emanina

Ժյուլ Վեռնի վաղեմի երազանքը, կամ` վաճառում եմ Հյուսիսային բևեռը

Գիտակ ընկերներիս հետ խոսում էի տարբեր բաներից, քննարկում տարբեր հարցեր, երբ հանկարծ խոսքը գնաց սրա մասին: «Մի բան, որը չի պատկանում ոչ ոքի, հավասարապես պատկանում է բոլորին»:

Օրինակ, երբ քայլես փողոցով ընկերոջդ հետ, և դուք գտնեք հազար դրամ, այդ գումարը չի պատկանի ոչ ոքի, նշանակում է այն հավասարապես կպատկանի բոլորին, անկախ նրանից, թե ով է առաջինը տեսել, կամ ով է առաջինը վերցրել: Եվ դուք ստիպված եք այն հավասարապես բաժանել ձեր մեջ, անկախ ամեն ինչից: Իսկ այ, եթե ընկերներից մեկը ամբողջը իրեն վերցնի, ապա նա, կարճ ասած, կմեղանչի ճշմարտության առջև:

Այս թեորիան առաջարկել է Ժյուլ Վեռնը, ուստի բոլորը, անկախ իրենց պատկանելությունից, մաշկի գույնից, սեռից և այլ հատկանիշներից, հնարավորություն ունեն մասնակցելու աճուրդին, որտեղ ես կվաճառեմ Հյուսիսային բևեռը:

Եվ մեծ հավանականություն կա, որ այնտեղ կգտնեք օգտակար հանածոներ, ինչպես օրինակ, այդ նույն աստիճանի տակ գտնվող երկրներում՝ ԱՄՆ-ում և Ռուսաստանում:
Իսկ այսօր ածուխը և նավթը արդեն գրեթե սպառման եզրին են, և ո՞ւմ համար գայթակղիչ չեն Հյուսիսային բևեռում եղած ածուխի և նավթի պաշարները:

Չնայած սկզբում պետք է այնպես անել, որ այնտեղի սառույցը հալվի: Ժյուլ Վեռնը նաև դա էր պլանավորել: Դիտարկելով այն հանգամանքը, որ օրինակ, երբ մարդը կրակում է նռնականետից, նռնակի թռիչքի ուժի փոխազդեցությունից կրակողը հետ է գնում: Ելնելով դրանից, նա մտածել էր կառուցել մի այդպիսի նռնականետ, որի կրակողը կլինի Երկիր մոլորակը և այն կրակելուց մոլորակը հետ կգնա և կշեղվի 37 աստիճանով, և Հյուսիսային բևեռը կհայտնվի արևին մոտ հատվածում, և սառույցները կհալչեն: Բացի այդ ամբողջ մոլորակի կլիման կլինի հաստատուն: Այսինքն, նրա մի գոտում միշտ կլինի ձմեռ, մեկում` ամառ, մեկում` աշուն, իսկ մյուսում էլ` գարուն և մարդիկ իրենց համար հարմարավետ գոտին կընտրեն ապրելու համար: Եվ այսպիսով… Չշեղվենք թեմայից:

-Ես միայն վաճառում եմ Հյուսիսային բևեռից ինձ բաժին ընկած 600սմ քառակուսին:

-Ես էլ եմ վաճառում իմ բաժինը, ամեն սանտիմետրը 500 դոլար:

-Ես էլ եմ վաճառում, իմ ընտանիքի անդամներից՝ մայրիկիս, հայրիկիս մեծ եղբորս ու իմ բաժինները, ամեն սանտիմետրն էլի նույն` քոնի գնով: 4×600×500=1 200 000 դոլար:

Ես միլիոնատեր կլինեմ:

Եվ այսպես նույն հաջողությամբ ես կարող եմ ասել, որ վաճառում եմ Անտարկտիդայի իմ բաժինը: Սակայն ինձ թվում է այն շուկայում պահանջված չէ, քանի որ ամբողջ տարածքը բացարձակ սառույց է: Իսկ գլոբալ տաքացումներից հետո Անտարկդիան կվերածվի ջրի:
Իսկ ջուրը կյանք է, չէ՞: Ոչ մեկը չի ցանկանա գնել այն: Սա է մեր կյանքի իրական պատկերը, որ ոչ ոք ձեռք չի բերի կյանքի համար անհրաժեշտ բաներ, ինչպես օրինակ, իմ անիրական խոսքերը, որոնք երևի բոլորին կթվան զուտ աներևակայական բաներ, սակայն ես հենց խոսում եմ դրանց բացարձակ իրական լինելու մասին:

«Կվաճառեմ Հյուսիսային բևեռի իմ բաժինը, մոտ 600 սանտիմետր քառակուսի»:

Հ.Գ. Գինը պայմանագրային