Shushan nersisyan

Թեյի սեղան

Ես քեզ թեյի մեկ սեղան եմ պարտք, զրույցի թեման դու ինքդ կորոշես: Հենց որոշես, կհանդիպենք քաղաքի սրճարաններից մեկում, որ թեյ խմենք: Մատուցողն այդ օրն արդեն որերորդ անգամ իրենից գոհ դեմքով մեզ՝ իր համար հերթական թեյ խմող մարդկանց կմոտեցնի թեյերի տեսականին, իսկ մենք կտարբերվենք հերթական թեյ խմողներից, մենք պարզապես տաք թեյ կպատվիրենք, եղածներից ամենատաքը, որի գոլորշին կխառնվի իմ ժպիտին: Շաքարավազի կարիք չի լինելու:

Ես հագնելու եմ թափանցիկ բլուզ, դու՝ վանդակավոր վերնաշապիկ. այդպես դու իդեալական ես: Մազերս հավաքելու եմ ամենաանփույթ տարբերակով, դու կլինես բոլորից կոկիկ (ինչպես միշտ): Շրթներկ չեմ քսելու, ժպտալու եմ, դու լինելու ես լուրջ, մի քիչ գործնական (ինչպես միշտ):

Խոսակցության թեմաները, ինչպես որոշել էի, դու ես առաջարկելու, ես ձևացնելու եմ, թե հետաքրքիր են: Դու խոսելու ես, իսկ ես ձևացնելու եմ, թե հասկանում եմ: Մի քանի հերթապահ հարց կտամ, դու կպատասխանես լուրջ, մանրամասնորեն (ինչպես միշտ):

Իսկ ես լսելու եմ, լսելու եմ ձայնդ, երբեք չփոխվող ձայնդ…

Դու շարունակելու ես խոսել, ես՝ ձևացնել:

Բաժակներում եղած թեյը, ձանձրանալով ձևականություններից, աստիճանաբար սկսելու է սառչել, ու դու թեյնիկում մնացած տաք թեյով տաքացնելու ես առաջինն՝ իմ, հետո քո բաժակի թեյը՝ երկարացնելով մեր հանդիպումը: Ես շարունակելու եմ ժպտալ…

Հետո զգալու եմ հանդիպման վերահաս ավարտը ու երկու ափով գրկելու եմ բաժակս, որ թեյը չսառչի: Դու շարունակելու ես խոսել, ես՝ զգալ ավարտը, դու՝ խոսել, ես՝ զգալ…

Սրճարանից դուրս գալու առաջարկը քոնն է լինելու (ինչպես միշտ), ես երբեք նման առաջարկ չէի անի: Ես չեմ մերժելու: Իմ պատվիրած տաք թեյի համար դու ես վճարելու (դու երբեք թույլ չես տալիս, որ քո փոխարեն ուրիշները վճարեն): Ու ես նորից քեզ մեկ թեյի սեղան եմ պարտք մնալու:

Մենք քայլելու ենք դեպի դուռը (միակ բանը, որ այդ օրը երկուսս միաժամանակ ենք անելու): Դու բացելու ես դուռը, առաջինը ես եմ դուրս գալու՝ թիկունքիս զգալով ներկայությունդ:

Սրճարանից դուրս ենք գալու միասին՝ սեղանին թողնելով երկու կիսատ թեյի բաժակ, որոնցից մեկի թեյն ամբողջովին սառած է լինելու, մյուսը վերջին ճիգերով պայքարելու է չսառչելու համար՝ կարծելով՝ դեռ կերկարացնի հանդիպումը: Այս վերջին բաժակի թեյը ամբողջովին կսառչի միայն այն ժամանակ, երբ զգա, որ հանդիպումն ավարտվել է, ու իր սառչել-չսառչելը ոչինչ չի փոխելու, որ չսառչելու պայքարն անիմաստ է:

Երբ մատուցողը մոտենա մեր սեղանին, գտնելու է երկու արդեն ամբողջովին սառած թեյի բաժակ։