Shushan nersisyan

Թող Սեր նկարի

Ու եթե համարձակությունդ մի քիչ չհերիքի, պարտվելու ես…

Մայթերում պատահական իրար հանդիպելու համարձակությունը ո՞րն է, դա պատահականություն է: Իսկ քո համարձակությունը դեռ միայն պատահականությունների է հերիքում, սիրուն պատահականությունների, բայց դրանք ընդամենը պատահականություններ են, գեղեցիկ, անհամարձակ պատահականություններ, քո սրտով, բայց քեզնից անկախ ստեղծված պատահականություններ, որոնք երկար չեն հերիքելու, քչություն են անելու ու մի օր վերջանալու են:

Եթե համարձակությունդ չհերիքի ամենաանսպասելի պահերին նրա ճանապարհին հայտնվելու համար, հետո այլևս նրան չես գտնելու, որովհետև մի ինչ-որ մեկը նրան վերցնելու է ճանապարհներից, որ քեզ նման անհամարձակները ամենաանսպասելի պահերին չհայտնվեն նրա ճանապարհին: Եթե համարձակությունդ չհերիքի խոստովանելու, որ հմայված ես իրենով, նրան տանուլ ես տալու առաջին պատահածին, որ քեզնից համարձակ կգտնվի կամ պարզապես կգտնվի: Եթե չհամարձակվես նրա սիրած ծաղիկներից անանուն փնջեր ուղարկել՝ հասկացնելով, որ դու ես, այդ քո փոխարեն ուրիշն է անելու, բացահայտ է անելու ու փշրելու է նրա ստեղծած սիրուն հեքիաթը: Եթե չհամարձակվես հայտնվելու նրանց բակում, նա այդպես էլ տնից դուրս գալու գեղեցիկ առիթներ ստեղծելու հնարավորություն չի ունենալու, հետո նրան բակերում էլ չես գտնելու: Ու եթե համարձակությունդ չհերիքի ինքդ քեզ խոստովանելու զգացածդ, հետո այլևս հարկավոր չի լինելու, որովհետև տանուլ ես տալու կյանքիդ ամենասիրուն պայքարը, իսկ հետո ունեցածդ հաղթանակներն արժեզրկվելու են: Պարտությունն էլ պիտի վաստակել կարողանաս, խեղճացնող պարտությունն առանց պայքարի տրված պարտությունն է, քեզ հազար տակ ծալծլում է, չի սիրում, երբ իրեն գրկաբաց են ընդունում: Իսկ նրա նմանները քեզ նման հանձնվողներին ատում են, հանձնողներին՝ ավելի շատ, հատկապես, երբ զգացածն են հանձնում: Մի՜ տրորիր երազանքները քո վախկոտության պատճառով…

Մի օր համարձակվիր համարը հավաքել ու զանգ թողնել հեռախոսին: Նա չի անջատելու, հաստատ, գուցե չխոսի, լռի, բայց պատասխանելու է: Մի օր նամակ գրիր, թղթի վրա շարիր մտքերդ՝ պարզ, հասարակ, շարիր առանց ձևի, բովանդակություն շարիր, նա փայփայելու է այն, հաստատ: Մի քանի անգամ առանց իմաց տալու ուղեկցիր նրան, որ փողոցում ոչ ոք չհամարձակվի մոտենալ, նա դա զգալու է, ցույց չի տալու, բայց զգալու է: Մի անգամ համարձակվիր ասել, որ ժպիտը շատ սիրուն է, աչքերը խորն են, որ անթարթ կարելի է նայել նրանց անհունին: Մի օր վրձիններ ու ներկեր նվիրիր, թող Սեր նկարի…

Ու եթե համարձակությունդ չհերիքեց էս ամենն անելու համար, պատահականությունները քեզ երկար չեն փրկելու, քո փոխարեն հաստատ մեկ ուրիշն է քո մտածածն ասելու, ու դու կորցնելու ես կյանքիդ ամենասիրուն հեքիաթն ու այն երբևէ չես կարդալու ու չես համակերպվելու վաստակածդ պարտության հետ ու քեզ չես ներելու, որ…

Որ նրան մտածածդ ասելու տղամարդկություն չունեցար, նրան առհասարակ ոչինչ ասելու տղամարդկություն չունեցար, որ երկրագնդի ամենասիրուն պայքարում հաղթելու տղամարդկություն չունեցար, որ համարձակությունդ մի քիչ չհերիքեց…