Թիկունքից քեզ

Բարև քեզ՝ առաջնագիծ՝ թիկունքից։

Ստույգ ու միայն ՔԵԶ, որովհետև ես հիմա իմ սերը, կարոտը, ուժը, էներգիան, քիմիան, ամենն ուղղում եմ հենց քեզ։ Ստացա՞ր, դե խնդրում եմ ամուր պահիր սրտիդ մեջ։ Միայն թե դրանք էլ չկորցնես, ինչպես նվիրածս հիմար նոթատետրը կորցրիր։ Չեմ ուզում նորից մի տեսակ ներողամիտ ժպիտով ասել՝ ոչինչ, կարևոր չէր, երբ այնքա՜ն կարևոր էր…

Գրում եմ քեզ թիկունքից։ Էդ մասով միքիչ տխուր եմ, կուզեի գրելու կարիք էլ չլիներ, կողքդ կանգնած լինեի, ձեռքդ էլ բռնած, բայց ասում են անհարմար ա մի ձեռքով կրակելն ու պատերազմ մղելը։ Ռոմանտիկ չստացվեց։

Նույնիսկ կուզեի պատերազմի մեջ էլ արթնացած չլինեինք, ու առաջնագծում ձեռքդ բռնելու կարիք չլիներ։ Կարող էինք հիմա պառկած լինել ինչ֊որ անհարմար բազմոցի վրա, գլուխս դրած լինեի կրծքիդ, անչափ քնքշորեն կխաղայիր մազերիս հետ, ու իրար հետ մտովի ապագա կկառուցեինք։ Ֆոնին՝ Մանսուրյան։ Պայթյունների ձայնն արագ իրականություն ա վերադարձնում, չի թողնում ինչ֊որ բան ուզեմ…

Ինչևէ, գրում եմ քեզ թիկունքից։ Մեզ մոտ ամեն ինչ լավ ա, միայն թե տղեքն են զոհվում, ու առաջնագծից թիկունք են բերվում։ Այ, էդ ժամանակ, ամեն անգամ էդ ժամանակ բոլորս սևազգեստ ենք դառնում ու ծանոթ֊անծանոթ լաց ենք լինում մեր հերոսի համար։ Իսկ էդ ամեն անգամները ցավոք էնքան շատ են լինում։ Ուզում եմ մի բան խոստանաս. խոստացիր, որ ինքդ ես գալու, ու ինձ սիրուն կարմիր ծաղիկներ բերես։ Հոգնել եմ սևից։

Խոստացիր, որ ոչ մի գրողի տարած պատերազմ քո սիրուն միմիկաներն ու զգայական վիճակները չի խլի ինձնից։ Ժպտալու ես ու վառվռուն աչքերով ինձ ես նայելու, տխրելու ես ու էնպես նայես, որ հասկանամ՝ ուզում ես բղավել, խփել, բայց ընկերուհիդ եմ, չես կարող։ Նայելու ես ինձ անճարության աչքերով՝ չիմանալով էլ ոնց էդքան սերդ արտահայտես, էլ ոնց ավելի քոնը լինեմ։ Արի ու իմն էղիր։

Ուզում եմ խոստանաս, որ ամեն անգամ փամփուշտի առճակատվելով, մեր պլանավորած ապագան ես հիշելու՝ ես, խոհանոցում, կարտոֆիլը հաստ֊հաստ կճպելիս, դու՝ «գրողը տանի, էս աղջկա ձեռքից գոնե մի բան գալիս ա՞» դեմքով ինձ նայելիս, մեր շնիկը, որ շան պես խանդելու ա քեզ, երբ ինձ տիեզերքի բոլոր սերերի զորությամբ գրկես ու մոռանաս, որ կարտոֆիլ կճպել չգիտեմ։ Հիշելու ես ու չթողնես, որ փամփուշտները խանգարեն ինձ ու քեզ՝ աշխարհի ամենասիրուն սիրո պատմությունը գրել։

Թիկունքից եմ գրում, որ ասեմ՝ հավատում եմ քեզ, երազանքներիդ, նպատակներիդ, գալուդ եմ հավատում։ Դու ես հավատս։

Թիկունքից եմ գրում՝ հույսով, որ մի օր էլի մեր նեղվելու ու անհանգստանալու պատճառները իմ կարճ հագնելն ու քո՝ 3 սրտիկի փոխարեն 2 սրտիկ էմոջի ուղարկելն են լինելու։

Թիկունքից գրում եմ քեզ, որ ասեմ՝ հաց կեր, որ անպայման հետ գաս ու նորմալ ուժ ունենաս՝ ինձ գրկելու ու գժի պես պտտելու։

Թիկունքից եմ քեզ գրում ու հրամայում, որ երբեք էդ անիծյալ ցուցակում չտեսնեմ անունդ։ Ինքս ինձ հայհոյում եմ ու անիծում՝ քեզ էնտեղ որոնելու համար ամեն անգամ, երբ դու չես զանգում ու ասես էդ պահին աշխարհի ամենալիրիկական երաժշտություն թվացող ձայնդ չեմ լսում։ Զանգիր ու ապրեցրու ինձ։

Թիկունքից եմ գրում ու խոնարհվելով շնորհակալություն հայտնում, որ պահում ես թիկունքը, որտեղից գրում եմ քեզ ու իմ ամբողջ սերը, կարոտը, ուժը, էներգիան, քիմիան, ամենն ուղղում ստույգ ու միայն քեզ, հենց ՔԵԶ։

Թիկունքից գրում եմ, որ ասեմ՝ թեկուզ 9 մոլորակ, 9 կյանք ու 9 պատերազմ էնկողմ սիրելու եմ քեզ։ Ինձ 9 հաղթանակ ու 9 խաղաղություն նվիրիր…