anush davtyan

Թե «ոնցն» էր իմ ճամբարը

Մի փոքրիկ գյուղ՝ Եղնաջուր, երկու հերթափոխ, վաթսունհինգ անծանոթ երեխա, ու քսան օր ժամանակ, որ էս ամեն ինչը մարսես։

Երբ դեռ չէի գնացել ճամբար, մեծ հույսեր ու սպասելիքներ ունեի։ Դողում էի, չգիտեի՝ ինչ կկարողանամ տալ էդ երեխեքին, ինչ պիտի սովորեցնեմ իրենց։ Մտածում էի, որ ոչ մի հետաքրքիր բան չգիտեմ, ճամբար եկող երեխու համար ոչ մի անհրաժեշտ բան։ Ու էդպես անընդհատ մտածում էի, թե ինչ պիտի տամ էդ երեխեքին, ինչ են հասկանալու ինձ հետ անցկացրած 20 օրերից։

Բայց հետո սկսվեց ճամբարը, գիժ օրերը եկան։ Առաջին օրվանից սկսած՝ ամեն ինչ էնպես իրար խառնվեց, էնպես արագ զարգացավ, որ հազիվ էի հասցնում հետևից։ Նախ պարզվեց, որ հիմիկվա երեխեքին համարյա ոչ մի բան չի հետաքրքրում։ Ոչնչով չես գրավի իրենց ուշադրությունը։ Ու իրոք, պայքար էր գնում էն բանի համար, որ ուղղակի իրենց ուշքն ու միտքը պահենք մի տեղում, ցրված չլինեն, կենտրոնանան։ Իսկ էդ հնարավոր էր միայն ընդամենը 10 րոպեով։

Իրենց հետաքրքրող բաներից էր մեկ գնդակը (էն էլ ոչ միշտ), մեկ էլ «Uno» կոչվող խաղը։ Իսկ դրանով ամբողջ օրը չէր կարելի զբաղվել։

Ինչքան էլ որ տարօրինակ թվար ինձ, բայց հոդվածներ, պատմվածքներ գրելու ու հարցազրույց վերցնելու թեման բոլորին հետաքրքրել էր։ Անկախ նրանից, թե ինչ մակարդակի էին հայոց լեզվից էդ երեխեքի գիտելիքները, իրենք գրում էին ու գրում էին անկաշկանդ։ Մոտ հինգ րոպե էր պետք, որ 10-12-հոգանոց խմբին համոզես, որ իրենց ցանկացած միտք հետաքրքրում է ինձ։ Ու վերջ։ Ու գնաց։ Թուղթը թղթի հետևից հանձնում էին՝ լինի կարճ երկտող, լինի կես էջ գրված պատմվածք։ Ու նույն բանը հարցազրույցի ժամանակ էր։ Անգամ որ թեման ամենաանհետաքրքիրն էր թվում, անգամ, որ թեմա էլ չկար նորմալ, իրենք հարցեր էին շարադրում, մարդ էին գտնում, որ տան էդ հարցերը։ Հետո վազում էին մոտս, որ պատասխանները ցույց տան։ Քանի որ բոլորից հավաքել էին հեռախոսները, չէին կարող ձայնագրել, ասել էի՝ գրեն պատասխանները, որ իմանամ՝ ոնց է անցել հարցազրույցը։

Էս ամենից բացի՝ նույնքան հետաքրքիր էր արշավների գնալը։ Ավելի կոնկրետ՝ էն ցանկությունը, որով իրենք դուրս էին թռնում ճամբարի շենքից, որ գնան սար (հիմնականում հենց սար էինք գնում)։ Բնական էր, որովհետև էդ գյուղում ոչ ծառ կար, ոչ նորմալ ծաղիկ, ճամբարի բակում առհասարակ ոչ մի բուսականություն չկար։ Ու բոլորս միասին անհամբեր սպասում էինք էդ ձևական արշավներին, որ հերթական սարը բարձրանանք, երեխեքը ծաղիկ հավաքեն։ Նման տեղերում կարոտ ես մնում բնությանը, ծառերի արանքից փչող ամենասովորական քամին էլ է դառնում արտասովոր ու երկար սպասված մի բան։ Էնքան, որ հետդարձին հենց «ցիվիլիզացիայի» հասանք, իրար կողքի աճած երկու ծառի վրա էնքա՜ն ուրախացանք։ Էն սպասումները, որ պիտի բարձրանանք ամենաբարձր սարը, հետներս ջուր ու ուտելիք տանենք, միգուցե հենց տեղում խարույկ անենք, ուրախանանք, լրիվ կորան հենց առաջին սար գնալիս։ Ոչ ջոկատավարների, ոչ էլ ճամբարական երեխեքի ֆիզիկական վիճակը, պարզվեց, պատրաստ չէր թեկուզ ցածր սար բարձրանալու համար։ Ճանապարհի կեսից արդեն հևոցով խնդրում էին, որ հետ գնանք կամ կեսից ավելի չբարձրանանք։ Սրանից բացի՝ ամեն առավոտ արվող մարզանքներին ոսկորների էնպիսի ճրթճրթոց էր լսվում, որ մտածում էի՝ հեսա կքանդվեն էս երեխեքը։ Մի անգամ մի ջոկատավար մոտեցավ ինձ, ասաց՝ լավ դե, հերիք է, մեղք են էս երեխեքը։ Իսկ ես դեռ կեսն էլ չէի արել էն ծրագրից, ինչ մենք ամեն շաբաթ անում էինք համալսարանում։

Էս քսան օրերից հետո արդեն ուրիշ աչքերով եմ նայում երեխեքին։ Էլ չեմ մտածում, որ ինձ հետ անհետաքրքիր կլինի, որովհետև ինձնից չի կախված։ Եթե թողնես, որ երեխան մի քիչ խոսի, մի քանի բան ասի իր մասին, հետո արդեն էնքան հարց կառաջանա, որոնց ինքը սիրով կպատասխանի, որ ժամանակը կթռնի, չես էլ նկատի։ Երևի պիտի փոխադարձ լինի էդ հետաքրքրությունը։

Ճամբարից հետո շատ բան է մնացել հիշելու ու մտածելու։ Ու ոնց ասում է մամաս․

-Էս հուշերը ամբողջ կյանքումդ հետդ են մնալու։

Ու թող մնան, ես դեմ չեմ։