Ընկերությունը հավասարություն է պահանջում

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Ձեր հարցերին պատասխանում է հոգեբան Նարինե Խաչատրյանը 

«Լավ ընկեր լինելու համար պետք է ընկերոջ հետ հավասար լինել, այսինքն` վերևից չնայել ընկերոջը: Ընկերությունը հավասարություն է պահանջում: Եվ պետք է միշտ փորձել հասկանալ ընկերոջը»,- կարծում է հոգեբան Նարինե Խաչատրյանը:

Իհարկե, լավ կլիներ, եթե երբեք խնդիրներ չառաջանային ընկերների հետ շփվելիս: Բայց կոնֆլիկտներն ու տարատեսակ հակասություններն անխուսափելի են: Նարինե Խաչատրյանը մեծ ուշադրությամբ լսեց «Մանանա» կենտրոնի սաներին և փորձեց իր խորհուրդները տալ դժվարին իրավիճակների մեջ հայտնված երեխաներին:

«Երբ ես սկսեցի հաճախել կարատեի, սկզբից չէի կարողանում շփվել խմբի մյուս երեխաների հետ: Նրանց խոսակցության թեմաներն ինձ դուր չէին գալիս, զրույցի ընդհանուր թեմա չունեինք: Հետո ես փորձեցի ինքս խոսակցության թեմաներ առաջարկել, նրանք էլ զրույցի էին բռնվում: Աստիճանաբար ավելի հեշտ դարձավ շփումը նրանց հետ: Եվ միշտ այդպես է: Ինչո՞ւ եմ ամեն անգամ այդքան դժվարությամբ հարմարվում նոր միջավայրին: Ինչպե՞ս անեմ, որ անծանոթ միջավայրին հեշտ հարմարվեմ»:

Ռուբեն Մնացականյան, 14 տարեկան

-Երբ մենք գնում ենք մի անծանոթ միջավայր, մեզ ընկճված ենք զգում, որովհետև չգիտենք` այդ միջավայրի մարդիկ մեզ նմա՞ն են, թե՞ չէ: Սովորաբար, երբ մարդիկ մեզ նման են լինում, մենք ավելի շուտ ենք մտերմանում: Այդ ընկճվածությունն անծանոթ միջավայրում շատ բնական է: Մարդն իրեն ընկճված է զգում, երբ չի գտնում նման հատկություններ, նույնություններ: Մարդիկ սկսում են մտերմանալ, երբ ընդհանուր ինչ-որ եզրեր են գտնում: Կան մարդիկ, ովքեր առաջինն են շփվում, փորձում են ընդհանուր հետաքրքրություններ գտնել, այսինքն` ավելի նախաձեռնող են, և կան այնպիսիները, որոնք սպասում են, մինչև իրենց ներգրավեն նոր միջավայրում, զրույցի մեջ: Եթե դու զգում ես, որ դիմացինը չի շտապում քեզ ավելի մոտիկից ճանաչել, ինքդ եղիր նախաձեռնողը:

«Մեր դասարանի Էմման շատ է ուզում ինձ հետ ընկերություն անել, իսկ ես չեմ ուզում: Ի՞նչ անեմ, չեմ ուզում նրան նեղացնել, ոչ էլ ուզում եմ հետն ընկերություն անել: Ընդհանրապես, մեր դասարանի երեխաներն այնքան էլ չեն սիրում Էմմային»:

Իննա Ազնաուրյան, 12 տարեկան lost in 210

-Միգուցե դու իրեն դուր ես գալիս քո հետաքրքրություններով, քո ոճով: Միգուցե ուզում է քեզ հետ ընկերություն անել, որ ինչ-որ չափով նմանվի քեզ: Կամ միգուցե իրեն ուղղակի հետաքրքիր է քեզ հետ ընկերություն անելը: Կարելի է, օրինակ, խոսել իր հետ, տեսնել` քե՞զ իր մեջ ինչն է հետաքրքրում, շփվես, բայց սահմանափակես քո շփումը: Կարող է ինքն էլ ինչ-որ գծով հետաքրքիր լինի քեզ: Փաստորեն, նա իրեն մենակ է զգում: Յուրաքանչյուր մարդ պետք է ընկեր ունենա: Ոչ մի երեխա, ոչ մի մեծ չի ուզում խմբում մենակ լինել, ու դրա համար նա երևի գտել է քեզ: Քո կերպարը նրան դուր է եկել, և նա ուզում է ընկերություն անել: Բայց եթե դասարանն իր նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերի, և նրանք սկսեն շփվել, կարող է նրա մոտ այդ կախվածությունը քեզանից մի փոքր քչանա: Քո օգնությունն այդ աղջկան կլինի այն, որ դու ձեր դասարանցիներին ասես` չկոպտեն նրան, փորձեն ավելի սիրալիր լինել հետը: Երբ որ ինքը տեսնի, որ այդքան էլ մերժված չէ, արդեն մի հոգուց այդ կախվածությունը չի ունենա:

«Մեր դասարանում երեք աղջիկ կա, որոնցից մեկը թիթիզ է, մեկը` գեղեցիկ, մեկը` հարուստ: Այդ աղջիկները մեծ հեղինակություն են վայելում դասարանում` մեր բոլոր տղաների շնորհիվ: Վերջիններս դասարանի մնացած աղջիկներին հիշում են միայն այն ժամանակ, երբ պետք է ստուգողական գրենք: Ինչպե՞ս կարող ենք անել, որ այդ երեք աղջիկների հեղինակությունն այդքան վատ չազդի դասարանի վրա»:

Նանե Ջավրուշյան, 13 տարեկան

-Կարևոր չէ` ինչ պատճառներով են իրենք այդ հեղինակությունը ձեռք բերել: Կարող է դա, մյուսներիդ կարծիքով, անարդար է կամ ոչ ընդունելի, բայց նրանք արդեն ձեռք են բերել այդ հեղինակությունը: Այս իրավիճակում կարելի է ոչ թե իջեցնել իրենց հեղինակությունը, այլ փորձել բարձրացնել ձերը: Որովհետև հեղինակություն իջեցնել` նշանակում է ինչ-որ վատ բաներ ասել այդ աղջիկների մասին: Բայց դա էլ արդար ճանապարհ չէ: Ամեն մեկն իր ինչ-որ հատկությամբ ձեռք է բերում հեղինակություն: Գեղեցկությունն ու թիթիզությունը միանգամից ուշադրություն են գրավում, իսկ խելքը ոչ միանգամից է ուշադրություն գրավում: Ես կարծում եմ, որ դուք ամեն մեկդ պետք է զգաք ձեր արժանիքները: Ինչպես ասացի, յուրաքանչյուրն էլ ունի մի հատկություն, որ իր մեջ շատ վառ է արտահայտված, և հաստատ պետք չէ համեմատվել մյուս աղջիկների հետ: Եվ եթե կարողանաք ցույց չտալ ձեր ճնշված վիճակը, շատ ավելի լավ, որովհետև ինչպես դուք ձեզ զգում եք, այդպես էլ ձեզ ընկալում է ձեր դիմացինը: Ի՞նչ անենք, որ նա գեղեցիկ է, ի՞նչ անենք, որ նա ավելի շատ է ուշադրություն գրավում, ես էլ ուշադրության եմ արժանանում ուրիշ ընկերական շրջապատում, ես իմ դասը շատ լավ եմ սովորել, ես «հինգ» եմ ստացել, ես իմ ընկերների հետ եմ ինձ լավ զգում…

«Չնայած մեր բակի երեխաները տարիքով ինձանից այնքան էլ մեծ չեն, մենք համարյա հասակակիցներ ենք, բայց միշտ, ամեն հարցում ինձ փոքրի տեղ են դնում, ասենք` կարող են չվստահել իրենց գաղտնիքները, կարծիքս չհարցնել: Ի՞նչ անեմ, որ հասկանան` ես փոքր չեմ»:

Լիլիթ Կարապետյան, 14 տարեկան

-Ես քեզ խորհուրդ կտայի, որ երբ զգում ես, որ քեզ որպես փոքր են ընկալում, այդ ժամանակ փորձես ակտիվ լինել, այսինքն` մեծն այդ ժամանակ ինչպե՞ս կվարվեր, դու այդ մեծի գործողությունն արա:

«Մեր դասարանում մի տղա կա, ով շատ թուլամորթ է, և նրան բոլորը ծաղրում են` ասելով «դոդիկ» կամ «ղզիկ», բայց քանի որ շատ թույլ է, չի կարողանում պայքարել և նրանց «բերանը փակել»: Իմ կարծիքով, նրան այդպես են ասում իր արտաքինի, քայլվածքի, և ընդհանրապես, իր շարժուձևի համար: Ձեր կարծիքով, հարկավո՞ր է տղային օգնել այդ պարագայում»:

Մանանա Մելքոնյան, 14 տարեկան

-Ճիշտ է, լավ չի այդպիսի բառեր ասել, բայց սովորաբար, երբ այդպիսի իրավիճակ է ստեղծվում, դա երկու կողմերից էլ կախված է: Եթե այդ տղան կարողանար իրեն պաշտպանել, մյուսներն այդպիսի բաներ չէին ասի: Դպրոցական տարիքում լինում է սովորություն` իրար այդպիսի բառերով անվանել: Այն մարդիկ, ովքեր այդպիսի բաներ են ասում, նրանք կարծես ինքնահաստատվում են: Եթե դասարանը շահագրգռված է, ապա պետք է օգնի այդ տղային, ավելի ուժեղներին թույլ չտա նրան այլևս վիրավորել: Միայնակ շատ դժվար է բոլորի դեմ պայքարել:

 

«Մի քանի տարի առաջ մենք դասարանով որոշեցինք դասից փախչել: Բայց մի քանի երեխա չէին ուզում մեզ հետ գալ, ուզում էին դասի մնալ: Եվ նրանք մնացին: Հաջորդ դասին, երբ մենք վերադարձանք և տեսանք, որ նրանք դասարանում են, նրանց դավաճան անվանեցինք: Մեր դասղեկը մի առիթով մեզ ասել է, որ եթե փախչում ենք դասից, ապա պետք է բոլորով դա անենք: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ճիշտ` եթե չես ուզում փախչել, պե՞տք է արդյոք հանուն մյուսների գնալ»:

Լուսինե Հարությունյան, 16 տարեկան

-Եթե դասարանը շատ ընկերական է, այդպիսի դասարանում նման խնդիր չի առաջանա: Ինչքան էլ առանձին մեկն ուզենա իր անհատական կարծիքը հայտնել, ի վերջո նա ենթարկվում է խմբի կարծիքին: Ձեր դասարանի պարագայում, կարող է մնացողների մեջ ավելի շատ գործել է վախը: Մարդը ե՞րբ է ընտրություն անում. երբ տեսնում է, որ ապահով է այդ ընտրության մեջ: Երևի իրենց մեջ այդ տագնապն ու վախը, որ իրենց նկատողություն կանեն, կպատժեն, ավելի ուժեղ է եղել, քան փախչելու ձգտումը, այդ զգացողությունը, որ մենք միասնություն ենք: Կամ` կարող է ծնողների հետ պրոբլեմներ ունեին, վախենում էին, որ նկատողություն կստանան: Ճիշտ է, դուք դասարան եք, բայց այդ դասարանի մեջ ամեն մեկն անհատ է: Իսկ մնացողներն ուղղակի չեն կարողացել որոշում կայացնել:

«Մի անգամ մեր դասարանի Արթուրը կռիվ արեց դասընկերոջ հետ և օգնության դիմեց իր մեծ եղբորը: Արդյո՞ք ճիշտ է հասակակցի հետ վիճելիս մեծերին դիմելը»:

Արամ Մնացականյան, 14 տարեկան

-Իհարկե, լավ է, որ ինքդ լուծես խնդիրներդ, բայց երբ թույլ ես ու չես կարողանում մենակ լուծել, ի՞նչ անես: Մարդն ունի պաշտպանվելու կարիք, դրա համար էլ կռվելիս իր հետ մեկին բերում է, որ իրեն պաշտպանի: Այդ պաշտպանողն էլ կարող է գալ, բայց հեռու կանգնել, նայել և միջամտել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

«Խաբարբզիկ», 2007թ.