Ani avetisyan

Աղվերանի մեդիա ճամբար. Ժպիտով. ավարտ

Մի քիչ վերև, մի քիչ էլ: Լա՞վ է: Սկսեցի՜նք:

-Ի՞նչ տվեց մեզ մեդիա ճամբարը:

Թվել այդ ամենը այնքան էլ հեշտ չէ, ով եղել է` կհասկանա: Բայց չգրելը երևի կնշանակեր չգնահատել: Գուցե ո՞չ: Չգիտեմ:

Հուլիսի քսանութը շատերիս համար անմոռանալի օր դարձավ, տոն. oրացույցիս վրա կարմիրով եմ նշելու:

Գնացի՛նք….

Արդեն hետ ենք եկել: Բայց ոչ, մի տեսակ բոլորս դեռ միասին ենք` դահլիճում, ճաշարանում, պարասրահում, ամենուր:

Դեռ խոսում ենք, ծիծաղում: Անկե՛ղծ: Մեկ շաբաթ ոչ մեկիս դեմքին ոչ մի կեղծ բան չկար: Ամեն ինչ ի սրտե էր, լիաթոք: Անկեղծ էինք: Լինելու՛ ենք:

-Մենք վերջացրեցինք, բայց սա միայն սկիզբն է:

Վերջին օրը շատ լսեցինք այս խոսքերը: Բոլորս էլ սպասում ենք այդ նոր սկզբին, նորից իրար տեսնելու, ժպտալու, խնդալու: Դեռ կհանդիպենք: Հաստատ:

Դժվար է հավատալը, չէ՞: Քառասուն տարբեր մարդիկ, տարբեր երազանքներով ու նպատակներով, մեկ շաբաթում դարձան մի թիմ, ընտանիք: Բանա՜կ:

Եվ գիտե՞ք, թե դա ինչպես ստացվեց: Ո՞վ, չէ` ինչն էր «մեղավորը»: Ժպիտը: Ասում են, թե ժպիտը սկսվող ընկերության գրավականն է: Իսկ մենք ժպտում էինք բոլորին, ծանոթ- անծանոթ, մոտ ու հեռու: Ժպտում էինք, զգալով, որ նոր ընկերություն է ծնվելու: Խենթ ու անկեղծ  ընկերություն: Չսխալվեցինք: Եվ շատ ժամանակ էլ պետք չէր: Հասանք հյուրանոց ու հասկացանք, որ չենք ամաչում, չենք քաշվում: Ասես հազար տարվա ծանոթեր լինենք:

Մեկ, երկու, երեք….

Օրերն այնքան արագ անցան, որ չհասցրեցինք անգամ հաշվել: Պետք էլ չէր: Ֆոտոարշավ, ֆիլմեր, լրագրություն ու մոնտաժ: Որքան արագ սովորեցինք: Ավելի մտերմացանք: Միասին էինք ամենուր, անգամ հանգստի քիչ ժամերին: Մինչ ուշ երեկո, գիշեր: Խաղեր, կատակներ, լիքը- լիքը ջերմ ու գեղեցիկ զգացմունքներ, որ ծնվում էին ամեն ժպիտից, երբ աչքերդ կանգնում էին մեկ ուրիշի աչքերի առաջ: Հենց այդպես էլ ծնվում է ընկերությունը, օգնում էինք իրար և  այն անհաղթահարելի էր դառնում: Ու թվում է, թե ոչ միայն մարզերի, այլ նույնիսկ երկրների տարբերությունը մեզ բաժանել չի կարող: Այդպես է, երևի:

Չորս, հինգ, վեց…..

Զգում էինք, որ ավարտը մոտենում է, բայց մեզ դեռ ֆիլմեր էին սպասվում: Ու իրականացավ երազանքս` ֆիլմ նկարահանեցի, պատկերացնու՞մ եք: Ես չէի պատկերացնում: Դե,հիմա էլ պատկերացրեք, թե ինչպես էին փայլում աչքերս, երբ գովեստի խոսքեր էի լսում: Մինչև հիմա էլ փայլում են: Ասում են` ամեն ինչ էլ առաջին անգամ է լինում: Էլի եմ ուզում, շա՜տ: Երկրորդը, երրորդը, նորից ու նորից:

Դեռ շարունակւմ էինք գրել, նկարել, մոնտաժել ու իրար հետ փոխանակվել համարներով: Կզանգենք, կգրենք:

Եվ հենց այսպես` ժպիտով էլ ամեն բան մոտեցավ ավարտին, այնպես, ինչպես սկսվել էր: Բայց չէ որ ամեն մի վերջ ինչ-որ նոր բանի սկիզբ է: Սպասելու ենք:

-Կկարոտեմ: Արդեն կարոտում եմ, երեխե՜ք…