Թաքնված Երևանը (մաս 2)

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Շարունակում ենք մեր երևանյան բացահայտումները։ Այս անգամ Կենտրոնի փողոցներում հայտնվելը պարտադիր չէ։

Փոխարենը կարող ես նստած լինել տանը, ընկերներիդ հետ դուրս գալ զբոսանքի կամ էլ ուղղակի հայտնվել քաղաքի ցանկացած մասում։ Մինչ բուն գործողությունը սկսելը ուշադիր նայիր շուրջդ։ Անկեղծ ասած՝ չգիտեմ ինչ կտեսնես։ Միգուցե շտապող ամբոխ, գեղեցիկ մայրամուտ, հոգնած դեմքեր ու փակվող խանութներ, կամ ընդհակառակը՝ նոր զարթնող քաղաք, ժպտերես մանուկներ ու դատարկ փողոցներ։ Խնդրանքս մեկն է՝ տեսածդ մտապահիր։

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Հիմա անցնենք բուն գործին։ Գտիր մի շենք, կտուր, ուղղակի մի բարձր անկյուն, որտեղ կարող ես առանձնանալ կամ ժամանակն անցկացնել ընկերներիդ հետ։ Հետդ վերցրու ականջակալներդ, սիրածդ ըմպելիքը ու բարձրացիր վերև։ Հարմար տեղավորվիր, դիր ականջակալներդ ու միացրու ցանկացած երգ։ Հիմա կրկին նայիր շուրջդ։ Քեզ շրջապատում են գեղեցիկ ամպեր, միգուցե անամպ երկինք, իսկ ներքևում գտնվող աշխարհը քեզ միգուցե լրիվ ուրիշ աշխարհ թվա։ Այդտեղ՝ վերևում, դու կհասկանաս, թե ինչքան փոքր ես դու ու քո խնդիրները, ինչքան փոքր են բոլոր-բոլորը։ Եթե մտովի քո առջև բացված տեսարանից հանես բոլոր-բոլոր կառույցները, կտեսնես Երևանը՝ խորշոմած ծերունական դեմքեր, պատանեկան ժպիտներ, մանկական անկեղծ հայացքներ ու ընտանեկան խնդիրներ, միգուցե արցունքներ ու թախիծ, հնարավոր է՝ անասելի երջանկությամբ լցված ժպիտներ, սուտ, կեղծիք, խաբեություն, բայց դրանց զուգահեռ՝ ազնվություն, հավատարմություն ու լիքը ձգտումներ։ Սա այն Երևանն է, որի հետ կարող ես ժամերով խոսել, պատմել քո երազանքները, վիճել նրա հետ, որովհետև չի արդարացրել քո սպասումները ու քաջալերել նրան։ Վերևից Երևանը դառնում է մի դեմք ու մի անհատականություն՝ ստեղծված միլիոնավոր անհատների միախառնումից։ Նա դառնում է զրուցակից, ում կարիքը մենք շատ հաճախ ունենում ենք։

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Երբ կրկին իջնես վերևից, կրկին նայիր շուրջդ։ Անկեղծ ասած՝ չգիտեմ ինչ կտեսնես։ Միգուցե շտապող ամբոխ, գեղեցիկ մայրամուտ, հոգնած դեմքեր ու փակվող խանութներ, կամ ընդհակառակը՝ նոր զարթնող քաղաք, ժպտերես մանուկներ ու դատարկ փողոցներ։ Բայց ես վստահ եմ, որ տեսածդ կտարբերվի քիչ առաջվա մտապահածիցդ։ Երևի հիմա ամեն ինչը կլինի ավելի գունավոր կամ, ընդհակառակը, գունաթափ։ Ամեն ինչ կլինի լցված քո մտքերով։

Խնդրեմ։ Այսօրվա համար այսքանը։ Միգուցե Երևանը բացահայտելու փոխարեն դու բացահայտեցիր ինքդ քեզ, ինչ-որ մի ուրիշ «ես»։ Բայց քո նորահայտ «ես»-ի հետ ի հայտ կգա մի նոր Երևան՝ լցված քո սեփական մտահղացումներով ու երազանքներով․ քո սեփական Երևանը, որի մասին ոչ ոք չգիտի․․․