Sona Tumanyan

Ժամանակ ունեմ

Երբ փոքր էի, երազում էի դառնալ մանկավարժ, ցանկանում էի գնալ հորաքրոջս հետքերով: Սիրում էի այդ մասնագիտությունը: Երբ 10 տարեկան էի, լեզվի և գրականության ուսուցչուհի էի խաղում եւ ուղագրություն էի սովորեցնում 8-ամյա քրոջս: Կազմում էի տեստեր, թելադրում նյութեր: Անգամ ժամանակ առ ժամանակ բարկանում, երբ չէր անում ասածներս: Բայց ես միշտ ներողամիտ էի գտնվում նրա հանդեպ: Փորձում էի անել այնպես, որ նա սիրի այդ առարկան, ոչ թե սովորի միայն գնահատականի համար: 

-Ուֆ, Սոն, ի՞նչ լեզու, ի՞նչ գրականություն, ես ավելի լավ ա` դասերս սովորեմ,- ասում էր քույրս:

Եվ այսպես ամեն օր: Իսկ երբ մեծացա, փորձեցի հետաքրքրվել այդ մասնագիտությամբ, հասկացա, որ միայն լեզվի և գրականության իմացությունը չէ, որ քեզ պետք է դարձնի մանկավարժ: Իմացա, որ պետք է հոգեբանորեն մոտենաս երեխային, մտնես նրա դրության մեջ: Բայց օր-օրի հիասթափվում էի այդ մասնագիտությունից, պատճառն այն էր, որ փոխվում էին ուսուցչուհիները: Դեռ չէի հասցնում սովորել մեկին, գալիս էր մյուսը` նոր մոտեցումներով, նոր պահանջներով…

Հիմա արդեն 14 տարեկան եմ, բայց դեռ ժամանակ ունեմ ընտրելու նոր և ինձ համար ավելի հոգեհարազատ մասնագիտություն, դե ինչպես մեր մեծերն են ասում` ժամանակը ցույց կտա: