Ընտրի՛ր

Բանական էակը իր կյանքի ընթացքում բազմիցս կանգնում է ընտրության առջև։ Վաղ տարիքում  ընտրում է, թե ինչպիսի հագուստ կրի, տարիներ անց ընտրում է մասնագիտություն, գիտակցաբար ընտրություն է կատարում բարու և չարի, օգտակարի և անիմաստի միջև, հասուն տարիքում ընտրում է կողակցին…

Ընտրության բազմազանությունը և անհատի կողմնորոշումը ձևավորում է հաստատուն բնավորություն։ Չափահաս դառնալով՝ յուրաքանչյուրիս առջև դրվում է մեկ այլ, առավել պատասխանատու ընտրության հնարավորություն. համայնքապետի թեկնածուների, ավագանու անդամների, Ազգային ժողովի պատգամավորների, նախագահի…

Հատկապես պետական մասշտաբի հասնող ընտրություններին պետք է լրջորեն վերաբերվել, քանի որ դրանցից է բխում երկրի ապագան, ազգի բարեկեցությունը, արտաքին և ներքին քաղաքականությունը, արժանապատիվ ու պահանջատեր սերնդի և ժողովրդավար պետության կերտման դժվարին գործընթացը։

Տարիներ շարունակ հայոց մեջ գերակշռել է այն կարծիքը, որ թեկուզ ընդդիմադիր թեկնածուի ընտրելու պարագայում, ընտրությունների արդյունքում միշտ պարզվելու է, որ ձայների մեծամասնությամբ ընտրվել է այն կուսակցությունը կամ անհատը, որը հովանավորվում է իշխող կուսակցության (այս դեպքում՝  Հանրապետականի) կողմից։ Տարիներ շարունակ մենք վաճառել ենք մեր ապագան 10.000 դրամով, որովհետև ոմանք կարողացել են մեզ համոզել, որ չգիտես ինչի համար շտաբներում արձանագրվող անձնագրային տվյալները, ինչ-որ անհեթեթ հաշվարկները կարող են մատնել քեզ, եթե ընտրես ոչ այն թեկնածուին, ում խոստացել ես ընտրել, այլ նրան, ում առաջարկած ծրագիրն ավելի իրատեսական ես համարում։ Մեզնից շատերը հպարտանում են, որ հաջողացրել են և՛ 10.000 դրամ «շահել», և՛ ընտրել իրենց ուզած թեկնածուին։ 

Բայց արդյո՞ք նրանք այդպիսով իրենց մեջ չեն հասունացրել կաշառք վերցնողի հոգեբանությունը, կամ տեղյա՞կ են արդոք, որ կաշառք տալն էլ, վերցնելն էլ քրեորեն պատժելի են… Ինչևէ, յուրաքանչյուրս էլ կարող ենք գիտակցել ու սեփական վերլուծությունն անել, բայց ո՛չ երբեք կրկնել նույն սխալը՝ օրինակ ծառայելով ապագա սերունդներին։ Ըմբռնելով վտանգի ռիսկայնությունը՝ ընտրությունների կարևորության ու մեծ պատասխանատվության մասին սովորեցնում են ավագ դպրոցներում։ Հասարակագիտության դասագրքերի նյութերը պատմելուց բացի, այս տարի ավագ դպրոցների աշակերտներին հնարավորություն ընձեռնվեց իրականից չտարբերվող Ազգային ժողովի ընտրությունների մասնակցելու։ Գավառի ավագ դպրոցում ևս կազմակերպվեցին դասընթացներ, որոնցից հետո վիճակահանությամբ ընտրվեցին «թեկնածուների», «հանձնաժողովի անդամների», «վստահված անձանց» և «լրագրողների» դասարանները։ Մեկ օրվա պատրաստությունից, քարոզարշավից հետո, դպրոցում կազմակերպվեցին Ազգային ժողովի ընտրություններ։ Հաղթող կուսակցությունը մասնակցելու է Ազգային ժողովի նիստի։

Ահա թե ինչպես են իրազեկվում և իրենց պատասխանատու, իրավագիտակից ընտրողի դերում պատկերացնելով, խրախուսվում դեռևս ընտրության իրավունք չունեցող, կամ առաջին անգամ ընտրող աշակերտները։

Գոնե այժմ, երբ չկա կաշառք, իսկ բաժանվող մանդարինները ոչ մի դեր չեն խաղում, երբ հնարավորություն ունես հանգիստ խղճով ու գլուխդ բարձր հայտարարել, որ ժողովրդավար երկրիդ համար մի լավ բան ես արել, որ քո պետության տերը դու ես: Բաց մի թող հնարավորությունդ, թող նախկին անարդարությունների արդյունքում ձևավորված անտարբերությունդ, հրաժարվիր չեզոք քաղաքացու, խեղճացած ենթարկվողիդ կարգավիճակից, գնա և ընտրի՛ր՝ վստահ լինելով, որ քո քվեն որոշիչ է։

 Լուսանկարները՝ ավագ դպրոցի ֆեյսբուքյան էջից