anush mkrtchyan

Թեք աղջիկ

Միշտ էլ սիրել եմ կայարանները` իրենց խորհրդավոր լռությամբ: Ամեն ինչ մի պահ խառնվում է իրար, իսկ հետո մեռնելու աստիճան լռությունն ու կայարանի հսկիչի ծխախոտի քուլաները միախառնվում են իրար, ու ամեն ինչ դառնում է նույնը` մինչև հաջորդ գնացքը:
Առավել շատ սիրում եմ գլխարկս թեք դնել, այնպես, ինչպես սիրում եմ թեք ապրել, փողոցում քայլել խառը, օվալաձև, բայց ոչ երբեք ուղիղ` ինչպես տետրի լուսանցքը:
Մարդիկ անիմաստ ծխում են կայարանի դռան առջև, անզգա իրար կորցնում ծխի մեջ, իսկ ես, որ ամենից շատ «ուղիղ» բառից եմ վախենում, բարձրանում եմ գնացք ու փորձում պահել թեքությունս մինչև վերջին կանգառը:
Իմ բախտը միշտ չի բերել, ու ես հաճախ ստիպված եմ եղել նստել գնացքում կանաչի վաճառող տատիկի կողքին ու լսել` համեմը` 100, սոխը` 150:
Եթե գնացք էի բարձրացել գիրք կարդալու կամ պատուհանի կողքին լուռ մտածելու, ապա իզուր, որովհետև ես դառնում եմ գնացքի միակ գանձապահը.
-Էս «զդաչին» մի հատ կփոխանցես, ազիզ ջան:
-Հա, իհարկե:
Իսկ հետո էլ ասում եմ` թեք: Մարդիկ երբեք չեն նկատում քո թեք գլխարկը, իրենց զննող ուշադիր հայացքդ, նրանք արգելում են քեզ լինել թեք, քո կամքին հակառակ քեզ դարձնում առաքիչ ու մտցնում ուղիղ գծի մեջ` ինչպես տետրի լուսանցքը:
Դու իրավունք չունես ուրիշ, առավել ևս` թեք լինելու, քանի դեռ աշխարհում կան գնացքում կանաչի վաճառող կանայք, ովքեր քեզ թեքում են ու դարձնում ուղիղ:
…Գնացքը սուլում է, վերջին կանգառն է: Իսկ ես դեռ լսում եմ.
-Համեմը` 100, սոխը` 150…