jemmapetrosyan

Թուփ հավաքելու ճանապարհին

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

-Բարև, տա՛տ։ Զանգե՞լ էիր:

-Հա։ Ասում եմ՝ պիտի հարսիկենց հետ գնանք թփի, կգա՞ս։

-Դե, չգիտեմ, պարապմունքի եմ ու չեմ հասցնում։

-Շուտ ենք գալու, արի՛, համ մի քիչ կցրվես, համ էլ կօգնես։

-Հըմ, հիմա հասկանում եմ՝ ինչի ես ուզում, որ գամ, տա՛տ ջան։

Համաձայնելով ու վստահ լինելով, որ ժամանակը արագ է անցնելու, գնացի նրանց հետ։

Հա, մոռացա նշել. գնալու էինք Արմավիրի մարզի Արևիկ գյուղը։ Ինչպես ասում էր տատս՝ դա իր քաղաքն է։ Հիմա կմտածեք՝ էդ ո՞նց գյուղը դարձավ քաղաք։ Ասեմ։ Տատս բազմիցս պատմել է, որ երիտասարդ ժամանակ թատրոն, կինո գնալիս ոչ թե գյուղից են դուրս եկել, այլ իրենց գյուղում գտնվող ակումբում են հավաքվել: Հաճախ դրսում վրան են խփել ու ողջ գիշեր ուրախացել։ Անցնեմ մեր թուփ հավաքելուն…

Դե, ինչպես գիտեք, ամեն հայ ընտանիքում, մանավանդ՝ գյուղական, ինչպես ասում են՝ իրենք են տեսնում իրենց գլխի ճարը: Այդ իսկ պատճառով ամռանը կամ աշնանը հավաքում ենք ձմռան համար նախատեսված պաշարը, որպեսզի ձմռանը կարողանանք օգտվել այն ամենից, ինչն ունեցել ենք ամռանը, ուղղակի՝ արդեն ոչ թարմ վիճակում։ Ամեն տարի մի 5 հոգով հավաքվում, գնում ենք տատիկիս հայրենի գյուղը, որը հարուստ է խաղողաշատ այգիներով: Երբ մտնում ես գյուղ, քեզ թվում է՝ մի անծայրածիր խաղողի այգի ես մտել։

-Տա՛տ, բա ինչքա՞ն ժամանակ է, որ էս գյուղում խաղողի այգիներ են մշակում։

-Դե, ինչ ծնվել-չեմ ծնվել՝ կար։ Մի վախտ, երբ քո տարիքին էի, էդ հարցը ինձ էլ էր հետաքրքրում: Մամայիցս հարցրի, ասեց, որ ինքը այստեղից չի եղել ու չի փորձել հետաքրքրվել։ Պապայից հարցրի, ասեց՝ ինչ հիշում եմ, կա։ Ես էլ որոշեցի պապիկիս հարցնել, չնայած՝ ջղային պապ ունեի: Ի վերջո, պապս ասաց, որ ժամանակին ծիրանենիներ, տանձենիներ, գիլասենիներ, և այլ մրգերի ծառեր էլ են ունեցել, ձմռան ցրտին ու մութ տարիներին բոլորը կտրել վառել են։ Ու քանի որ ամեն տարի ի վիճակի չեն եղել նորից սերմեր առնելու, տնկել են խաղողի մովեր (թփեր) ու խնամքով հետևել: Էդպես մեկը մյուսից սովորելով՝ կարողացել են բավականին մեծ ու լայնատարած այգիներ սարքել։

-Բա խաղողից բացի ուրիշ բան չէի՞ն կարում դնեն։

-Կարում էին, ոնց չէին կարում, ուղղակի՝ ասեցի չէ, եկամուտ ստանալու լավ տարբերակ էր: Ամեն տարի սերմի, սելափոնի ու նմանատիպ այլ բաների փոխարեն համապատասխան դեղեր գնելը, խաղողի վազերը բուժելը:

-Իսկ խաղողի հետ միասին ուրիշ բաներ էլ են, չէ՞ ցանում։

-Դե հա, ոնց չէ: Ամեն մարդ իրա տան համար ցանում ա ամեն ինչ էլ՝ իրա օրվա հացը վաստակելու համար, հո չի՞ գնալու հարևանից ուզի։ Դու չե՞ս տեսել, որ համ «շեմուշկա» են ցանում, համ վարունգ են դնում, համ էլ մի երկու առու «պամիդոր», բիբար, սոխ, ու ըտենց, էլի։

-Հա, բայց էդ երկու առվով ի՞նչ փող պիտի առնեն։

-Ա՛յ բալա, էդ հո ծախելու համար չեն դնում։ Դնում են, որ համ ուտելու բան ունենան, համ էլ կարողանան «զակատներ» (պահածոներ) փակել, որ ձմռանը իրենց երեխեքը կուշտ փորով ու հանգիստ քնեն:

-Բա դուք էն ժամանակ այդքան մեծ ընտանիքով ո՞նց եք ապրել (տատիկիս ընտանիքում բացի իրենից ևս ութ երեխա են եղել)։

-Է՜, բալա ջան,- նեղսրտեց տատս,- ո՞նց պիտի ապրեինք: Մերս ու հերս, Աստված հոգիները լուսավորի, կաշիներից դուրս գալով աշխատում, տանջվում, պահում էին մեզ: Մենք էլ ինչով կարում՝ օգնում էինք։ Ճիշտ է, շատվոր էինք, բայց խիղճներս հանգիստ, օրվա հացով ապրում էինք։

Տատիկիս տխուր հայացքը նկատելով՝ այլևս չշարունակեցի: Այս խոսակցությունից հետո չհասցրինք նկատել, թե ինչպես անցավ ժամանակը, թե ինչպես թուփ քաղեցինք, այդ անձրևոտ եղանակին հասանք տուն և, ի վերջո, թե ինչքան բան իմացա այդ գյուղի մասին: Երանի թե այս տարի էլի գնանք թփի, այս անգամ ոչ թե ինձ կհամոզեն գնալ, այլ ես կհամոզեմ, որ ինձ հետ գան թփի: