Anna Andreasyan

Ընտանի կենդանիների դերը Ամերիկայում

Հուսով եմ, հիշում եք, որ իմ հոդվածներից մեկում գրել էի շների և նրանց հանդեպ իմ անսահման վախի մասին։ Ճիշտ են ասում, էլի, որ ինչքան մի բանից վախենում ես, այնքան հավանականությունը մեծ է, որ կբախվես այդ խնդրին։ Ես էլ ինձ համար ուրախ-ուրախ պատրաստվում էի ԱՄՆ գալուն, երբ իմ հյուրընկալ ընտանիքի ֆեյսբուքյան էջում տեսա շների նկարներ, ընդ որում, նրանցից մեկը ամերիկյան բուլդոգ, դե, չափսերը պատկերացնում եք։ Հիմա մի պահ պատկերացրեք իմ վիճակը։ Ես վախեցած մտածում էի, թե ինչպես եմ ապրելու այդ շների հետ նույն հարկի տակ այն դեպքում, երբ հեռվից հեռու շուն տեսնելիս վախից դողում էի։ Կարծում եմ, էլ կարիք չկա շարունակելու նկարագրել իմ վիճակը և վախերը։ Անցնենք առաջ։

Եվ այսպես, ես Ամերիկայում եմ և առաջին անգամ հանդիպեցի մեր շներին՝ Թենքին և Բեթսիին։ Խոստովանում եմ՝ վախեցած էի, բայց ոչ այնքան, որքան պատկերացնում էի՝ կլինեմ։

Հենց  առաջին օրը պարզվեց, որ նրանք այնքան էլի վախենալու չեն։ Իսկ մի օր հետո արդեն Բեթսիին գիրկս՝ ֆիլմ էի դիտում։ Ես էլ չնկատեցի թե ինչպես սկսեցի սիրել այդ շներին, ու ի զարմանս ինձ, հիմա արդեն ընդհանրապես չեմ վախենում նրանցից։ Հիմա արդեն մի տեսակ ինձ մեղավոր եմ զգում ու զարմանում ինքս ինձ վրա. ինչպես կարող էի հեռվից հեռու վախենալ այդ անվնաս շներից, որոնք ավելի շատ վախենալու պատճառ ունեն մարդկանցից, քան մարդիկ՝ իրենցից (խոսքս բոլոր շներին չի վերաբերվում, ես նույն կարծիքը չունեմ մեր գյուղի շների մասին): Իրար կողք նստում ու ֆիլմ ենք դիտում։ Դա մի ուրիշ տեսարան է, թե ինչպես է Թենքը (հսկա ամերիկյան բուլդոգը) նստում իմ գիրկը, մոռանալով, որ ինքը փոքրիկ շունիկ չէ և որ չափից դուրս մեծ և ծանր է՝ ինչ-որ մեկի գիրկը նստելու համար։

Բայց շների թեման սկսեցի ոչ միայն ձեզ պատմելու իմ հաջողության և այդ վախից ազատագրվելու մասին, այլ նաև պատմելու, թե ինչպես են ամերիկացիները վերաբերվում շներին և, առհասարակ, ընտանի կենդանիներին։

Այստեղ երևի թե չկարողանաս գտնել մի ընտանիք, որտեղ ընտանի կենդանիներ չլինեն, առնվազն մեկը պետք է լինի (հիմնականում շուն): Մենք՝ հայերս էլ ենք, իհարկե սիրում ընտանի կենդանիներին, բայց ամերիկացիների հետ համեմատվել անգամ չենք կարող այս առումով։ Նրանք շատ, չափից շատ են սիրում իրենց կենդանիներին, ընտանիքի անդամի պես։ Եթե ուզում ես ինչ որ պատմությամբ հուզել դիմացինին՝ գերադասելի է, որ պատմությունը լինի ընտանի կենդանիների մասին։ Այդ դեպքում, վստահ եղիր, հաջողությունդ ապահովված է։

Ես ոչ մի բան չունեմ ընտանի կենդանիների դեմ։ Ինքս էլ կողմ եմ, որ ընտանի կենդանի պահելիս պետք է լավ խնամք հատկացնել նրանց, բայց չեմ կարողանում ընդունել այդ չափից շատ կարևորությունը ու դերը, որ տալիս են նրանց։

Ահա մի օրինակ, որով կավարտեմ այս հոդվածս։ Նկարչության ժամին կողքս նստող աղջկան հարցրեցի, թե ինչ է ուզում անել դպրոցից հետո և ստացա հետևյալ պատասխանը․

-Ուղղակի ապրելու եմ բոլորից հեռու, իմ կենդանիների հետ։

Կարծում եմ արդեն պատկերացնում եք։

Հ․Գ․ Իհարկե նաև չեմ կարող չնշել, որ ոչ բոլորն են այսքան ծայրահեղ այս հարցում։