ellen mkrtchyan gyumri

Ժամանակի մոլորակ և ներկայոտ անցյալ

Քեզ մի պահ կթվա՝ նոր կյանք ես սկսել, բայց դեռ մեկ ոտքով քո հին մոլորակում ես։ Անդադար վազքի մեջ, դու փախչում ես քո մտքի բարձր ձայներից, որոնք իրենց երգերով խելագարության են հասցնում… Բայց մի պահ կանգ առ, տես, դու բաց թողեցիր ներկան, որը կրկին անցյալ կդառնա։

Ժամանակի մոլորակ. սլաքները անդադար պտտվում են և առաջ են սլանում, իսկ մենք տեղում վազքով ենք տարվել։ Փորձիր կամաց ոտքի կանգնել, հա, զգույշ, չգլորվես։ Կանգնեցի՞ր, ամո՞ւր, դե հիմա փորձիր մեկ քայլ առաջ գնալ և հասնել ապագայի մոլորակին։ Բայց նախ «ներկա» մոլորակիդ բոլոր աստղիկներին արթնացրու, որ երազանք պահես ու մի պահ կտրվես այս աներազ իրականությունից…

Մի պահ նայիր՝ ինչ գեղեցիկ կժպտան տխուր աստղիկները, մի պահ տես, թե ինչ համախմբված են և ինչպես են իրար պաշտպանում տիեզերքի քամիներից։ Աստղիկներին փորձիր սիրել, նրանք քո երազանքը կկատարեն…

Նոր ծաղիկներ ծաղկեցրու, որ իրենց քաղցրահամ բույրով լցնեն անհոտ ներկայիդ մոլորակը, որ բույրը թափանցի քո ոգի և այնտեղ նոր այգիներ ծաղկեցնի, միգուցե մի նոր գժություն, պայծառություն, որ քեզ մյուս ծաղիկներից կտարբերի։ Քո մոլորակի վրա մի գեղեցիկ Լուսին նկարիր և նրանում քեզ փնտրիր։ Մի օր կլոր է, մյուս օրը դառնում եռանկյուն… Երևի գտար քեզ՝ փոփոխական, տարօրինակ, բայց հավերժ մնայուն։ Ամենն էլ փոփոխական է՝ ձևեր, չափսեր, գույներ դեռ կտեսնես, բայց սովորիր քո գույներով ապրել, քո երանգը հորինիր, որ լցնի մոլորակդ չտեսնված գույներով։

Օրինակ՝ գիշերագույն։ Այս արագընթաց ժամանակի մոլորակի վրա գիշերը քեզ կլուսացնի իր փայլող աստղիկներով, իսկ դու աստղիկ դարձիր և լուսացրու շատերին։ Կամ էլ քեզ լուսացրու, որ մոլորակդ էլ քեզ պահի և մի նոր ծաղիկ դարձնի։