luiza sargsyan

Ժպիտների տոնահանդես

-Հե՜յ, արթնացի՛ր, մի՞թե մոռացել ես, թե այսօր ինչ օր է…

-Ինչպե՞ս կարող եմ մոռանալ, չէ՞ որ այս օրը մեր ամենասիրված ու սպասված օրերից մեկն է…

-Ուրեմն արագ վե՛ր կաց, ուր որ է տոնախմբությունը կսկսվի, իսկ մենք դեռ այնքա՜ն անելիք ունենք. պետք է պատրաստվենք…

-Լա՛վ, լա՛վ, դու գնա, ես հիմա կգամ…

Այդ օրը մոտավորապես այսպես էր սկսվում երեխաների առավոտը Գագարինում: Վաղ արթնանում էինք՝ արթնացնում նաև մյուսներին: Կարծում եմ՝ գուշակեցիք, թե որն է այս տագնապահարույց ուրախության պատճառը: Չէ՞ որ հենց այս տոնական օրվան ենք սպասել երկար ժամանակ… Այո՛, այսօր Հունիսի մեկն է՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Երեխաներն այդ օրը միշտ մի լա՜վ ուրախանալու հնարավորություն են ունենում… Իսկ հիմա ես ձեզ կպատմեմ, թե սովորաբար ինչպես է այդ օրը նշվում մեր Գագարինում…

Սկսեմ ամենասկզբից. նախ՝ թե՛ մեծ, թե՛ փոքր հավաքվում են մի վայրում՝ Մշակույթի տանը հարակից հրապարակում: Երեխաներն սկսում են շնորհավորել միմյանց, փորձում են  ուշագրավ ու հետաքրքիր մաղթանքներ ասել իրար, և սկսվում է ժպիտների տոնահանդեսը: Այդ օրվա ժպիտներն ասես մի տեսակ տարբերվող ու անկեղծ են: Եվ այդ շատ-շատ ժպիտներից ամառվա առաջին օրն ասես ավելի տաքուկ ու լուսավոր է դառնում, իսկ արևը՝ ծիծաղկոտ… Երաժշտություն է միանում, բոլորն սկսում են պարել ու երգել… Եվ վերջապես գալիս են մուլտհերոսները, նրանք իրենց հետ նվերներ են բերում, հատկապես՝ պաղպաղակ: Հունիսի մեկը միշտ հարուստ է լինում գույներով ու անհոգ երջանկությամբ:

Այս տարի Գագարինի մանկապարտեզի բակում գեղեցիկ խաղահրապարակ են կառուցել: Ես հաճախ եմ նկատել, թե երեխաներն ինչպես են կարոտով նայում ճոճանակներին ու կարուսելներին: Նրանց՝ միշտ այնքան ուրախ աչուկներն ասես մի քիչ մտահոգ են դարձել: Դա այնքան անսովոր է: Երանի այս իրավիճակը շուտ ավարտվի ու ամեն ինչ նորից իր սովորական հունի մեջ հայտնվի: Ես ուզում եմ, որ տարվա բոլոր օրերին երեխաների իրավունքները պաշտպանված լինեն: Աշխարհում չլինեն քաղցած ու որբ երեխաներ: Չէ՞ որ երեխան տեղով մեկ ամառ, արև ու ուրախություն է: Ու մեծերը պետք է անեն ամեն ինչ, որ փոքրիկները առողջ ու երջանիկ լինեն: Հուսով եմ, որ շուտով ես կքայլեմ Գագարինի փողոցներով ու ամեն կողմից կլսեմ մանկական զրգուն ծիծաղ, անհոգ շաղակրատանք ու երգ: Այս աշխարհը նաև երեխաների ժպիտներից է ջերմանում… Ես վստահ եմ, որ մենք եկող տարի կրկնակի շուքով կնշենք Հունիսի մեկը՝ նաև ա՛յս տարվա փոխարեն: Իսկ այժմ ես ի սրտե շնորհավորում եմ ամբողջ աշխարհի ու հատկապես՝ Գագարինի երեխաների հրաշք տոնը՝ Հունիսի մեկը, թող բոլոր երեխաների կյանքը շարունակվի որպես ժպիտների տոնահանդես: Հղում եմ այս տարվա ամենակարևո՛ր մաղթանքը՝ առո՛ղջ եղեք: