«Ժամկետային զինծառայողները երբեք ետ չեն նայում, այլ միայն առաջ»․ մայոր Տիգրան Վարդանյան

Մայոր Տիգրան Վարդանի Վարդանյանը ծնվել է 1991 թվականին Երևանում՝ զինվորականի ընտանիքում։ 2007-2011թթ․ սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Ընդամենը 29 տարեկան հասակում հասցրել է մասնակցել երկու պատերազմի։

Նախքան պատերազմը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, իսկ պատերազմից հետո նաև «Արիության» մեդալով։

Մայոր Վարդանյանի հետ զրուցել ենք զինվորականի մասնագիտության,  դրա դժվարությունների ու պատերազմի մասին։

- Այն, որ Դուք ծնվել եք զինվորականի ընտանիքում, արդեն իսկ շատ բան է ասում Ձեր մասնագիտության ընտրության մասին։ Գուցե եղե՞լ են այլ պատճառներ ևս։ 

- Ինձ համար գոյություն ունի մեկ առաքելություն և մեկ գաղափար՝ պաշտպանել հայրենիքը, և հենց սա է գլխավոր պատճառը։

- Երկար տարիներ աշխատում եք ռազմական ոլորտում։ Անկասկած եղել են խոչընըդոտներ և դժվարություններ։ Կարողացե՞լ եք հաղթահարել բոլոր խոչընդոտները։

- Կցանկանայի մի բան ուղղել, զինվորականը ոչ թե աշխատում է, այլ ծառայում է։

Բնականաբար զինվորականի կյանքում դժվարությունները շատ են, բայց պետք է հաղթահարել դրանք։ Ես վստահ կարող եմ ասել, որ հաղթահարել եմ ու շարունակում եմ հաղթահարել բոլոր դժվարությունները։

- Եղե՞լ է Ձեր կյանքում մի պահ, որ զղջաք մասնագիտության ընտրության համար, մտածեք, որ կարող էիք այլ մասնագիտություն ձեռք բերել։

- (Առանց հապաղելու պատասխանում է) Երբե՛ք, բացարձակապես երբեք։ Վաղ մանկությունից կրել եմ զինվորական համազգեստ, հայրիկիս ողջ ծառայության ընթացքում եղել եմ նրա կողքին և երբեք չեմ պատկերացրել ինձ այլ ոլորտում։ Ընտրել եմ հենց այս ուղին և երբեք չեմ զղջա։

- Ռազմական ոլորտը ամենապատասխանատու ոլորտներից մեկն է։ Ասում են՝ յուրաքանչյուր ոք, ով ընտրում է այդ ճանապարհը պետք է ունենա որոշ բնորոշ գծեր։ Ձեր կարծիքով որո՞նք են դրանք։

- Յուրաքանչյուրը, ով ընտրում է այդ ուղին, պետք է կարողանա լինել լավ հրամանատար, լավ ընկեր, լավ հոգեբան և մանկավարժ, որովհետև մենք՝ զինվորականներս, առնչվում ենք տարբեր ընտանիքներում ծնված ու դաստիարակված, տարբեր մտածելակերպ ու հոգեբանություն ունեցող մարդկանց հետ, և դա շատ դժվարին գործ է։ Պետք է յուրաքանչյուրի հետ լինել յուրովի։

- Պատմում են, որ պատերազմի ընթացքում ամենամարտունակը եղել են ժամկետային զինծառայողները։ Ի՞նչ կասեք, արդյո՞ք ճիշտ կարծիք է սա։

- Ժամկետային զինծառայողները շատ ավելի երիտասարդ են, տաքարյուն են, նրանք պատրաստ են ամեն ինչի։ Միգուցե ինձ հետ համաձայն չլինեն, բայց նրանք երբեք ետ չեն նայում, այլ միայն առաջ են նայում։

Իհարկե մարտունակություն ասվածը լայն հասկացողություն է։ Լավ չուսուցանվել, ճիշտ չկատարել տրված հանձնարարությունները և լինել մարտունակ, ուղղակի անհնար է։

Իսկ եթե նրանք ստանում են պատշաճ ուսուցում, ապա կարող են հասնել ամեն ինչի։

- Իսկ այժմ՝ պատերազմից հետո, ինչպիսի՞ հոգեվիճակում են ժամկետային զինծառայողները։

- Թե ինչ հոգեվիճակում է յուրաքանչյուր զինծառայող, կախված է նրանից, թե ինչի հետ է առնչվել նա պատերազմի ընթացքում։ Լինում են դեպքեր, երբ ընկերդ վիրավորվում կամ զոհվում է հենց քո կողքին, դրանք շատ ծանր ապրումներ են։ Հնարավոր է, որ մեկը նորմալ տանի այդ ամենը, սակայն մյուսի հոգեվիճակի վրա ունենա շատ ծանր ազդեցություն։ Մի փոքր բարդ է ասել, դա կախված է նաև զինվորի հոգեբանությունից։

- Ճակատում շարքային զինվորի համար անկասկած մեծ նշանակություն ունի իր հրամանատարը։ Ի՞նչ պետք է անի հրամանատարը, որպեսզի զինվորը չվախենա, չընկճվի և համարձակ շարունակի մարտը։

- Հրամանատարի դերն ու նշանակությունը չափազանց մեծ է։ Նա պետք է օրինակ ծառայի իր զինվորներին, ոգեշնչի նրանց։ Հրամանատարի  մեկ սխալը կարող է ճակատագրական լինել ողջ անձնակազմի համար, որովհետև զինվորը միշտ հետևում է իր հրամանատարին։

- Ո՞րն է ամենակարևոր խորհուրդը, որ տալիս եք ձեր զինվորներին ռազմի  դաշտում՝ մարտի մեկնելիս։

- Որպես այդպիսին չկա այնպիսի առանձնահատուկ խորհուրդ, որ հիմա կարող եմ նշել։ Դրանք ոչ թե խորհուրդներ են, այլ ոգեշնչող, դաստիարակչական, գաղափարական կոչեր, որոնց միջոցով բարձրացնում ենք անձնակազմի բարոյակամային հատկանիշները։ Իսկ ամենամեծ խորհուրդները մենք մինչև մարտը պետք է փոխանցենք զինվորին՝ մարտական պատրաստության դասընթացների ժամանակ։ Եթե զինվորը պատրաստ է մարտի, ուրեմն չկա այլևս ոչ մի խորհրդի կարիք։

- Յուրաքանչյուրս, թեկուզ ամենակարևոր իրավիճակում, սովորում ենք մի նոր բան։ Ի՞նչ սովորեցիք Դուք պատերազմի ընթացքում։ Ո՞րն էր պատերազմի տված ամենամեծ դասը։

- Պատերազմը մի մեծ դպրոց է, որը քեզ հնարավորություն է տալիս հասկանալ, թե ով է իսկական ընկերը, ինչքա՜ն թանկ է հայրենիքը։ Այն թույլ է տալիս ըմբռնել ծառայության ամենամեծ ձեռքբերումները, հրամանատարի նվիրվածությունը, քո սովորածի և սովորեցրածի կարևորությունը, արդյո՞ք այն հասել է իր նպատակին։ Կարճ ասած, պատերազմը շա՜տ բան է սովորեցնում և բառերով նկարագրել ուղղակի անհնար է։ Պետք է ինքդ տեսնես, ապրես, որպեսզի հասկանաս։

- Այդքան երիտասարդ հասակում արդեն մասնակցել եք երկու պատերազմի։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասին։

- Ներկա եմ եղել երկու պատերազմներին էլ։ Չնայած մեկը մյուսի հետ հնարավոր չէ համեմատել, բայց ամեն դեպքում պատերազմը մնում է պատերազմ։ Այդ ընթացքում դու կարող ես տեսնել, թե հայրենիքի և թե ընկերոջ կորուստը։ Այդ ցավն աննկարագրելի է։

- Կարո՞ղ եք հիշել որևէ հետաքրքիր դեպք, որ տեղի է ունեցել պատերազմի ընթացքում։

-Հակառակորդը ներթափանցել էր հարևան ստորաբաժանման դիրքեր, գրավել էր երկու կարևորագույն բարձունք։ Դա մեծ վտանգ էր ստեղծում մեզ համար։ Հակառակորդը հնարավորություն ուներ շրջափակման մեջ վերցնել մեր ստորաբաժանումները, և ես խնդիր ստացա իրականացնել դարանակալման աշխատանքներ։ Ես և իմ հետախուզական ստորաբաժանումը սկսեցինք իրականացնել խնդիրը։ Ընդամենը հանձնարարված էր պահել այդ հատվածը, որպեսզի հակառակորդը չշրջանցի։ Իմ զինվորներից մեկը՝ սերժանտ Հայկ Հակոբյանը, բարձացավ բարձունքը հետախուզման համար և այնտեղ հայտնաբերեց մի պայմանագրային զինծառայողի՝ մոտ 40 տարեկան, ծայրահեղ ծանր վիճակում։ Ոչ ոք չէր հավատում, որ նա կարող էր ապրել, սակայն եթե դիմացել էր մեկ օր, ապա հնարավոր էր փրկել։ Օգնություն կանչեցինք, շտապ օգնության մեքենան տեղափոխեց նրան։ Փառք Աստծո, հիմա ողջ է և առողջ։ Սա պատմության մի մասն է։

Շուտով Հայկը հայտնեց ինձ, որ շատ մոտ ենք հակառակորդին։ Անկեղծ ասած՝ սկզբում չհավատացի։ Մի պահ բոլորս լռեցինք, և լսվեց հակառակորդի խոսակցությունը։ Դիտարկման արդյունքում նկատեցինք թշնամու հետախուզական ստորաբաժանման զինվորներին։ Սկսեցինք փոխհրաձգություն վարել կարճ տարածության վրա։ Նույն պահին հրետանու կանչ տվեցի, և մեր հրետանին սկսեց կրակ վարել այդ երկու բարձունքների ուղղությամբ։ Այս ամենը ծրագրված չէր, բայց քանի որ իրավիճակը այդպիսի զարգացում ստացավ, որոշեցի առաջանալ և գրավել կորցրած բարձունքները։ Համոզվելով, որ տվյալ տարածքում այլևս հակառակորդ չկա, չորս զինծառայողների հետ շարժվեցինք առաջ՝ տեղում թողնելով գնդացրային խումբը։ Երբ հաղթահարեցինք բարձունքը, 10 մետր հեռավորության վրա նկատեցինք հակառակորդի ստորաբաժանման 10-15 զինծառայողի։ Բոլորս անակնկալի եկանք, բայց արագ կողմնորոշվեցինք, հատկապես, որ նրանք մեզ չէին նկատել։ Անմիջապես դիմահար կրակոցով խոցեցինք թշնամուն։ Հակառակորդի ստորաբաժանումը գլխովին ջախջախվեց։ Մենք ետ վերադարձրինք երկու կարևորագույն բարձունք։ Ցավոք այդ մարտական գործողությունների ընթացքում զոհվեց Հայկը՝ իմ լավագույն զինծառայողը։ Նա ընկավ քաջարի մահով և փառքով պսակեց իր անունը։ Որպես իսկական հերոս կուզեի առանձնացնել հենց նրան՝ սերժանտ Հայկ Արարատի Հակոբյան։ Նա դեռ մեծ բարձունքներ էր նվաճելու։ Ցավոք, զոհվեց և հերոսացավ։

Ամեն դեպքում սա ողջ պատերազմի ընթացքում ամենահիշարժան և ամենահերոսական դեպքն էր։ Փոքր ուժերով պայքարել այդքան մեծ ուժերի դեմ, այն էլ առանց նախօրոք ծրագրելու, կարելի է տեսնել միայն ֆիլմերում։ Ես այդ օրը դեռ շա՜տ երկար կհիշեմ։

- Դուք շարունակել եք ձեր հոր ուղին։ Ունեք որդի։ Կցանկանա՞ք, որ նա ևս շարունակի ձեր գործը։

- Յուրաքանչյուրը պետք է պաշտպանի իր հայրենիքը, սակայն դրա համար պարտադիր չէ լինել զինվորական։ Միգուցե իմ որդին այլ ոլորտում ավելի պիտանի լինի իր  հայրենիքին։ Բայց որպես հայր հոգու խորքում վստահ եմ, որ կշարունակի իմ ուղին։