Ժամանակն է կարդալու

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ձմեռային արձակուրդները ևս մեկ շաբաթով երկարաձգվեցին: Համացանցում, սոցիալական ցանցերում ամենաշատ տարածվող լուրն այսօր նախարարի հրամանն է` արձակուրդը ևս մեկ շաբաթով երկարացնելու մասին: Եվս մեկ ազատ շաբաթ: Ինչո՞վ զբաղվել, երբ խորհուրդ չի տրվում վարակը տարածելու մտավախությունից այցելել փակ տարածքներ, դրսում էլ ցուրտ է: Խաղեր խաղալն ու սոցցանցերում զրուցելն էլ չափ ու սահման ունի, հոգնեցնում է: Միգուցե ժամանակն է գրքեր ընթերցելո՞ւ: Խոսե՞նք այս մասին:

***

Հեքլբերի Ֆիննը, Թոմ Սոյերը, Աթոսը, Մերի Փոփինսը, Շերլոկ Հոլմսը, ինչո՞ւ ոչ, նաև նրա ընկեր Ուոթսոնը…

…Ես այսպես անդադար կարող եմ ասել իմ հավանած գրքի հերոսներին: Կար ժամանակ, երբ շատ էի ուզում ծանոթանալ Հեքլբերի Ֆիննի հետ: Հետո ինձ  դուր եկավ Մերի Փոփինսը, և այդպես շարունակ: Իմ այդ ցուցակի մեջ է նաև Շերլոկ Հոլմսը: Շատ քիչ է պատահում, երբ ինձ մի հերոս այնպես  է դուր գալիս, որ ուզում եմ անպայման նրա հետ ծանոթանալ:

Հիմա Շերլոկ Հոլմսը գտնվում է այդ ցուցակի առաջին տեղում: Ես կարդացել եմ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» գիրքը կես տարի առաջ, բայց այնքան է տպավորվել, որ մինչև հիմա ուզում եմ նրա հետ ծանոթանալ: Ինձ հետաքրքիր է, թե երբևէ կկարողանա՞մ օգտագործել նրա մեթոդները: Իսկ ընդհանրապես, ես ուզում եմ իմանալ, թե ինչպիսի՞ տեսք ունի նա իրականում, արդյո՞ք նման է իմ պատկերացրած Շերլոկ Հոլմսին:

Այսքան մտածելուց հետո  ես պատկերացրեցի, թե մի օր  նրան տեսնեի, վերջիվերջո, ինչպե՞ս կծանոթանայինք:

Երևի Բեյքեր սթրիթում զբոսնելիս կլինեի և հանկարծ կտեսնեի Շերլոկ Հոլմսի տունը: Հոլմսին կտեսնեի իր տան դիմաց կանգնած՝ Ուոթսոնի հետ զրուցելիս:

-Լսիր Հո՛լմս, մեր վերջին գործն եմ գրում:

-Իրո՞ք,-կասեր Շերլոկ Հոլմսը,- դու այդպես էլ չհասկացար իմ մեթոդները: Դու գրում ես մեր գործերը, բայց ո՛չ խուզարկուի տեսանկյունից, դու չե՛ս մանրամասնում այն մասերը, որոնք պետք են:

Ես կգնայի Հոլմսի և Ութսոնի մոտ և կասեի.

-Ի դեպ, ես կարդացել եմ ձեր բացահայտած վերջին գործերի մասին, իսկապես շատ հետաքրքիր էին:

-Շնորհակալություն,- կասեր Ուոթսոնը,-դու երևի մեր նոր հաճախորդն ես:

-Ոչ Ուոթսո՛ն, դու կրկին սխալվում ես:

Նա իմ դեմ կօգտագործեր իր մեթոդները, և չեմ կարծում, թե մենք իրար հետ լեզու կգտնեինք, համենայն դեպս, ես կծանոթանայի Հոլմսի հետ:

Լիլիթ Վարդանյան, Երևան

***

Գիրք կարդալը նորաձեւ չէ՞

-Երեխեք հեչ ի՞նչ գրքեր եք կարդացել, ի՞նչ խորհուրդ կուդաք` կարդամ:

-Աաաա,, Լիլիթ ջան ինչ գիրք, հըմի ո՞վ գիրք կկարդա: Այ, օր խաղերից հարցնեիր` լիքը բան խորհուրդ կուդայի:
-Բայց գիրք կարդալու մեջ ի՞նչ վատ բան կա, օր չեք սիրե, ինտելեկտ կզարգացնե:
-Էդ ինտելեկտը մենք հեռախոսով էլ կռնանք զարգացնենք, ինտեռնետի մեջ ավելի հետաքրքիր բաներ կան: Ֆեյսբուք-մեյսբուք կմտնինք, օրերներս ավելի լավ կանցնի, քան թե գիրք կարդալով`սաղ օրը մեռցնե՞նք: Ընկերներիս հեդ կխոսամ, խնդլու վիդեոներ կնայեմ: Ինչղ-օր հեդամնաց էղնիս:
-Հա, բայց ըդոնք քեզի օգուտ չեն տա, ընդհակառակը, վնաս է, ըդպես օրդ ավելի շուդ կմեռցնես, աչքերդ էլ կցավցնես:
-Կարևորն է, օր նորություններին միշտ տեղյակ եմ, սաղ օրը Քիմ Քարդաշյանի մասին կկարդամ, իրա աղջիկը մեր աչքի դեմը մեծըցավ:
-Դու ըդիկ նորությո՞ւն կհամարես:
-Հա, լավ, դե դու էլ, խաղեր էլ կխաղամ:
-Փաստորեն կոմպը սաղ օրը քու տրամադրությանդ տակ է, հա՞:
-Ընդհանրապես ես հեռախոսով եմ: Օր կոմպը վերցրի` հա, սաղ օրը մոտս կեղնի:
-Է~, լավ, դու անուղղելի ես: Ինտերնետով օրդ մեռցնելու փոխարեն գոնե հետս արի գրադարան` գիրք վերցնեմ կարդամ:
-Քելե, բայց պըտի սպասես` ես խաղս վերջացնեմ նոր:
-Լավ, ես մենակ կերթամ, պակա:
-Պակա:
Է~խ, Է~խ, Է~խ, ահա թե ինչ է անում համացանցը մարդկանց հետ, դարձնելով անտարբեր և անպատասխանատու: Իսկ մի՞թե գիրք կարդալիս այսպես կլիներ:

Լիլիթ Խառատյան, ք.Գյումրի

***

Շնորհակալ եմ, որ դու կաս

Կան գրքեր, որոնք մեզ ավելի հոգեհարազատ են և ավելի մեծ ազդեցություն են գործում: Ինձ համար այդ յուրօրինակ և տարբերվող գիրքը Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» գիրքն է: Իմ կարծիքով գիրքն այն մասին է, որ այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ:

Ցանկացած մարդ, ով մտնում է մեր կյանք, անպայման մի օր հեռանում է` լինի դա մեր ցանկությամբ, թե առանց դրա: Գիրքը սովորեցնում է, որ կյանքում ամեն ինչ չէ, որ մեր ցանկությամբ է լինում: Կյանքը հաճախ փոփոխություններ  է անում, ու հենց այդ փոփոխությունների ժամանակ էլ մենք կորցնում ենք մեզ համար շատ կարևոր ու թանկ մարդկանց: Գրքի գլխավոր հերոսներից մեկը  վերջին դրվագում ասում է.

«Մենք շատ ավելի երջանիկ էինք, երբ չունեինք նույնիսկ տուն, իսկ հիմա ամբողջովին դատարկ եմ զգում»: Ու նաև` որ երջանկությունն այն է, երբ գիշերը պառկում ես քնելու, և գիտակցում, որ դու ինչ-որ մեկին պետք ես և, որ ինչ-որ մեկը Աստծուց շնորհակալ է, որ դու կաս:

Սեդա Սամվելյան, ք.Եղեգնաձոր

***

Ռոբինզոն Կրուզոն

Ասում են, երբ ընկերություն ենք անում, սկսում ենք նմանվել միմյանց: Ես կուզեի, որ իմ ընկերը լիներ Դանիել Դեֆոյի հերոս՝ Ռոբինզոն Կրուզոն: Նա հիանալի խորհրդատու կլիներ, երևի մենք իրար ավելի լավ կհասկանայինք, և ես կսովորեի նրանից, թե ինչպես ճիշտ ապրել: Նա մենակ չէր լինի և, միգուցե, մենք կքննարկեինք ու կբացահայտեինք շատ ու շատ հետաքրքիր գաղտնիքներ: Այսօր բոլորիս էլ պետք է այնպիսի ընկեր, ում հետ հետաքրքիր կլինի, և կվայելես նրա հետ անցկացրած ամեն պահը:

Ահա, թե ինչու կցանկանայի ընկերանալ հենց Ռոբինզոն Կրուզոյի հետ:

Սուսաննա Միկոյան, ք.Երեւան

***

Տանիքում ապրող Կառլսոնը

Ես շատ գրքեր եմ կարդացել և հավանել հերոսներին, բայց ամենաշատը կուզենայի ընկերանալ Կառլսոնի հետ: Քանի որ, իսկը իմ ընկերն է: Ես միշտ երազել եմ թռչել, բայց որ չեմ կարող, ի՞նչ անեմ: Անգամ երբեմն թիթեռի թևեր եմ պատրաստում ու պատկերացնում, թե թիթեռ եմ: Նաև կուզենայի լինել իր տանը՝ տանիքում: Այնտեղից կտեսնեի, թե ինչ տներ են փոքրիկ-փոքրիկ դրված: Միշտ ցանկացել եմ լինել այնտեղ: Մենք միասին լավ ժամանակ կանցկացնեինք այդ փոքրիկ տնակում և միասին կխաղայինք իր սիրելի խաղը՝ «Վազվզել տանիքների վրայով»: Ճիշտ է, խաղալիս շատ էի ճչալու, բայց մեկ է՝ կցանկանայի իր հետ խաղալ: Մի խոսքով՝ կուզենայի ընկերանալ տանիքում ապրող Կառլսոնի հետ:

Բայց հիմա ամեն բան մի քիչ փոխվել է: Միշտ կիրակի օրերին տխուր եմ լինում, քանի որ պետք է նյութ գրեմ, որն էլ «դաժան» ձևով եմ գրում, որովհետև գիրք չեմ կարդում և լավ մտքեր չեմ ունենում: Ինչ էլ գրում եմ, ուսուցչուհի չլինելով էլ, հասկանում եմ, որ խառը-խշտիկ բան է, և թեմային համապատասխան չէ: Իսկ մնացած օրերին զբաղված եմ լինում դասերով և չեմ էլ հասցնում գոնե մտածել համառոտ մի պատմություն: Իսկ երբ գիրք էի կարդում, այնքան լավ մտքեր էին առաջանում: Ամեն անգամ, երբ նստում եմ, որ թեման գրեմ ու չեմ կարողանում, անընդհատ ուզում եմ ձգձգել ժամանակը, որ կարողանամ մտածել, բայց չեմ էլ մտածում: Անընդհատ ասում եմ` հիմա կգրեմ,  բայց 2 անգամ ասելուց հետո զգում եմ, որ այլևս չեմ կարող ձգձգել ժամանակը: Տան մեջ այս ու այն կողմ քայլելով՝ ժամանակս կորցնում եմ: Այդպես ման եմ գալիս մինչ երեկո: Մտքիս ինչ գալիս է, գրում եմ, բայց գիտեմ, որ լավը չի լինելու: Երանի բանաստեղծներին ու հեքիաթագիրներին, որ հեշտ գրում են հեքիաթը, բանաստեղծությունը, ոչ թե ինձ նման մինչ երեկո ման են գալիս: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել. երբ գիրք էի կարդում, այսքան չէի տառապում:

Անի Նալբանդյան, ք.Երևան 

***

Զբաղմունք չկա 

Ահա և դպրոցական արձակուրդները ևս մեկ շաբաթով երկարեցին: Եվս մեկ շաբաթ անելու բան չեմ ունենալու, ևս մեկ շաբաթ շարունակելու եմ քնել մինչեւ կեսօր, և ևս մեկ շաբաթ ժամանակիս մեծ մասը կտրամադրեմ համակարգչին: Մի կողմից լավ է, որովհետև կկարողանամ ավելի շատ նյութեր գրել ու ուղարկել Պատանի թղթակիցների ցանցին, սակայն դրանից զատ իրոք անելիք չեմ ունենալու: Ինչ ուզում է լինի, դպրոցում լավ է, ինչպես մեր բարբառով է հնչում. «Դպրոցի տեղը գզգացվի»: Անտանելի է, երբ անելու բան չեմ ունենում: Մեկ-մեկ նկարվելն է օգնում: Կգիտենաք սելֆին, բայց ինչքա՞ն, մինչև ե՞րբ: Ինչպես մայրիկս է ասում.
-Հերիք չէ՞, չհոգնա՞ր, օր ձեն չհանեմ, ժամերով կնկարվիս, չէ՞:
Կամ ինչպես հայրիկս է ասում.
-Էդ հեռախոսը էլ ձէռդ չտեսնիմ:
Հիմա կասեք` «անելու բան շատ կա, մտքին տեղ լինի»: Հա, չեմ հերքի, կան, բայց եթե այդ բանը սրտովս չէ, անելս չի՞ գալիս:

Օրինակ, գիրք կարդալ: Հիշում եմ, փոքր ժամանակ սիրում էի կարդալ, շատ գրքեր ունեմ, որոնք ծնողներս են գնել հատուկ իմ խնդրանքով: Հաճախ էի այցելում գրադարան, այնտեղից գրքեր վերցնում և կարդում: Մի խոսքով, երբ անելու բան չէի ունենում, իմ սիրած զբաղմունքով էի զբաղվում: Իսկ հիմա արդեն ուրիշ է: Մի կերպ հանձնարարված գրքերն եմ կարդում, ուր մնաց լրացուցիչ: Գիտակցում եմ, որ վատ է, բայց ինքս ինձ ստիպել վերադառնալ նախկին սովորությանս չի ստաացվում, այդ իսկ պատճառով հիմնականում զբաղմունք չեմ ունենում: Իսկ դպրոցում, թե դասերը, թե երեխաները այդ խնդրի լուծումն են դառնում:

Ասածս ինչ է, որ շատ եմ ուզում չեղյալ համարվի արձակուրդների երկարացման որոշումը, բայց թե շատ բան եմ ուզում: Դե լավ, պատրաստվեմ գալիք շաբաթվան: Շատ դժվար շաբաթ է սպասվում ինձ, որովհետեւ նախկինի պես բան չեմ ունենալու անելու: Աաա՜ մոռացա, հիմա կասեք` «բա դասե՞րդ», պատասխանեմ. հենց այսօր վերջացրել եմ բոլոր դասերս, մի բան էլ ավել:

Հռիփսիմե Բալոյան, ք.Գյումրի