diana ayvazyan

Թե ինչ է մեզ պետք այս օրերին

Սերը կփրկի աշխարհը։ Ինչքա՜ն շատ ենք լսում ու գործածում այս իրարից կապված բառերը, երբեմն՝ առանց հասկանալու լրջությունը, երբեմն էլ կես կատակ ու կես լուրջ։ Ամեն ուրախության ու ցնծության պահին կարող ենք ասել՝ սերը կփրկի…

Իսկ հիմա՞, այս մութ ու տխուր ժամանակներում ի՞նչ ենք ասելու։ Թերևս նույնը, բայց այս անգամ բառերի տակ թաքնված «կյանքը» հասկանալով։ Սերը կփրկի՜ աշխարհը… Զգո՞ւմ եք արդեն՝ որքան հոգատարություն, որքան վստահություն, որքան հավատ ու հույս, որքան միմյանց կորցնելու վախով լցված մարդիկ, որքան բարություն, որքան երազանքներ ու որքան սեր…

Մեզ այս օրերին կփրկի մի ժպիտը, մի քաղցր խոսքը։

Սովորական էր իրար գրկելը, ձեռքով բարևելը, իսկ հիմա կարծես հեռացել ենք իրարից։ Դրա համար եկեք իրար ջերմացնենք գոնե այսպես, սիրենք ու սիրվենք և հաղթահարենք այս փորձությունը ևս միասին։

Մեզ այս օրերին պետք է այն, ինչի գոյությունը սկսել էինք փոքր-ինչ արժեզրկել՝ այն մեզ համար սովորական դարձնելով։ Գուցե իսկապես պետք էր նման մի բան, որ սկսեինք գնահատել այն, ինչ ունենք։ Սխալ չէ ասված, որ պետք է գնահատել ժամանակին։ Նայենք մեր շուրջը։ Երևի այսպես մեկուսացված չենք եղել երբևէ։ Մտածել է ստիպում։ Այս ամենից հետո երևի թե կսկսենք գնահատել ամեն հանդիպումը, ամեն ժպիտը, ամեն ձեռքսեղմումը, ամեն հայացքը, ամե՜ն-ամե՜նը, ինչը մեզ կապում է մեր հարազատներին։

Սիրո կարիք ունենք հիմա առավել, քան երբևէ։ Բառերով էլ են գրկում, չէ՞։

Հենց այսպես էլ, միայն այսպես, վստահաբար կարող ենք ասել, որ սերը կփրկի մեզ։ Մի ժպիտը, մի բաժակ թեյը, մի կաթիլ հոգատարությունը կլցնեն մեզ հույսով։ Սերը ամուր կգրկի մեզ ու կստիպի ապրել ու պայքարել։ Սերը մեզ կդարձնի պատերազմին հաղթողներ, չէ՞ որ Աստված սեր է։