milena araqelyan

Ընկերս, չկաս

 Հեռավորություն 1

Դու քայլում ես մայթերով: Սովորական երևույթ: Շնչում ես անձրևից հետո մնացած օդը: Շատ սովորական: Նայում ես շուրջդ: Մարդիկ՝ տարբեր, շատ տարբեր: Ի՞նչ է, որ: Միանման մարդիկ չկան: Չէ, դու չես կարող հասկանալ՝ ինչու եմ գրում այսպիսի սովորական, առօրյա-երևույթների մասին: Դու քայլում ես, ֆիզիկապես ոտքերդ դիպչում են գետնին, իսկ մտքե՞րդ: Հանկարծ հասկանում ես, որ մտքերդ ուրիշ հողում են, ուրիշ արմատներ են պահում նրանց: Դու քայլում ես, բայց չես քայլում: Թրջվում ես անձրևից, բայց մեկ է, անձրևը ի զորու չէ թրջել վարսերդ, վերնաշապիկդ, չէ, ուրիշ անձրևը քեզ թրջել չի կարող: Քոնը չէ… Ո՞ւր մնաց անձրևից հետո մնացած օդը, այն օդը, որ շնչում էիր քո պատշգամբում, էդպես էլ չի հերիքելու: Նայում ես մարդկանց, բայց չես տեսնում: Քո մարդիկ ուրիշ մարդկանց մեջ չեն կարող լինել: Հասկացիր, ի վերջո: Սովորել էիր, որ ամբոխի միջից դժվար չգտնվի մեկը, ում ճանաչում ես: Հիմա ինչքան ուզում ես նայիր, բոլորը անծանոթ են, ուրիշ են, ուրիշ՝ ամենակարճ ու երկար իմաստներով: Ուրիշների հայացքները միշտ անավարտ են, միշտ չեն լրացվելու:

 

Հեռավորություն 2

Ուրիշ մարդկանց մեջ չեմ գտնում քեզ՝ այն ամենաթանկին: Հասկանո՞ւմ ես, չկան այն կես հայացքից միտքս կարդացող քո աչքերը: Դեռ չնվագած, արդեն երգը կռահող դու չկաս: Չկաս, բայց կաս: Կաս այնքան, որքան «շողանք միասին», այնքան, որ` ‘«գիտե՞ս՝ ինչքան եմ կարոտել»:

 

Հեռավորություն 3

Չեմ գտնում քեզ: Ինձ գրկող այն ձեռքերդ չկան: Հանգստացնող, ու միևնույն ժամանակ, ամենաանլուրջ կատակը անող, ու «վաղը կիթառս բերելու եմ», դու չկաս: Կիթառն էլ: Կարոտել եմ քեզ այնքան, ինչքան «հեռախոսիդ մեջ փող չկա»: Խելառ ծիծաղդ, որ 2 ամսից ավելի է` չենք համարձակվում լսել: Մենք երկու ամիս ու ավել իրար զանգած չկանք: Այ, այդքան կարոտել եմ («էս անձրևն ու էս լուսինը քո մասին են» լինելու չափ շատ):

 

Հեռավորություն 4

Չկան հեռախոսիս առավոտյան ժամը 8:30-ից սկսվող զանգերը: «Ու՞ր ես հասել, ե՞րբ դուրս գամ»: Դե իհարկե, հասկացար, որ խոսքս քո մասին է, կողքս նստող ու ինձ դիմացող այն ամենաքոյի: Չկան «էս պահը արի նկարվենք, վայ, մեզ են նայում, հըն ո՞ւր ա»: Քեզ կարոտել եմ այնքան, որքան դու՝ «65-ի մեջ եմ»: Այնքան, որ «կարող ա` լավ չե՞ս»:

 

Հեռավորություն 5

Չկաս: Երկնքի ամենասիրուն կապույտը ունեցող աչքերդ չկան: Փողոցում պատահաբար ինձ գտնող ու գրկող դու չկաս: Չկա ամեն ասածս քո չափ հասկացող, հետս ամեն ուրախ ու տխուր միտք ապրած քո տեսակը: Այն ժպիտդ, որ ստիպում էր վեր կենալ, վեր կենալ ու ապրել:

Կարոտել եմ քեզ այնքան, որքան «25-19=6», որքան «go solo» ու «it’s ok» ենք սիրում:

 

ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

12 տառ: Չբացատրվող ու չհասկացվող իմաստ ունեցող բառ: Հեռացնող ու հեռվացնող: Մոռացնող ու մոռացվող: Բայց միշտ կարոտով, միշտ կարոտվող: Կարոտով. հեռացումն էլ, մոռացումն էլ: