heghine grigoryan

Ընձի տարեք իմ գեղ

Սովորաբար մարդիկ ամենից շատ սիրում են իրենց ծննդավայրը՝ լինի դա գյուղ, թե քաղաք: Բայց երբեմն մտածում ես քաղաքի՝ գյուղի նկատմամբ առավելությունների մասին: Դե, քաղաքի կյանքն ամեն դեպքում ավելի բարեկեցիկ է: Երևի այդ պատճառով է, որ շատերը առաջին իսկ հնարավորության դեպքում լքում են գյուղը: Իսկ ահա, կանգառում ինձ հանդիպած պապիկը չէր ուզում ոչ մի դեպքում քաղաքում ապրել: Նա մեր կողքի գյուղից էր: Մենք Մարտունի քաղաքից հետ էինք գնում. ամեն մեկս՝ մեր գյուղ:

-Մենակ ա կաբրիմ: Ես ու ես ինք իմ տունը,- ասում էր նա:

Ես չհարցրի՝ ինչո՞ւ, որովհետև մտածեցի, որ այդ հարցով կարող եմ նրան ցավ պատճառել: Չնայած պապիկը շատ ուրախ ու առույգ էր երևում: Հետո նա շարունակեց.

-Տղես Երևան ա կաբրի, գնացել ա գյուղից, կնիգ, երեխա ունի: Կաշխատին, չկռնան գան գեղ:

Իմ հարցին, թե ինչո՞ւ նա իր որդու հետ չի ապրում, պատասխանեց.

-Բալա ջան, գյուղն ուրիշ ա, էլի: Քաղքի մեջ դու քու բոստանը չունիս, քու հայաթը չունիս, օր ելնիս ֆռռաս, աբրիս: Էնտեղ կվարտիրի մեջ շունչս կդրի, չկռնամ: Մերն ուրիշ ա: Էն ա, տղես ըմնօր կսա, թե՝ արի մնա: Բայց, դե, չերտամ:

Ես լսում էի նրան ու ժպտում: Մտածում էի, որ միշտ մենակ է, Ամանո՞րն էլ է մենակ անցկացնում: Ես հարցրի, և նա սկսեց մի դեպք պատմել.

-Նոր տարուն նախորդող օրը՝ ամսի 31-ին, տղես եկավ, զոռով տարավ: Բան չկրցա էնեմ: 1-ին մնացի, ամսի 2-ին ասի, թե՝ ընձի տարեք իմ գեղ: Բանի տեղ չդրին: Հաջորդ առավոտ հելա հագա, թե՝ ես կերտամ ման գալու՝ չկարամ տուն նստիմ: Ու գացի:

-Հետո՞,- հարցրի ես:

-Հետո տղես տեսել, օր երկար վախտ չկամ, զանգեց, թե՝ պապ, ո՞ւր իս: Ասի՝ հասել եմ Գագարին, արի տար:

Գագարինը Երևան-Մարտունի ճանապարհին ընկած բնակավայր է: Փաստորեն պապին տեսել էր, որ իրեն գյուղ բերող չկա, ինքն էր գնացել ավտոկայան և գյուղ ուղևորվել: Կամ, ինչպես ինքն էր ասում՝ «փախել բանտից»: Մենք երկար ծիծաղեցինք, հատկապես՝ պապին:

Ավտոբուսն եկավ, և մենք շարժվեցինք: Մեր գյուղի մոտ ես իջա, և միայն հետո հիշեցի, որ ամբողջ զրույցի ընթացքում այդպես էլ չհարցրի պապիկի անունը, ով չէր ուզում գյուղից թեկուզ երկու օրով բացակայել: