arxiv

Թախանձագիր

(Ֆելիետոն)

Պապ ջան, հուսով եմ, որ դու ավելի շուտ կարթնանաս, քան Ջեկոն, որովհետև անցյալ անգամ էլ նամակս հողաթափերիդ մեջ էի դրել, ու երևի հիշում ես` ինչ եղավ… Երբ դու սա կարդալու լինես, ես արդեն դպրոցում կլինեմ: Խնդրում եմ, նստած կարդաս ու Էվելինային ասես` քեզ մի քիչ ջուր բերի: Ուզում եմ քեզ ներկայացնել այն ամենի ցուցակը, ինչ ինձ հարկավոր է վերջին զանգի ու ավարտական երեկոյի համար: Նախ` ինձ երեկոյան զգեստ է պետք, բոլորն արդեն գնել են, իսկ ես մնացել եմ «անշոր»: Ընկերուհիներս ասում են, որ լավ զգեստի գինն սկսվում է հարյուր հիսուն դոլարից, բայց լավ, ինձ հարյուր դոլարանոցն էլ բավական է: Նոր շորի հետ նոր կոշիկ է պետք, դրա համար խնդրում եմ դրամապանակիցդ մի հիսուն դոլար էլ առանձնացնես դրա համար: Բոլորն արդեն իրենց համար գեղեցիկ զարդեր են գնել: Իմ հավանած շորի հետ կսազի այն ոսկե շղթան, որ տեսանք ոսկերչական կատալոգում, և այն երեսուն դոլարանոց ականջօղերը: Վատ չէր լինի համապատասխան մատանի ու թևնոց գտնել: Ընկերուհիներս կատակում են. «Վերջին զանգի պայուսակ առե՞լ եք, իսկ ակնո՞ց, «վիպուսկնոյի» համար նոր ներքնաշորեր են պետք, նոր զուգագուլպաներ…»:  Կատակը՝ կատակ, բայց դրանք ինձ իրոք հարկավոր են: Կարծում եմ, մի քառասուն դոլարում կտեղավորվենք: Վերջին զանգից առաջ պետք է գնամ եղունգներս մշակելու, «առաջին անգամ կյանքում», մի սրահում շատ գեղեցիկ նկարում են եղունգների վրա: Ռեստորան գնալուց առաջ պետք է մազերս հարդարեմ «առաջին անգամ»: Դիմահարդարման համար մի քիչ կարելի է տնտեսել, Սուսիկը կանի, միայն թե անհրաժեշտ թարթիչաներկը, շրթներկը, մատիտները պիտի գնվի: Դեռ չեմ հաշվել` ինչ կնստի, երբ որ հաշվեմ` կասեմ: Միջոցառման ժամանակ բոլորը պետք է սպիտակ ու սև հագնեն: Ես դրանցից ոչ մեկն էլ չունեմ: Քանի որ սպիտակ վերնաշապիկ ու սև կիսաշրջազգեստ երբեք չեմ հագնում, ուրեմն, ստացվում է, որ դրանք ինձ ընդամենը մեկ անգամ են պետք գալու: Թող դրանք լինեն միակը և անկրկնելին: Դպրոցում ավարտական երեկոյի համար քսանական դոլար են հավաքում` ռեստորանում պիտի անցկացնենք: Ձեզ հրավիրում եմ, դու ու մաման էլ կարող եք գալ ռեստորան, միայն թե դրա համար յուրաքանչյուրդ քսանական պիտի մուծեք: Այսօր դասղեկը պիտի գա ու ասի, թե ինչքան ենք հավաքելու զանգակների, հրավիրատոմսերի, ուսուցիչների նվերների, դահլիճի, միջոցառման սցենարի համար: Այն, երևի պատվիրեն, դասի ոչ ոք չի գալիս` հազիվ մասնավոր պարապմունքներն են հարցնում, թե չէ` ինքներս կգրեինք:

Եթե կարդալով մինչև այստեղ հասել ես, ուրեմն, լավ է, այս դեղերի ցուցակը քեզ պետք չի գա: Այնուամենայնիվ, այն կցում եմ սրա հետ, որովհետև վերոհիշյալ ցուցակը դեռ կեսի կեսն է: Լրիվ չհասցրի գրել` քննությունից ուշանում էի: Ի դեպ, քննության համար ծաղիկների ու քննական հանձնաժողովի հյուրասիրության համար փող են հավաքել: Իմ տեղն ուրիշն է տվել, ես ասացի, որ մյուս քննությանը կբերեմ: Գումարը կճշտեմ, հաջորդ քննությունը վաղը՝ չէ, մյուս օրն է: Հա , մեկ էլ ուզում եմ հիշեցնել, որ դասախոսների վարձը պետք է վճարել մինչև ամսվա վերջ:

Հ.Գ. Պապ, մի՞թե չես ուզում, որ քո դստեր ավարտական երեկոն անմոռանալի լինի: Չկարծես, թե սա ասում եմ, որ լուսանկարչական ժապավեն ու դատարկ տեսաերիզ գնես…

Քո դուստր` Արփինե Գրիգորյան, 16տ., 2000թ.