taguhi hovhannisyan

Ընտրել կարևորը

Վերջապե՜ս… Վերջապես ես մայրիկին տեսա հանգիստ նստած ու ոչ մտազբաղ: Մտածեցի, որ կարելի է առիթը բաց չթողնելով խոսել իմ ու իմ ապագա անելիքների մասին: Եվ փորձեցի մտքերս ի մի բերել, մտածել, թե որտեղից սկսեմ, կամ ինչպես սկսեմ, որ զրույցը հաջող ընթանա, ու վերջապես մտքերս դասավորելով՝ խոսեցի:

-Մա՛մ։

-Ի՞նչ, Թագուհի՛:

-Մամ, իմ նկարները տեսե՞լ ես, տես, թե ինչ բնական են ստացվել:

Ու նկարած նկարներս հատ-հատ մայրիկիս եմ ցույց տալիս, ակնարկներ անում, որ շատ լավ եմ նկարում, ու որ կարելի է շարունակել։

-Հա՜, լավն են։ Ապրես, լավ էլ ստացվել են:

Ճիշտ է, նա ասաց, որ լավն են, ստացվել է, բայց նա չարձագանքեց իմ մյուս ասածներին կամ ուղղակի չուզեց խոսել:

-Հա՛, մամ, սիրում եմ էդ աշխատանքը ու ուզում եմ նկարչուհի դառնալ, որ ամեն բան, ինչ անցնում է մտքովս, նկարեմ։

-Թա՛գ, էդ քեզ ապագա չի, դրանով ոչնչի չես հասնի:

-Ախր, մամ, ի՞նչ պարտադիր ա, որ ինչ-որ բարձր աստիճանների հասնեմ, ես դա եմ սիրում ու դա եմ լավ անում:

Երկար ժամանակ լուռ էինք, սպասում էի, որ նա մի բան կխոսի՝ լիներ լավ, թե վատ: Բայց նա լուռ էր, նույնիսկ հայացքը չէր շարժում, երևում էր, որ շատ խորը մտածում է, տարուբերում, երևի արդեն հասել էր իմ՝ հասուն մարդ դարձած ժամանակներն ու ընկել երազանքների գիրկը:

-Հըն, մամ, ո՞ւր հասար։

Վերջապես, իմ այս խոսքերը մորս ստիպեցին խոսել․

-Չէ՛, Թագ ջան, հաստատ չէ՛, դա քոնը չի: Դու պետք ա էնպիսի բան սովորես, որ լավ գումար վաստակես ու քո աշխատանքից ինչ-որ բան հասկանաս:

-Մա՛մ, կարո՞ղ ես մի հատ աշխատանքի օրինակ բերել, որ ես կարող եմ անել ու կսիրեմ:

-Դե՜, օրինա՜կ, բանկային կառավարում:

Մայրս սա այն տոնով ասաց, որ ասես վաղուց էր մտածել այդ մասին, ու ուղղակի պահ էր որսում ասելու համար:

Բայց ինչպե՞ս բացատրեմ, որ դա իմը չէ, ի՞նչ կապ ունի, որ լավ գումար կվաստակեմ։ Այդ մասնագիտության համար պետք է սովորել այնպիսի առարկաներ, որոնք ես դեռ վաղուց տանել չեմ կարողանում, և ի սկզբանե չեմ սովորել։ Օրինակ՝ հանրահաշիվ։ Բայց մի կողմից մտածում եմ, որ մայրս միայն իմ մասին է մտածում, ուզում է, որ ես հետագայում լավ աշխատանք ունենամ, բավականաչափ գումար վաստակեմ:

Զրույցը կիսատ թողելով՝ գնացի սենյակ ու սկսեցի նկարել, բայց այս անգամ ինչ-որ կոնկրետ բան չէր, այլ անկապ, իրարից տարբեր իմաստ ունեցող պատկերներ, որոնք նկարագրում էին իմ հոգեվիճակը: Նկարում եմ ու մտածում՝ բայց ես կարող եմ նաև կառավարում սովորելու հետ մեկտեղ շարունակել իմ շա՜տ սիրելի նկարչությունը։ Հաստատ կլինի համատեղել, էդպես և՛ ես գոհ կլինեմ, և՛ իմ շատ հոգատար ու իմ մասին չափից շատ մտածող մայրիկը: