Թովմասյանները` մեծից փոքր

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Ինչպես շատ հայկական գյուղերում, Արզականում էլ քիչ չեն բաց դարպասներով դռները: Դրանցից մեկն էլ Թովմասյանների հյուրընկալ ընտանիքի տան դարպասն է: Թերևս միայն դարպասի մոտ կանգնելով էլ կարելի էր հասկանալ, որ Թովմասյանների ընտանիքում թե՛ մեծ, թե՛ փոքր աշխատասեր են: Դրա վառ ապացույցը կարող էին լինել անասունների համար նախապես դարսված խոտը, լավ մշակված այգին, ամենաաշխատասերների՝ մեղուների բզզոցով ուղեկցվող ժրաջան աշխատանքը, արևի տակ դրված չրերը, հավաքված ցախը ու էլի շատ բաներ, որոնք բնորոշ են գյուղական աշխատասեր ընտանիքին:

Մեր խումբը տեսնելուն պես կես զարմացած, կես վախեցած հայացքով այգուց դուրս է գալիս մի ճերմակահեր ծերունի: Վանիկ պապն է, նրանց ընտանիքի թագավորը: Պապիկը շարունակում է նույն հայացքով այս ու այն կողմ, ոտքից գլուխ չափելով մեր թիմի յուրաքանչյուր անդամի, միաժամանակ փորձելով հասկանալ, թե ինչի՞ պետք է ինչ-որ տեսախցիկներով մարդիկ գային իրենց տուն, եթե նրանք ոչ մի վատ բան չեն արել: Նույնիսկ ինձ մի պահ թվաց, թե պապիկը մտքում փորձում է հիշել, արդյո՞ք ինքը վատ բան չի արել: Արդեն պարզ էր, տան երիտասարդները պապիկին նախօրոք չէին հայտնել մեր այցի մասին: Դե, պապիկն էլ ինչ-որ անկեղծությամբ ու պարզությամբ, որ կարծես միայն մանուկներին ու ծերերին է բնորոշ, զրուցում էր մեզ հետ: Հետո տուն է հրավիրում. «Արեք, արեք էթանք տուն, էս իմ գերդաստանն ա, մեջների բեջուռա մարդը ես եմ»:
Հետևեցինք նրան: Հիշում եմ, թե ինչպես Վանիկ պապիկը ծանոթացավ պարոն Արայի հետ:
-Էսի՞ ա ձեր շեֆը,- հարցնում է մեզ:
-Հա, պապի ջան:
-Վայ, դու բարով ես եկել,-ասաց նա պարոն Արային:
-Բարև ձեզ, ո՞նց եք:
-Թովմասյանն ա ներկայանում, ձեր ազգանունը ո՞նց ա:
-Արա է իմ անունը, Բաղդասարյան:
- Պա՜հ, էլի ուժեղ ա: Էս ի՞նչ եք անըմ:
-Եկել ենք ձեզ հետ ծանոթանանք:
-Ոչ մի հանցագործություն չենք արել, եկել եք` նկարում եք:
Պարոն Արան ժպտում է, հետո առաջ ենք գնում դեպի տուն: Ամեն մեկն իր գործով է զբաղված: Տան ամենակրտսերը՝ Գագիկը, որ երկու ամսական էլ չկա, քնած է: Մարիամիկն ու Նազենին արդեն հասցրել են ծանոթանալ մեր թիմից մի քանիսի հետ, իսկ շիկահեր Մանեն, ով ինձ իմ մանկությունն է հիշեցնում, ամաչում է տնից դուրս գալ: Փոխարենը` լուսամուտից ժպտում է մեզ, շարունակելով ձեռքի փոքրիկ կտորով մաքրել փոշիները, որ երևի չկային էլ: Դռան մոտ նստած է տան թագուհին՝ Վանիկ պապիկի կինը: Վանիկ պապիկի թոռները նստած են բազմոցին, իսկ տղան դեռ դաշտից չի եկել: Դե, իսկ տան հարսները, հարսնություն են անում:
Աչքերս լցվում են, երբ լսում եմ աստիճանների վրա նստած փոքրիկ Նազենիի երգը. «Մամ ջան, չտխրես, շատ չմտածես, կռիվ ենք գնում ախպերս ու ես…»: Նազենին դեռ շարունակում է երգել:
Մի խոսքով՝ հայ ընտանիքի հրաշալի օրինակ՝ աշխատասեր, հյուրասեր, հայրենասեր: Թովմասյանների ընտանիքն ամենադրական բառերին է արժանի:
Կարող եմ հիշել ամենագեղեցիկ պահերը, պատմել ամենագեղեցիկ ձևով, բայց, չէ, ուղղակի սպասեք ֆիլմին, իսկ իմ մտքում դեռ երկար փոքրիկ Նազենիի ձայնն է մնալու. «…կռիվ ենք գնում ախպերս ու ես…»

Հասկանո՞ւմ եք. Ես սահմանամերձ գյուղից եմ…

Սերինե Հարությունյան

***

Իմ ընկերներին՝ պատանի թղթակիցներին, հետաքրքրում էր, թե մեզ մոտ՝ Կոտայքի մարզի Արզական գյուղում, կա՞ արդյոք բազմանդամ ընտանիք, և ինչպես են նրանք ապրում մեկ հարկի տակ: Մեր գյուղում՝ Արզականում, կա բազմանդամ ընտանիք: Նույն տանիքի տակ ապրում են Վանիկ պապը իր տիկնոջ՝ Բուրաստան տատի հետ, տղայի, հարսի՝ Նազիկի և Գագիկի հետ միասին: Նազիկը և Գագիկը իրենց հերթին ունեն 2 տղա: Տղաներն էլ հասցրել են ամուսնանալ: Աշոտը և Նարեն ունեն երկու աղջիկ՝ Մանեն և Նազենին: Իսկ Մհերը և Անին ունեն մեկ աղջիկ՝ Մարիամը, և մեկ տղա՝ Գագիկը, որը ընդամենը մի քանի ամսական է: Աղջիկները՝ Մանեն, Նազենին և Մարիամը, շատ գեղեցիկ երեխաներ են: Նրանք իրենց գեղեցկությամբ մեկը մյուսին լրացնում են: Նրանք շատ հոգատար են իրենց փոքրիկ եղբոր՝ Գագիկի նկատմամբ և որպես տան փոքրիկ՝ քույրերը նրան սիրում են քնքշորեն:

Էլադա Պետրոսյան