Թթի փառատոն Քարահունջում

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրում  տեղի ունեցավ Թթի փառատոն: Տարբերվող և հետաքրքիր փառատոն էր, որին մասնակցում էին տարբեր համայնքներ, իսկ մասնակիցները հերթով մոտենում էին, ուսումնասիրում տաղավարները: Փառատոնը Քարահունջի բնակիչներից մեկի՝ Անդրանիկ Բաղդասարյանի այգում էր, տեղի ունենում: Այգին շատ մեծ էր և թթի ծառերով լի:

Շուտով փառատոնը մեկնարկեց, երաժշտությունը հնչեց, սկսվեց թութ թափ տալու մրցույթը, որը զբոսաշրջիկների համար հրաշքի պես բան էր: Մրցույթը 3 մասնակից ուներ. Քարահունջից Մանվել Ալավերդյանն ու Սաշիկ Դարբինյանը, մյուս մասնակիցը Գորիս համայնքի բնակիչ` Լյովա Հակոբյանն էր: Թութը թափ տվեցին, տեղում օղի քաշեցին և հյուրասիրեցին մասնակիցներին: Ինչ ասեմ, հետաքրքիր էր: Մրցույթը հաղթողներ և պարտվողներ չուներ, 3 մասնակիցներն էլ նվերներ ստացան:

Տաղավարներից մեկում խմոր էին հունցում, լավաշ թխում, հյուրասիրում տոլմա, նաև խաշիլ էին եփում: Մի աղջիկ տարազը հագին, երկանքով փոխինձ էր աղում և խաշիլ եփում: Փառատոնի տարածքում գյուղական ամեն ինչ կար. թթի չամիչ, թթի օղի, դոշաբ, թութ, անգամ ձի, էշ, որոնց հետ մարդիկ լուսանկարվում էին: Տաղավարներում կային տարազներով տիկնիկներ, որոնք Քարահունջի երեխաներն էին պատրաստել, հայկական տարազի նախշերով պայուսակներ, որոնք տուրիստների ուշադրությունն էին գրավում, իսկ բարձր տրամադրությունը ապահովում էր «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը:
Փառատոնին աչքի էին ընկնում 2 փոքրիկ, ովքեր հայկական տարազներով էին, բոլորը մոտենում էին նրանց և նկարվում, դե նրանք էլ մեծ հրճվանքով էին իրենց գործն անում:

Կարող եմ ասել, որ ինքնատիպ փառատոն էր, Քարահունջի բնակիչները շատ հյուրընկալ էին, հետաքրքիր էր նրանց հետ շփվել: Կարծում եմ տարեցտարի փառատոնն ավելի բովանդակալից կդառնա և մեծ համբավ ձեռք կբերի: