Թումանյանական օր Եղեգնաձորում

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Փետրվարի 19-ին, որը Հայաստանում նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր, Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում տեղի ունեցավ Եղեգնաձորի մշակույթի տանը, որին մասնակցում էին թիվ 2 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները:

Երեխաները կարդացին Թումանյանի հեքիաթները՝ «Անբան Հուռին», «Կացին Ախպերը», «Բարեկենդանը» և այլն:

«Ծիածան» մանկապարտեզի սաները նույնպես ներկա էին միջոցառմանը և ասմունքեցին Թումանյանի բանաստեղծություններից: Գրադարանավարները գրքեր նվիրեցին միջոցառմանը մասնակցող երեխաներին:

Մանկական միջոցառմանը հաջորդեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գրական գեղարվեստական ցերեկույթը, որի մասնակիցներն էին 8-երորդ դասարանի աշակերտուհիները:

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Բացման խոսքով հանդես եկավ գրադարանավարուհի Ջեմման.

-Այսօր մենք նշում ենք Հովհաննես Թումանյանի 150-ամյակը, և այսօրվա մեր բոլոր խոսքերը նվիրված են նրան: Այսօրվա միջոցառման ընթացքում մենք կանգ չենք առնելու, և չենք խոսելու Թումանյանի ստեղծագործությունների մասին, որովհետև Թումանյան գիտենք բոլորս, որովհետև բոլորս ենք կարդացել նրա ստեղծագործությունները՝ սկսած մանկապարտեզի երեխաներից, մինչև խորը ծերություն ապրող մարդիկ: Այսօր մենք խոսելու ենք մի մեծ մարդու, մի մեծ անհատի, նշանավոր քաղաքացու, նշանավոր հայրենասերի, 10 լավագույն երեխաների հայր՝ Հովհաննես Թումանյանի մասին: Մի բանաստեղծի, որի բերդը միշտ անառիկ է և կանգուն, ինչպես Թմկաբերդը:

Իսկ միջոցառման ավարտին իր սրտի խոսքն ասաց առաջին դպրոցի ուսուցչուհիներից մեկը:

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

-Ինձ թվաց, թե այսօր ես մի նոր դաս վարեցի, մտել եմ դասարան ու խոսում եմ Թումանյանի մասին, հուզվում և հուզում եմ երեխաներին: Եվ իմ խոսքերին լրացնելու եկան այսօրվա միջոցառմանը մասնակցող երեխաների խոսքերը: Փոխվում են ժամանակները, փոխվում են մարդիկ, իմաստուն բանաստեղծի քառյակները միշտ մնում են, նա այդ փիլիսոփայական մտքերը գրել է ժողովրդի համար, մեզ, մեր երեխաների համար, և հավերժանալու համար է գրել: Ուստի բոլորիս խորհուրդ է տրվում հոգու խորքում միշտ վառ պահել նրա հիշատակը: Եվ ես ցանկանում եմ մի խորհուրդ տալ․ այն ժամանակը, որ տրամադրում եք հեռախոսի կամ համակարգչի առաջ անցկացնելուն, այդ ժամանակը տրամադրեք ընթերցանությանը, որովհետև այն գրականությունը, խոսքի արվեստը, որին տիրապետելու եք դուք, որով քայլելու եք այս դժվար ճանապարհը, ձեզ պետք է գալու: