anushik davtyan

Թե ինչը ինձ ստիպեց ուսումնասիրել տիեզերքը

Մոտ մեկ տարի առաջ էր, ամառային մի խաղաղ գիշեր: Երկինքը զարդարված էր հազարավոր պայծառ ու գեղեցիկ աստղերով: Պառկեցի, որ քնեմ, բայց այդպես էլ ինձ դա չհաջողվեց: Աչքս ընկավ աստղերին, սկսեցի ուսումնասիրել դրանք:

Անցավ մեկ ժամ, երկու ժամ, երեք ժամ, ես դեռ անթարթ հայացքով աստղերին էի հետևում: Բանն այն էր, որ նկատել էի երեք աստղերից կազմված մի եռանկյունի, իսկ այդ եռանկյունու մեջ կային ևս երեք աստղեր, որոնք ժամանակի ընթացքում ավելի ու ավելի էին մոտենում իրար:

Մոտ ժամը հինգին նկատեցի, որ մեզ արդեն ծանոթ եռանկյունու ներսում գտնվող աստղերը ավելի են մոտեցել իրար: Շարունակեցի նրանց դիտել, և հանկարծ նրանք ավելի մոտեցան իրար, և հենց այդ վայրկյանին երկրաշարժ սկսվեց:

Ես երկրաշարժերից շատ եմ վախենում, նամանավանդ այն ժամանակ, երբ դրանք տեղի են ունենում գիշերը, երբ ոչ ոք կողքիս չի լինում: Երկրաշարժի հնարավոր հետևանքներից վախենալու փոխարեն ուշադրությամբ հետևում էի աստղերին, բայց նրանք պահպանում էին իրենց հին կառուցվածքը:

Ես չէի կարողանում հասկանալ, թե արդյո՞ք երկրաշարժը այդ աստղերի իրար մոտենալու պատճառով տեղի ունեցավ, թե՞ դա պարզապես զուգադիպություն էր:

Ամբողջ գիշեր չկարողացա քնել: Աստղերը այդ նույն դասավորվածությամբ էլ մնացին, միայն այդ աստղերի խմբի դիրքն էր փոխվում, դե դա էլ երկրագնդի պտույտի հետևանքն է, հետևաբար այդպես էլ պետք է լիներ:

Վերջապես լուսացավ, և նրանք այլևս չէին երևում:

Անմիջապես վեր կացա և սկսեցի մերոնց պատմել այդ առեղծվածի մասին: Եղբայրս ասաց, որ դա պետք է որ զուգադիպություն լինի, և ասաց, որ նորից այդպիսի հետաքրքիր բան նկատելու դեպքում, իրեն էլ ասեմ: Իսկ մայրիկիս թվում էր, թե երազումս եմ այդ ամբողջը տեսել: Նկատելով, որ բոլորը ասածներիս թերահավատորեն են մոտենում, որոշեցի հույսս դնել միայն ինձ վրա և փորձել բացահայտել այդ առեղծվածը: Սկսեցի փորփրել ամբողջ համացանցը և գրքերը, բայց այդպես էլ չկարողացա որևէ բացատրություն կամ նմանատիպ դեպք գտնել: Այս փնտրտուքի արդյունքում, միայն մի բան կարողացա հիշել, որը մի փոքր կարողացավ ինձ օգնել: Դա այն էր, որ տիեզերքում աստղերը չեն կարող միմյանց մոտենալ կամ միմյանցից հեռանալ, ճիշտ է, նրանք շարժվում են, բայց միայն խմբերով և միևնույն ուղղությամբ:

Այսպիսով, սկսեցի մտածել, որ դրանք ոչ թե աստղեր էին, այլ ուրիշ մարմիններ: Բայց ի՞նչ կարող էին դրանք լինել: Դրանք ինքնաթիռ կամ ուղղաթիռ չէին, դա հաստատ կարող եմ ասել:

Այդ առեղծվածը ինձ համար մինչ օրս բացահայտված չէ: