anushik davtyan

Թե ինչպիսին պետք է լինի լավ լրագրողը՝ իմ կարծիքով

Լրագրողները և, ընդհանրապես, տարբեր մասնագիտության տեր բոլոր մարդիկ պետք է լինեն բազմակողմանի զարգացած: Պարտադիր չէ լինել պրոֆեսիոնալ բոլոր բնագավառներում, այլ պարզապես ունենալ թեկուզ մակերեսային գիտելիքներ որոշ կարևոր ոլորտներից, ինչպիսիք են տնտեսագիտությունը, քաղաքագիտությունը, առողջապահությունը, իրավաբանությունը, միջազգային հարաբերությունները: Եթե ինձ մնա, այս շարքը շատ կերկարի, բայց դա այն պատճառով է, որ ես իդեալիստ եմ և ոչ մի կերպ չեմ ընդունում որևէ ոլորտի մասին գոնե մակերեսային գիտելիքների բացակայությունը: Բացի դրանից՝ ինչպես ասել է ականավոր տնտեսագետ Փոլ Սամյուելսոնը. «Գիտությունը համագործակցության և հասարակական գիտելիքի արդյունք է, և ոչ երբեք մեկ մարդու գործ»: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ ինչ-որ մեկը մի գյուտ է արել, հետո որոշ ժամանակ անց մեկ ուրիշը, օգտվելով իր նախորդի գյուտից, կատարելագործել է այն, ու այսպես շարունակ: Եվ ուրեմն, եթե չեք կարող որևէ բան կատարելագործել, ապա գոնե պետք է սովորեք այն ամենը, ինչը բացահայտել և սերունդներին են փոխանցել մեր նախնիները, և սրանից հետո արդեն որևէ կատարելագործում կատարելը դառնում է անխուսափելի: Չշեղվելով բուն թեմայից՝ ասեմ, որ լրագրողի համար բազմակողմանի զարգացած լինելը շատ կարևոր է, որովհետև դա նրանց սովորեցնում է քննադատաբար և հաճախ տարբեր մարդկանց տեսանկյունից նայել հարցին: Եվ, վերջապես, քանի որ շատ դեպքերում լրագրողը իր հոդվածներում արտահայտում է հենց իր սեփական կարծիքը, և նրա հոդվածները կարդալու են տարբեր մասնագիտության տեր մարդիկ, ապա շատ կարևոր է ոչ միայն այլ ոլորտների հետ կապված սխալներ թույլ չտալը, այլև այնպես համոզիչ գրելը, որ ընթերցողին թվա, թե դա գրել է տվյալ ոլորտի մասնագետը: Այսպիսի լրագրողը միշտ էլ գնահատված է լինում հասարակության կողմից:

Հաջորդ հատկանիշը, որը պետք ունենա լավ լրագրողը, նոր մարդկանց հետ ծանոթանալու ցանկությունն ու նրանց հետ շփվելու կարողությունն է: Շատ եմ լսել, երբ ասում են, որ լրագրողական աշխատանքի գագաթնակետը հարցազրույցն է: Հնարավոր չէ ունենալ լավ հարցազրույց, եթե լրագրողը ինքը չի ցանկանում շփվել այն մարդու հետ, որից հարցազրույց է վերցնում:

Շատ կարևոր է նաև, որ լրագրողը ցանկանա միշտ նոր գիտելիքներ ձեռք բերել ու զարգանալ, որովհետև մարդկանց չձանձրացնելու համար պետք է միշտ քայլել ժամանակին համընթաց: Աշխարհը շատ արագ է փոխվում և թեկուզ հևալով էլ լինի, մենք պետք է հասնենք նրա հետևից: Մարդկանց հետաքրքրությունները, աշխարհի նման, շատ արագ են փոխվում, հետևաբար լրագրողը պետք է նոր բաներ սովորելու կարողություն ունենա, որպեսզի մարդիկ կարողանան կարդալ նրա հոդվածները:

Լավ լրագրողը պետք է լինի գրագետ: Կարծում եմ՝ այստեղ մեկնաբանության կարիք չկա:

Վերջապես, լրագրողը պետք է գիտակցի, որ ինքը պարտավոր չէ թղթակցել տարբեր թերթերի իր ամբողջ կյանքի ընթացքում: Հնարավորության դեպքում պետք է հիմնել սեփական թերթը կամ բլոգը: Շատ լավ կլինի, եթե բոլորն այսպես մտածեն: Եթե մարդկանց գոնե քառասուն տոկոսն այսպես մտածի, մենք լուրջ դրական տեղաշարժեր կունենանք մեր տնտեսության մեջ: Երբ արդեն հաջողակ լրագրողը, կամ, ընդհանրապես, որևէ այլ մասնագիտության տեր մարդը դուրս գա աշխատանքից և հիմնի իր սեփականը՝ հաշվի առնելով ու չկրկնելով իր նախորդ գործատուի սխալները, ապա կբացվեն նոր հաստիքներ երիտասարդների համար, ոչ միայն իր նախկին աշխատավայրում՝ աշխատանքից դուրս գալու հետևանքով, այլև իր բիզնեսում, որովհետև երկար հնարավոր չէ դիմանալ առանց աշխատողների: ԱՄՆ-ն շատ զարգացած է և ունի լավ տնտեսություն, որովհետև ամերիկացիների մեծ մասն ունի հայտնի ամերիկյան երազանքը՝ հիմնել սեփական բիզնեսը: