iza Astsatryan

Թողե՛ք մանուկ մնամ…

Հունիսի մեկ, օր, որը լիովին կարող է փոխել քեզ, և կապ չունի, թե դու 3, 5, թե 16 տարեկան ես:

Հունիսի մեկին, առավոտյան արթնանում ես թե չէ, անկախ քո ցրվածությունից, կամ չգիտեմ, քո ցածր կամ բարձր տրամադրությունից, միանգամից հիշում ես այն, հիշում ես, որովհետև դա հենց քո տոնն է, հիշում ես, որովհետև կգա ժամանակ, և դու այլևս հնարավորություն չես ունենա այն նշելու, նշելու որպես քո տոն:

Եղել են տարիներ, որ հունիսի մեկը ուրիշ վայրում եմ նշել, իմ Հալիձորից հեռու, բայց գրեթե մեծ մասը, հենց Հալիձորում եմ անցկացրել, որովհետև մեկ այլ ուրախություն է տեսնել հենց քո բնակավայրի երեխաների ոգևորությունը, նրանց պատրաստակամությունը, նրանց աչքերի փայլը:

Գիտեք, մեկ այլ երջանկություն է, երբ հենց դու ես նրանց ոգևորության պատճառը, երբ դու ես մի քանի օր առաջ ընկերներիդ և կազմակերպչիդ հետ հավաքվել, մտածել, թե այս տարի ինչ հետաքրքիր բան կարելի է անել, հանուն մեր երեխաների, հանուն նրանց երջանկության և աչքերի փայլի:

Ըստ երեխաների մասին ՀՀ օրենքի՝ երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

Հոդվածը կարդալուց հետո սիրտս ճմլվում է, որովհետև ինչպես մնացած տարիներին, այս տարի ևս կնշեմ հունիսի մեկը, բայց վերջին անգամ: Ասեմ, որ մեծ ուրախությամբ և անմոռանալի եմ որոշել նշել: Եվ այո, անմոռանալին կլինի այն, որ այս տարի ավելի շատ ժպտացող դեմքեր կտեսնեմ:

Ինչքան էլ ասեմ, որ ուզում եմ հետ բերել մանկությունս, մեկ է, դա ինձ մոտ չի հաջողվի, չնայած իմ հրաշքներին հավատալու հանգամանքին:

Գիտե՞ք, ես ուզում եմ դպրոցն ավարտել, բայց չեմ կարծում, որ այն եզակի մարդկանցից եմ, որ շտապում է դպրոցն ավարտել, սակայն չի ուզում մեծանալ, ուզում է մանուկ մնալ:

Գիտեմ, դպրոցից դուրս, ինձ ավելի դժվար փորձություններ են սպասում, բայց…

Լավ, փորձեմ ձեզ հետ կիսվել: Գիտե՞ք , մեկ-մեկ ինձ ճնշված եմ զգում, այո, ճնշված եմ զգում, որովհետև չեմ կարող տեղավորվել մայրիկիս գրում… Չէ, իրականում կատակում եմ, բախտն ինձ ժպտացել է, իմ փոքրամարմին լինելն ինձ ահագին օգնում է:

Մի բան ևս հավելեմ, ես ինձ այնքան վատ եմ զգում, երբ որևէ խելառ բան եմ ուզում անել, բայց ինձ ասում են, որ ես արդեն փոքր չեմ և մեջբերում.

-Մեծ մարդ ես:

Այո, այս արտահայտությունը կարող ես լսել և՛ տանը, և՛ դպրոցում, և՛ ընկերական շրջապատում:

Ընկերներիցս մեկը՝ Դավիթը, լավ խոսք ունի, ասում է.

-Որ ինձ ասում եք մեծ մարդ, ես ինձ 98 տարեկան եմ զգում:

Իրականում միայն Դավիթը չէ այդպես կարծում, նաև ես, Գոհարը և մնացած ընկերներս:

Մեր ժամանակ մանկապարտեզը փակ էր, չգիտեմ վերանորոգում էին, թե ինչ, բայց մեր դասարանից ոչ մեկս մանկապարտեզ չգնացինք, բայց դա հոգ չէր, մենք հաճախ են հավաքում, կարուսել նստում, պաղպաղակ ուտում, երգում, պարում. լրացնելով մանկապարտեզի բացը:

Սիրելի երեխաներ, շնորհավոր բոլորիս հունիսի մեկը, վայելեք այն, որովհետև կգա ժամանակ և այդ հնարավորությունը չեք ունենա։ Վայելեք, որովհետև մանկությունը, մեր ամենա-ամենա գունավոր էջերն ունի, և կապ չունի, դու ծնվել ես 1990-ականներին, թե 2018 թվականին: Մի շտապեք մեծանալ, որովհետև մեծանալը մեր ապագան է, իսկ փոքր լինելը՝ անցյալն է, որը հետ չես կարող բերել: