերթելով գրքի էջերը` հարցրեց Ռոլանդը:

-Հենց էդ ա, որ կա:

-Էս ուշ ժամին ո՞նց եմ սովորելու: Էն մյուս օրերին էլ հիվանդ էի, ուրիշներին էի զանգում, կա՛մ չէին վերցնում, կա՛մ էլ զբաղված էր ցույց տալիս,- բողոքեց Ռոլանդը:

-Քեզ անկեղծորեն հասկանում եմ,- վրա բերեցի ես:

-Դու էլ ես պատմությունը սովորո՞ւմ:

-Արդեն սովորել եմ, հիմա էլ դասի գրավորն եմ անում: Իսկական մատյան ողբերգության:

-Ես երևի կհասցնեմ սովորել, բայց գրավորը չեմ հասցնի: Վաղն էլ Հայոց պատմությունը հենց առաջին ժամն ա: Ոնց որ թարս լինի…

-Դե, քեզ հաջողություն ու բարի գիշեր,- կարճ կտրեցի ես:

-Քեզ էլ, բայց բարի գիշերն էնքան էլ բարի չի լինի ինձ համար:

Հաջորդ օրն ուսուցչուհին հարցրեց.

-Երեխանե՛ր, դասը սովորե՞լ եք:

-Այո՛:

-Գրավորներն արե՞լ եք:

-Այո՛:

-Վա՜յ, ես էլ բարկանալու ճառ էի պատրաստել:

Ուսուցչուհին բացեց մատյանը.

-Ո՞վ է ուզում պատասխանել:

Ես ու Ռոլանդը ձեռք բարձրացրեցինք:

-Երկուսդ էլ եկե՛ք,- հանկարծ ասաց ուսուցչուհին,- այսօր բացառություն կանեմ: Շատերը պետք է պատասխանեն:

Մենք մոտեցանք գրատախտակի մոտ և կանգնեցինք «կանգառում»:

-Ես ամենայն ուշադրությամբ լսում եմ ձեզ,- ասաց ուսուցչուհին:

Մեր դաս պատասխանելը մոտ քսան րոպե տևեց:

-Լավ, ապրե՛ք երկուսդ էլ: Ձեր տետրերը տվե՛ք, նայեմ ու գնահատեմ:

Ես իմ տետրը դեմ տվեցի:

-Ռոլա՛նդ, բա քո՞նն ուր է:

-Ես չեմ հասցրել գրել գրավորը:

-Ինչո՞ւ:

-Ես եմ մեղավոր,- մեջ մտա ես:

-Շա՞նթ, դո՞ւ ինչ կապ ունես:

Մի քիչ մտածելով` ասացի.

-Էդ իմ ու Ռոլանդի ներքին խոհանոցն է, բայց կասեմ: Ես Ռոլանդին սխալ դաս էի ասել: Հետո ես էլ իմացա, որ սխալ դաս եմ սովորել, զանգեցի նրան, ասացի, բայց շատ ուշ էր: Իմ պատճառով չի հասցրել գրել հանձնարարությունը:

Ուսուցչուհին կախարդուհու հայացքով մեզ նայեց ու պատասխանեց.

-Երկուսիդ էլ զիջում եմ: Շա՛նթ, մի բանը քեզնից չէր:

-Ի՞նչը:

-Դե, այն, որ ձեր երկուսիդ ներքին խոհանոցի գաղտնիքն ասացիր:

-Բա ընկերոջ համար արժեր, չէ՞:

Արժեր ընկերոջ համար ստել: Այնպես չէ՞:

Շանթ Հակոբյան, 13 տարեկան

Էլ ընկերներ չե՞նք

Ես, ճիշտն ասած, երբեք չեմ փորձել ինչ-որ ձևով ծանոթանալ մեկի հետ և ընկերություն անել: Եվ ասեմ, որ իմ ընկերների քանակն ուշ-ուշ է ավելանում: Իսկ ավելի շուտ-շուտ պակասում է: Եվ նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ պատճառով են նրանք պակասում: Ուղղակի հանկարծ նկատում եմ, որ ընկերներիցս ինչ-որ մեկը չի երևում, կամ զգում եմ, որ ինձնից հեռու է մնում, չի ուզում մտերմություն անել ինձ հետ:

Օրինակ` մի անգամ ես ծանոթացել էի մի տղայի հետ, և մենք ընկերացել էինք: Սակայն երբեմն ես նրա մեջ տարօրինակ բաներ էի նկատում: Մի անգամ ես նրան առաջարկեցի, որ այդ օրն իրար հետ գնանք կինո, բայց նա ասաց, որ չի կարող, քանի որ գնալու է գյուղ: Երկու օր հետո մենք տղաներով խոսում էինք, ու նա, իր հերթին, ասաց.

-Տղե՛րք, էն օրն ընկերոջս հետ գնացել էի կինո: Էնքա՜ն լավն էր:

Ես զարմացա ու, խորամանկության դիմելով, ասացի.

-Ե՞րբ էր որ:

-Էրեկ չէ, առաջին օրը,- հանգիստ պատասխանեց նա:

Հանկարծ նա հասկացավ, թե ինչ է ասել, շրջվեց ու վազեց: Ես այդպես էլ չհասկացա` նա վախի՞ց փախավ, թե՞ ամոթից, ու նույնիսկ չհասկացա, թե ուր վազեց: Այդ օրվանից նրան չեմ տեսել: Տեսնես` ո՞ւր գնաց կորավ: Երևի երբեմն լավ ընկերներ չեմ ընտրում:

Հայկ Սմբատյան, 14 տարեկան

 Իմ հին ընկերը

-Վայ, Մելանի՛կ, թո՛ղ մազերս, թե չէ` նենց քեզ կխփեմ… Ա՜խ, թո՛ղ, վա՜յ: Հեսա կլացեմ,- հաճախ այսպիսի կռիվների մեջ էինք ընկնում ես և մեր թաղի Մելանիկը:

Ես մոտավորապես չորս տարեկան էի, երբ երկուսով «կլաս» խաղալիս չէինք կարողանում ապացուցել, թե մեզանից ում հերթն էր խաղալու:

-Աղջի Մերի՛, հեսա կգնամ, մամայիդ կասեմ, որ քեզ լա՜վ ծեծի, եթե չթողնես առաջինը խաղամ,- այդ համառ աղջիկը փորձում էր իր կարճ խելքով ինձ շանտաժ անել:

-Ո՜ւֆ, ես էլ հետդ չեմ խաղալու կյանքում,- հայտարարում էի ես և արագ փախչում տուն:

Որոշ ժամանակ անց.

-Ալո, հա՛, Մե՛լ ջան, չէ՛, ես տանը մենակ եմ, դու արի՛ մեր տուն, որ պատմես, թե ոնց անցավ ժամադրությունդ…

Այդ պատերազմներից անցել է տասնմեկ տարի, և ահա այսպիսի պատասխան է ստանում Մելոն ինձ զանգելիս:

Ճիշտ է, ես հիմա շատ ընկերուհիներ ունեմ, որոնց շատ եմ սիրում, բայց Մելանիկը, միևնույն է, մնում է իմ ամենամտերիմը: Երևի նրանից է, որ նա ինձ լավ է հասկանում, կամ որ մեր ծնողներն էլ են մտերիմ… Բայց դա ինձ համար էական չէ:

Մեկ ամսից թանկագին ընկերուհիս մեկնում է երկրից մի քանի տարով: Եվ ես ինձ անընդհատ հարցնում եմ. «Ի՞նչ եմ անելու առանց Մելոյի»:

Մերի Սիմոնյան, 14 տարեկան

 Ես ու Մարիան

Իմ լավագույն ընկերուհին Մարիան է: Նա իմ դասարանից է: Մենք ծանոթացել ենք առաջին դասարանում: Մարիան ինձնից մի քանի ամսով փոքր է: Նրա մազերը ոսկեգույն են: Նա էլ, ինչպես և ես, ունի մեկ եղբայր և մեկ քույրիկ: Մարիան ծնվել է Երևանում, բայց հաճախ է լինում Գերմանիայում, քանի որ նրա հայրիկը հայ է, իսկ մայրիկը` գերմանուհի: Բայց նրանք ընտանիքում հայերեն են խոսում: Մարիան սիրում է ջութակ նվագել: Հաճախում է նաև մեծ թենիսի մարզումների: Գիտի ձի քշել: Ձին և՛ իմ, և՛ նրա սիրած կենդանին է: Նա, ինձ նման, չի սիրում բակ իջնել: Մենք երկուսս էլ սիրում ենք արշավների գնալ ու սարեր բարձրանալ:

Մի անգամ գնացել էի Մարիայենց տուն և գիշերը մնացել այնտեղ: Երբ առավոտյան արթնացանք, մյուսները դեռ քնած էին: Որոշեցինք պատրաստել մեր նախաճաշը: Ուզում էինք մրգային աղցան պատրաստել: Տեսանք, որ մածունը խոհանոցում չէ, և գնացինք պատշգամբից բերելու: Գնացինք, մածունը վերցրեցինք և ուզում էինք մտնել տուն, հանկարծ սկսեց մի շուն հաչալ: Մենք վախեցանք և վազելով տուն մտանք: Մեր գիշերանոցները երկար էին և ընկնում էին մեր ոտքերի տակ: Երբ մտանք տուն, երկուսս էլ սկսեցինք ծիծաղել: Եվ հիմա էլ, երբ հիշում ենք, մի լավ ծիծաղում ենք:

Երբեմն այնպես է լինում, որ ինչ-որ հարցի շուրջ ունենում ենք տարբեր կարծիքներ և դրա պատճառով վիճում ենք: Բայց քիչ անց նորից ընկերանում ենք: Չէ՞ որ մենք ընկերուհիներ ենք, և իմ կարծիքով` նորմալ է, երբ մարդիկ տարբեր կարծիքներ են ունենում: Քանի որ մենք լավ ընկերուհիներ ենք, միշտ էլ փորձում ենք միմյանց դժվար պահերին օգնել: Մի անգամ մեզ բուսաբանությունից տնային էին հանձնարարել: Պետք է պատասխանեինք հետևյալ հարցին` սունկը լույս սիրո՞ւմ է, թե՞ ոչ: Մարիան ասում էր, որ սիրում է, իսկ ես ասում էի, որ չի սիրում: Քիչ անց երկուսս էլ հիշեցինք, որ սունկն աճում է միայն հով տեղերում:

Աշնա Գրիգորյան, 11 տարեկան

 Հայտարարություն

Ես շատ-շատ ընկերներ ունեմ, բայց նրանց միջից ես չեմ կարող առանձնացնել մեկին, որին կարող եմ համարել իմ լավագույն ընկեր, և այդ պատճառով կասեմ, թե ինչպիսին նա կարող է լինել: Ըստ ինձ, մեր ընկերության մեջ ամենագլխավորը պետք է հավասարությունը լինի: Մենք երկուսս էլ սիրենք, կիսվենք և պաշտպանենք իրար: Բայց դե, իհարկե, պետք է մեկ-մեկ կռիվ էլ անել, հետաքրքրության համար: Կարևոր չէ, թե նա քանի տարեկան է, ինչ ճաշակ կամ ինչ նախասիրություններ ունի: Չնայած, կա մի բացառություն. նա պետք է «ռաբիզ» չլինի: Նա պետք է ազնիվ լինի ինձ հետ, ուրիշներին կարող է մեկ-մեկ խաբել: Լավ կլիներ, որ նա վախկոտ չլիներ, որովհետև ինձ հետ ինքը հաստատ լիքը պատմությունների մեջ կընկնի: Կուզենայի, որ նա նպատակասլաց լիներ և կարողանար երբեմն իրեն զրկել որոշ բաներից: Բնավորության մյուս գծերը կարևոր չեն, և պարտադիր չէ, որ ինքը շատ լավ մարդ լինի: Եթե կան այդպիսիք, թո՛ղ դիմեն:

Շողակաթ Մուրադյան, 14 տարեկան

 Մի վեճի պատմություն

Իմ լավագույն ընկերուհին մեր դասարանի Էլմիրան է: Նա ունի շագանակագույն երկար մազեր, գեղեցիկ աչքեր և սլացիկ հասակ: Էլմիրան շատ է սիրում հեռուստացույց դիտել: Նա նաև սիրում է նկարել, նրա քույրիկն էլ` ներկել: Այսպիսով, Էլմիրան նկարում է, իսկ քույրը ներկում է նրա նկարները:

Մենք հաճախ չենք կռվում, բայց մի անգամ կռվեցինք այն պատճառով, որ Էլմիրան լավ չի տեսնում: Մենք կողք-կողքի նստած էինք, և Էլմիրան արտագրում էր ինձնից: Քանի որ նա ինձ խանգարում էր, ես ջղայնացա և թեթև հրեցի նրան: Էլմիրայի մազերը փաթաթվեցին մյուս կողքին նստած աշակերտի կոճակին: Ես ներողություն խնդրեցի և բացատրեցի, թե ինչ է պետք գրել:

Մարիամ Հերգնյան, 9 տարեկան

Կռվարարը

Իմ ընկերոջ անունն է Արտյոմ: Մենք նրա հետ մի չորս-հինգ անգամ կռվել ենք: Նա շատ-շատ է կռվում ուրիշ տղաների հետ, մյուսների հետ մի երեսուն անգամ կռվել է: Բայց Արտյոմը նեղացկոտ չէ: Նա ուղղակի պատրաստ է պաշտպանել ինքն իրեն: Արտյոմը չունի մեկ ատամ: Ես կուզենայի իմանալ, թե ոնց է ընկել այդ ատամը:

Մուշեղ Ասոյան, 7 տարեկան

Ամենից հավատարիմը

Կատվիս անունը Գուչո է: Նա միակն է այս աշխարհում, ում մոտ ես կարող եմ գնալ օրվա որ ժամին ցանկանամ: Միայն նրան եմ վստահում: Գուչոս միգուցե գեղեցիկ չէ, սակայն քանի որ իմն է, իմ աչքին շատ գեղեցիկ է երևում: Նա այնքա՜ն ճերմակ ու փափուկ փոր ունի, իսկ մեջքին, պոչին ու գլխին շեկ-շեկ մեծ պուտեր են: Ես նրան աշխարհի չափ սիրում եմ:

Մի անգամ գյուղում բակում խաղալիս խաղընկերներս ինձ վիրավորեցին: Ես, շրխկացնելով մեր դարպասը, հեռացա: Գնացի, վերցրեցի Գուչոյիս, դրեցի ծնկներիս և լացելով սկսեցի պատմել, թե ինչ է եղել, իսկ հետո ասացի.

-Դու այս աշխարհում միակն ես, ով ինձ հասկանում է:

Եվ ես սկսեցի ավելի ուժեղ լացել: Մի արցունք ընկավ նրա վրա, Գուչոն վախեցավ և փախավ: Ես գնացի նրա հետևից, բռնեցի և ասացի.

-Կներե՛ս, մի՛ գնա, արի՛, էլ չեմ լացում:

Նա բարձրացավ ծնկներիս ու հարմարվեց, որպեսզի քնի: Ես, մի քանի րոպե նայելով նրան, հանգստացա: Լվացվեցի և գնացի խաղընկերներիս մոտ:

-Վա՜յ, էլի եկավ մեր ուռած փուչիկը,- ասաց մեկը:

Ես ժպիտով տվեցի նրան արժանի պատասխանը և ինձնից գոհ գնացի կատվիս մոտ: Նա դեռ քնած էր: Ես ուզում էի նրան կերակրել իր սիրած ուտելիքներով, սակայն չարթնացրեցի, որովհետև այնքա՜ն անուշ էր քնել: Ես շոյեցի Գուչոյիս և գնացի հեռուստացույց դիտելու:

Մարիամ Նալբանդյան, 10 տարեկան

 Լևոնը

Առաջին օրվանից էլ Լևոնն ինձ շատ դուր եկավ: Նա էլ է ինձ նման զվարթ և շատ է սիրում ծիծաղել: Լևոնի հետ միշտ ուրախ և ծիծաղելի պատմություններ են լինում: Առաջ, երբ նա մեր տուն էր զանգում, և մայրիկս էր վերցնում լսափողը, նա երբեք չէր բարևում և միանգամից ասում էր.

-Դավիթին կտա՞ք:

Մայրիկս էլ միշտ ծիծաղելով ասում էր.

-Բարև, Լևո՛ն:

Հետո Լևոնը երևի հասկացավ իր սխալը ու հիմա միշտ բարևում է:

Իսկ վերջերս էլ մի անգամ ես Լևոնի հեռախոսից զանգեցի մայրիկիս, քանի որ իմը տանն էի թողել: Մայրիկս միանգամից անջատեց հեռախոսը, և ինքը զանգեց, որ Լևոնի հեռախոսի գումարը չսպառվի: Լևոնը շատ զարմացավ և ասաց.

-Էս ինչ դաստիարակված ընտանիք եք:

Մի քանի օր առաջ ես իմացա, որ Լևոնը մեր դպրոցից գնում է: Ես շատ տխրեցի, բայց համոզված եմ, որ մենք էլի կհանդիպենք:

Դավիթ Սողոյան, 10 տարեկան

 Հինգ րոպեն հաստատ բավարար չէ

Իմ ամենամոտ ընկերուհին Սեդան է: Առաջ մենք միասին էինք անցկացնում գրեթե ողջ օրը: Սակայն այս վերջերս, քանի որ ես հաճախում եմ «Մանանա», ամբողջ օրվա մեջ նրան տեսնում եմ միայն մեկ ժամով: Այդ օրերին տուն հասնելուն պես անհամբեր սպասում եմ, թե երբ պետք է գա ինձ կանչի ու իջնենք դուրս, և այդպես ամեն անգամ: Քնարը գալիս է մեր տուն, մայրիկս էլ ասում է.

-Դեռ չեք հասցրե՞լ իրար նորությունները պատմել:

-Մա՛մ ջան, գիտես, որ չեմ հասցրել պատմել, թո՛ղ իջնեմ բակ, որ պատմեմ, հա՞,- ասում եմ ես:

-Է՜հ, էլ մի՛ սկսի:

-Լա՜վ, էլի, թողե՛ք իջնենք բակ,- խնդրում է ընկերուհիս:

-Չէ՛, չէ՛, վերջացրե՛ք:

-Դե, լավ, դե, լավ, մենակ հինգ րոպե,- փորձում ենք համոզել մենք:

-Գլուխս տարաք, իջե՛ք, իջե՛ք:

Մենք իջնում ենք դուրս ու հինգ րոպեի փոխարեն դուրսը մնում մեկ ժամ: Ախր, շատ բան ենք ունենում իրար պատմելու:

Գայանե Մարտիրոսյան, 12 տարեկան

Մխիթարություն

Ամալյային ես շատ եմ սիրում: Միայն նա գիտի իմ բոլոր գաղտնիքները: Երբ ինձ նեղացնում են, անմիջապես վազում եմ նրա մոտ: Օրինակ` մի օր ես մտա մեր դասարան և նկատեցի, որ բոլորն ինձ էին նայում: Աղջիկները, ինձ նայելով, իրար ականջի ինչ-որ բաներ էին փսփսում, իսկ տղաները ծաղրում էին ինձ: Ես զարմացած հարցրի.

-Երեխե՛ք, ի՞նչ ա եղել, վրաս ինչ-որ ծիծաղելու բան կա՞:

Մեր դասարանի երեխաները` թե՛ տղա, թե՛ աղջիկ, ծիծաղելով բղավեցին.

-Երեխե՛ք, հըլը սրա մազերը, նայե՛ք ինչ կարճ ա կտրել:

Դասից հետո ես շատ հուզված էի և գնացի մեր դիմացի դասարանը` Ամալյայի մոտ` համոզված լինելով, որ նա իմ պատմածը ոչ ոքի չի ասի:

Տաթևիկ Դավթյան, 11 տարեկան

Իսկական ընկերները

Իմ լավագույն ընկերը մեր դասարանի Վլադիմիրն է: Մի օր նա ինձ ծամոն տվեց: Ես անմիջապես հասկացա, որ նա իսկական ընկեր է:

Մի անգամ ես պապիկիս հետ իջա բակ` հեծանիվ քշելու: Ընկերս էլ էր բակում և փորձում էր քշել, բայց չէր կարողանում: Ես ու պապիկս սովորեցրեցինք նրան մեծ հեծանիվ քշել:

Մի անգամ ես գնացել էի ընկերոջս տուն: Մենք լոտո էինք խաղում այնտեղ: Ես նորից կուզենայի նրանց տուն գնալ, կամ էլ թո՛ղ նա գա մեր տուն:

Արամ Մնացականյան, 7 տարեկան

 Մեր ամենալավ օրը

Իմ լավագույն ընկերուհին Սելինան է: Նա սիրիահայ է և մի քիչ տարօրինակ է խոսում, բայց շատ լավն է և բարի: Ես նրա հետ ծանոթացա երկրորդ դասարանում: Նրա աչքերը շագանակագույն են, ինչպես իմը: Սելինան շատ ամաչկոտ է:

Մի օր ես գնացել էի նրանց տուն: Երբ մենք խաղում էինք, նրա եղբայրը` Ջորջիկը, մտավ ներս` տատիկի իր դիմակով: Սելինան նայեց նրան և վախից ընկավ անկողնու վրա: Այնպիսի տպավորություն էր, որ հեսա կմահանա: Ես վախից գնացի, որ նրա մայրիկին ասեմ: Եվ այդ պահին նա գոռաց.

-Ալի՛ս, կանգնի՛ր կոր… մի՛ երթա… սա պլան էր, որ քեզ վախեցնենք:

Նրա հետ անցկացրած այդ օրն իմ ամենալավ օրն էր:

Ալիսա Չախալյան, 10 տարեկան

 Ընկերները միմյանց պարտք չեն լինում

Ես ունեմ շատ ընկերներ, բայց Վահանն իմ ամենամտերիմ ընկերն է: Մենք ամեն օր դպրոցում իրար հետ խոսում ենք, իրար կողքի ենք նստում: Մենք շատ լավ ընկերներ ենք, ամեն օր իրար հետ «դուրսը գցած ենք», ինչ գաղտնիք լինում է, իրար պատմում ենք: Ամեն օր մեր տուն ենք գնում, համակարգիչ ենք խաղում, հետո գնում դրսում ենք խաղում:

Մի անգամ շատ հետաքրքիր դեպք պատահեց: Մենք բակում գնդակ էինք տշում, շունը վրա հասավ: Մենք վախեցանք և փախանք, գնդակն էլ մնաց շան մոտ: Իսկ շունը գզեց գնդակը: Երբ հետ եկանք, Վահանն ասաց.

-Գնդակը տո՛ւր, ես վաղը հետ կբերեմ:

-Լավ,- ասացի ես:

Նա հաջորդ օրը գնդակը բերեց: Պատռած տեղերը սոսինձով կպցրել էր: Վահանն ինձ մեկնեց գնդակը: Ես ասացի.

-Քեզ պարտք եմ:

Նա էլ ասաց.

-Պարտք չես:

Մի քանի օր հետո մենք նորից գնդակ էինք խաղում նույն տեղում, և նորից նույն շունը եկավ: Վահանը շատ ուժեղ ու բարձր տշեց գնդակը: Այն ընկավ նույն տեղը, որտեղ իմ գնդակը ծակվել էր: Շունն էլ վազեց գնդակի մոտ և սկսեց գզել այն: Երբ շունը հեռացավ, և մենք մոտեցանք գնդակին, ես ասացի.

-Տո՛ւր, ես վաղը կբերեմ, լա՞վ:

Ես հաջորդ օրվա փոխարեն մի քանի շաբաթ հետո գնդակը բերեցի և ասացի.

-Կներես, ախպե՛րս, չկարողացա սարքեմ:

-Բա որ ասում էի` պարտք չես:

Արին Չուլաքյան, 11 տարեկան

Կա՞ր ընկերություն… չգիտեմ

Երկու տարի մեր դասարանում ես մտերիմ էի մի աղջկա հետ, ով ուներ շատ փոփոխական բնավորություն:

-Բայց Լիլիթը լավ աղջիկ ա, չէ՞,- ասում էր նա:

Իսկ հաջորդ օրը.

-Վա՜յ, էս Լիլիթն ինչ վատ աղջիկ ա…

Դա ինձ դուր չէր գալիս: Սակայն այսպիսի «անակնկալ» չէի սպասում:

Ես երեք օր բացակայեցի և, չորրորդ օրը գալով դպրոց, տեսնում եմ` նա մտերմացել է ինձ համար ոչ այնքան հաճելի աղջիկների հետ, որոնց մասին առաջ ասում էր.

-Հեչ էլ լավը չեն, իրենց հետ մոտիկ երբեք չեմ լինի…

Ես այդ օրը հասկացա, որ ընկերուհուս լավ չէի ճանաչում, և միգուցե ընկերուհիներ չենք էլ եղել:

Մանե Արշակյան, 14 տարեկան

 2009 թ.