armine karapetyan

Թուղթ, գրիչ, մեկ էլ լամպի լույս

Հաճախ քիչ բան է պետք երջանիկ լինելու համար. թուղթ, գրիչ, մեկ էլ լամպի՝ մեկումեջ վիճակիդ քմծիծաղ տվող լույս, որ կարողանաս զգացածդ նրանց տալ ու սրտումդ կուտակվածը վերջիվերջո արտաբերել…

Հա՛, մեկ էլ բառեր, էնպիսի բառեր, որ կթեթևացնեն հոգուդ ծանրությունը ու կգեղեցկացնեն մաքուր թուղթդ, որ անզորությունից ու անորոշությունից անունդ չգրես-ջնջես կամ մի ամբողջ էջ ստորագրությունների տեղատարափի զոհ չդառնա…

Բոլորին չէ, որ սազում է գրիչի սենտիմենտալ տարուբերումներով լաբիրինթոս ստեղծելը: Մեր օրերում դրան տիրապետելը ընդամենը սեփական մտքի տկարությունը քողարկելու ամենահեշտ ձևն է…

Փիլիսոփայելը ու փուչ խոսքերը դարձել են ամենօրյա թեմաներ ու ինքնահաստատման, գիտելիքի չակերտավոր չափանիշներ: Հոգնել եմ…

Չի՛ կարելի ներկայանալ այնպիսին, ինչպիսին չես: Չի՛ կարելի զուր ջանքեր գործադրել՝ լինելու այնտեղ, որտեղ դու սպասված չես…

Ու եթե գրիչս վերցնեմ ու գրեմ շուրջը կատարվող ամեն ինչի մասին, յուրաքանչյուր երևույթի, մարդկայնության նուրբ արվեստին չտիրապետող մարդկանց մասին, ո՛չ թուղթս կհերիքի, ո՛չ թանաքս, ո՛չ էլ համբերությունս…

Տողերիս վերջում բազմակետեր դնելը սովորության նման մի բան է դարձել, որովհետև իմ ասելիքները միշտ էլ կիսատ են մնում, անելիքները՝ նույնպես…

Բայց ոչինչ, աշխարհն ինքնին բազմակետերից է, վաղ թե ուշ բոլորն էլ կհասցնեն ավարտել երբևէ չհամարձակվածը, չարածը…

Աշխարհի խորդուբորդություններին այդպես էլ չսովորած ու բութ դեմքերով դեռ շատերը կլինեն, որոնց մասին չուզես էլ կգրես, կներկես ճերմակ թղթիդ յուրաքանչյուր անկյուն՝ ոչինչ չասող կերպարների մասին գրելով…

Բայց, սիրելի՛ս, թղթերդ չպիտի փչացնես, չպիտի անմտորեն լրացնես բաց մնացած տեղերը, որ ժամանակին գրվելու արժանի համարված մարդկանց «ստորությունները» ավելացնել կարողանաս, չպիտի հոգիդ քայքայողներն ու ուղեղդ սղոցողները վնասեն առողջությունդ, եթե դրանց փոխարեն դու ունես շատ ավելի լավ ընտրություններ, նույնիսկ ոսկե միջին՝ Ինքդ…

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ քեզ մնում ես միայն դու, որ քեզ ոչ ոք այդքան հարազատ չէ, ինչքան դու… Հասկանում ես, որ  մարդիկ միշտ էլ ճարպկորեն թաքցնում են իրենց կեղտոտ դիմակները, որ բոլորի աչքին լավը երևան, որ զզվելու աստիճան քծնում են…

Ու այսքանից հետո քեզ մնում է միայն առանձնանալ ինքդ քեզ հետ, ինքդ քո դեմ ու բացել բոլոր անպատասխան հարցերի հանգույցները…

Պետք չէ զուր վնասել սեփական նյարդերը մարդկանց բթամտությունն ու կոպտությունը վերացնելու կամ գոնե քչացնելու համար, չարժի գիտակցորեն անցնել հիշողության քամոտ ծովով, քանզի քեզ համար արդեն նախասահմանված մի օրենք կա, որ պիտի մշտապես կրես ու ամբողջ ուժով պինդ պահես, որ կյանքիդ ուղեկիցը լինի, որ ժամերդ հավերժ ծիծաղեն, որ քո նոր կյանքի ջրերում արևը իր ջերմ ձեռքերը լվանա…