alla harutyunyan

Թեյս սառել է, հոգիս՝ ջերմացել…

Նա անտարբեր նայում էր պատուհանից ու նկատում, որ քաղաքը վաղուց խոր քուն էր մտել, և անգամ հարևանի շունը, ողջ օրը այս ու այն կատվի հետևից ընկնելուց հոգնած, ննջել էր լուսնի նուրբ սավանի տակ։ Լուսինն էլ, կարծես մարդկանց հավերժ անցուդարձից ձանձրացած, ծուլորեն իր լույսն էր սփռում մերթ այս, մերթ այն ճյուղի վրա։ Աշխարհի մի գողտրիկ հատված, որ Աստծո կամոք ունակ էր տեսնել աչքը, Մորփեոսի գիրկն ընկած, տեղափոխվել էր երևակայական մի միջավայր՝ վարդագույն երազներով ու երազանքներով լեցուն։

Մութ գիշերի այս խլացնող լռության մեջ նա մտորում էր ինչ պատահի… Մտքեր, որոնք լի էին աշխարհի ողջ դառնությամբ, և անգամ Շամշադինի կծան մեղուների արտադրած ամենաքաղցր մեղրը, որ դեռ կպած էր շուրթերին, չէր կարող փոխել խիստ մարդկային այն զգացումը, որ ամեն բան կյանքում գնում է անդունդը։ Ինչո՞ւ խիստ մարդկային․․․ Չգիտեմ։ Նա էլ չգիտեր։ Գիտակցաբար նա չէր գիտակցում կատարվածը. չէր ցանկանում։

«Գիտակցությունը զենք է, որ ցանկացած պահի կարող է գործել ինչպես թշնամուդ, այնպես էլ քո դեմ»,- մտածում էր նա։ Թե ով էր ինքը, չգիտեր. բախտի խոնարհ ծառա, կյանքի ուշիմ աշակերտ, նպատակների զինվոր, ցանկությունների գերի, սիրո բանտարկյալ, թե լիարժեք հիմար։ Հավանաբար, այդ պահին նա ամեն ինչ էր և ոչինչ միաժամանակ։ Բազում երանգներ, որ տարիներ շարունակ լցնում էին նրա հոգու դատարկությունը և առաջացնում էին լիության և բավարարվածության ցնորք, վերացան նույնքան արագ, որքան հայտնվեցին։ Նա քայլ առ քայլ ազատվում էր տարիների այն կարծր ծեփից, որը ջերմության, ապահովության, կայունության պատրանք էր ստեղծում։ Հաճելի մի սուտ, որը սիրում էր ինքը, և որը սիրում էր իրեն։ Սուտը սիրում է կույրերի, սնվում է այդ թշվառների ներքին կուրությամբ և վերածում նրանց անդեմ բայերի, որ զանազանվում են միայն սեռով… Բայց նա ժամանակին ստացավ ապտակ. մի խուլ, դաժան ապտակ՝ կյանքի սիրո ապտակը, որ ստիպեց սթափվել, որ ստիպեց ոչ թե նայել, այլ տեսնել, նկատել, զգալ, վերլուծել, հասկանալ։ Թե ինչ էր պատահել՝ գիտենք միայն ես և նա՝ մարմինը և հոգին, գիտակցությունը և զգացմունքը, ուղեղը և սիրտը, Ինը և Յանը, մենք շատ անուններ ունենք, իմաստն է նույնը, երբ ներդաշնակ ենք, հաղթահարելի է ցանկացած արհավիրք, ինչպես մի գավաթ թեյի շուրջ լուծելի է ցանկացած խնդիր։